«Մտել ենք մի տոպրակի մեջ, ներսից կապել ենք և ասում ենք, որ մեզ ոչ մեկը չի օգնում». Լարիսա Ալավերդյան

«Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ գործադիր տնօրեն, ՀՀ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանի համոզմամբ՝ 2016թ. ապրիլի 2-ը ոչ թե դեպք էր, այլ նոր փուլի սկիզբ: Ադրբեջանի կողմից իրականացրած քաղաքականությունը շատ հստակ էր. անդադար տարբեր զինված գործողությունների միջոցով մարդկային կյանքեր թիրախավորելը և ինչ-որ ձևով տարածք վերցնելը՝ թեկուզ մեկ քառակուսի մետր:

Լարիսա Ալավերդյանի գնահատմամբ՝ ապրիլի 2-ին ժողովուրդը հաղթել է, իսկ իշխանությունը պարտություն է կրել: Ժողովուրդը կարողացել է դրսևորել ինքնակազմակերպման հզոր մի ներուժ: Ըստ նրա՝ աշխարհի տարբեր ԶԼՄ-ներում այս օրինակը բերվում էր՝ որպես դիմադրություն: Ապրիլի 2-ին չի արվել համապատասխան և համարժեք քայլեր, և սա փաստերով է ապացուցվում: Բանախոսն անդրադառնալով օրեր առաջ սահմանային լարվածությանը, որի ընթացքում ևս զոհեր եղան, նշեց, որ կատարվածը վկայում է, որ չգիտենք թշնամու հարձակվելու դեմ պաշտպանվելու ձևը:

Բանախոսը շեշտեց, որ Ադրբեջանն անգամ մեկ օր չի նահանջել իր հարձակողական և վերին աստիճանի սադրիչ բնույթ կրող ագրեսիվ քաղաքականությունից: Հետևաբար, ըստ նրա՝ Հայաստանը պետք է լինի նախաձեռնող՝ այն առումով, որ նոր ձևաչափեր, նոր բանաձևեր մշակի, և այս ամենն ի մի բերելով՝ առաջարկի հարցեր, որոնք պետք է դառնան որևէ մի կազմակաերպության քաղաքական օրակարգի հարցեր. ՄԱԿ, ԵԱՀԿ, Միջազգային խորհուրդ: Մինչ օրս չի արվել նման, ինչը նշանակում է, որ մեր պասիվությունն արդեն հավասարազոր է նահանջողականության:

«Միջազգային հանրությունում մենք որևէ հարց չենք բարձրացրել՝ որպես քաղաքական օրակարգի հարց: Նախաձեռնողականությունն ընդհանրապես զրոյական մակարդակի վրա է: Եթե դիվանագիտական կորպուսի կատարած գործողությունների արդյունքը 25 տարվա ընթացքում չի երևում, ուրեմն գործողություններն արդյունավետ չեն: Արդյունավետ նախաձեռնողականություն չկա»,- ասաց Լարիսա Ալավերդյանը:

Կարդացեք նաև

Նա Արցախյան հարցի կարգավորման ընթացքի ժամանակակից զարգացումները բնութագրում է՝ որպես հիբրիդային պատերազմ, որը, թեև անորոշ է, բայց իր մեջ շատ կարևոր բան է ընդգրկում: Բանախոսի խոսքով՝ սա ագրեսիվ ապատեղեկատվությունն է, որը նպատակ ունի թուլացնել, ժողովրդավարության մակարդակն իջեցնել, միաժամանակ ճնշում գործադրելով՝ խուճապի պահ ստեղծել:

Լարիսա Ալավերդյանի դիտարկմամբ՝ հիբրիդային պատերազմը ենթադրում է ավելի զարգացած տեխնոլոգիաներով գործել, քանի որ «միայն իմաստուն մտքեր արտահայտելով՝ բան չի ստացվի»:

Բայց, ըստ բանախոսի՝ հիբրիդային պատերազմի համար առիթ պետք չէ, պետք է հստակ ծրագիր ունենալ, «որ այսօր այստեղ կխփենք, վաղը՝ մյուս տեղը, և դա պետք է կրի սիստեմատիկ բնույթ: Իսկ Հայաստանի կողմն ամեն անգամ արձագանքում է ուղղակի պահի տակ, մենք չունենք համարժեք մշակված քաղաքականություն»: Լարիսա Ալավերդյանը շեշտեց, որ Հայաստանը չունի քաղաքականություն, որը ոչ միայն կդիմադրի, այլև կլինի նախահարձակ:

Լարիսա Ալավերդյանի կարծիքով՝ մենք մինչև անգամ չենք կարողանում նորմալ արձագանքել որոշ միջազգային կազմակերպություններին, և, եթե այսպես շարունակվի, կստացվի, որ մեզ ոչ թե ուղղակի շրջապատել են, այլ մենք ինքներս մեզ մեկուսացրել ենք. «Մտել ենք մի տոպրակի մեջ, ներսից կապել ենք և ասում ենք, որ մեզ ոչ մեկը չի օգնում: Եթե այնպիսի խոշոր խաղացողներ, ինչպիսիք են ԱՄՆ-ը կամ Ռուսաստանը, ղեկավարվում են զուտ ազգային շահերով, չեն հետևում միջազգային նորմին, ապա այս դեպքում Ադրբեջանի նման խաղացողը միշտ օգտվելու է վիճակից և ավելի ու ավելի շատ է դրսևորելու իր ագրեսիվ քաղաքականությունը»:

Լարիսա Ալավերդյանի տվյալներով՝ «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գերիների ցուցակն ամենամեծն է՝ ընդգրկում է և՛ զինվորներին, և՛ խաղաղ բնակչությանը: «957 գերի կա, այսքանն է եղել ամբողջ ընթացքում հավաքագրած տեղեկատվությունը: Սա գաղտնի չենք պահել, անընդհատ ճշտումներ են արվել՝ պարզելու, թե ո՞ւր են»: Ինչ վերաբերում է գերիներին թաքցնելուն, ապա բանախոսը նշեց, որ Հայաստանը նման խնդիր չունի, բացի այդ էլ՝ այսօր շատ բան հնարավոր էլ չէ թաքցնել:

Անի Թորոսյան

Տեսանյութեր

Լրահոս