«Ռուսաստանը պայմանագիր ունի Հայաստանի հետ, և յուրաքանչյուր հարձակում Հայաստանի վրա ուղղակիորեն վերաբերում է Ռուսաստանին»

Մեր զրուցակիցն է ՌԴ Արևելագիտության ինստիտուտի Կովկասի և Կենտրոնական Ասիայի աշխատանքային խմբի ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը

 – Պարոն Սկակով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հունիսի 10-ին ժամանել են Հայաստան, ապա կայցելեն նաև Ստեփանակերտ ու Բաքու։ ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ նրանք մտադիր են «հստակեցնել» հակամարտության գոտում իրավիճակը: Ի՞նչ է ակնարկում տիկին Զախարովան, և կոնկրետ ի՞նչ են նրանք հստակեցնելու։

– Ես կարծում եմ՝ Մինսկի խմբի օրակարգում այսօր ամենակարևոր հարցը ոչ թե Ղարաբաղյան հակամարտության լուծման խնդիրն է, այլ իրադրությունը հակամարտության գոտում և երաշխիքները, որ նոր սադրանքներ ու նոր ռազմական գործողություններ չեն լինի։ Այսինքն ՝ քննարկվելու է այս հնարավոր, պայմանականորեն ասած, «օպերացիան», քննարկվելու է կողմերի դիրքորոշումը, այսինքն՝ որ ՄԽ-ն ունենա միասնական դիրքորոշում:

Նաև քննարկվելու է հակամարտության կողմերի, մասնավորապես՝ Ադրբեջանի վրա ճնշումներ գործադրելու հարցը, քանի որ Ադրբեջանը նախ համաձայնեց դիտորդների թվի ավելացմանը, ապա հայտարարեց, թե համաձայն է նրանց միայն շատ փոքր թվին՝ 6-8 հոգի, ինչը, իհարկե, շատ քիչ է և բավարար չէ։

Ամենակարևորրը՝ համանախագահները կհստակեցնեն իրենց միասնական դիրքորոշումը, քանի որ, ինչպես գիտեք, ավելի վաղ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հատարարել էր, որ կան տարաձայնություններ, և խնդիրը ոչ թե այն է, որ համանախագահներից որևէ մեկը պատերազմ է ուզում, իսկ մյուսը՝ ոչ, բնականաբար, բոլորն էլ տարածաշրջանում խաղաղություն են ուզում՝ և՛ Ռուսաստանը, և՛ ԱՄՆ-ը, և՛ Եվրամիությունը, այլ հենց այդ օպերացիայի ձևաչափի խնդիրն է։

– Համանախագահների այցը տեղի է ունենում նրանց վերջին հայտարարության ֆոնին, որում առաջին անգամ հասցեական նշել էին, որ հրադադարն Ադրբեջանն է խախտել: Այնուհետև պաշտոնական Երևանը հայտարարեց, որ ժամանակն է անցնել նաև Ադրբեջանին պատասխանատվություն պարտադրելուն՝ հրադադարի խախտումների համար: Արդյո՞ք Երևանում «հստակեցվելու» է նաև այդ հարցը:

– Այո, ես կարծում եմ, որ բանակցային գործընթացի վերականգնման և ընդհանրապես ինչ-որ բանի մասին երկխոսելու պայմաններից մեկը հենց այն էր, որ ՄԽ հայտարարությունները լինեին հասցեական: Այսինքն՝ ոչ թե կողմերին կոչեր հնչեցնել՝ սադրանքների չենթարկվելու, ուժ չկիրառելու մասին, այլ՝ որ հասցեական ասվեր, թե ով է ուժ կիրառել և նախահարձակ եղել։

Այդ պատճառով տվյալ դեպքում ՄԽ-ն կազմակերպում է այն, ինչ պետք է վաղուց աներ և ինչ վաղուց էր խոստացել։ Իհարկե, դա դրական է  և, բնական է, որ, որպեսզի այդպիսի հայտարարությունները լինեն հստակ, հասցեական, հավաստի, որպեսզի դրանք հնարավոր չլինի վիճարկել, հարկավոր են դիտորդներ, այսինքն՝ հարկավոր է իրական վերահսկողություն առաջնագծում։

– Եթե Ադրբեջանը կրկին խախտի պայմանավորվածությունները և «անտեսի» համաձայնությունները, հնարավո՞ր է, որ նրա դեմ պատժամիջոցներ կիրառվեն։

– Կարծում եմ՝ պատժամիջոցների մասին դեռ վաղ է խոսել, պատժամիջոցները հնարավոր են միշտ, բայց խնդիրն այն է, թե ինչ պատճառ պետք է լինի դրանց համար։ Այստեղ խնդիրը Բաքվի վրա ճնշում գործադրելն է, և ճնշում գործադրելը բոլոր կողմերից։ Իսկ այսօր այդ ճնշումը թույլ է, պետք է այն ավելի ուժեղացնել։ Եվ հետո, օրինակ, Ռուսաստանի դիրքորոշումը, որ պետք է տարբերակի հրադադարի խախտման դեպքերը Ղարաբաղի և հարակից շրջանների սահմանագծին, և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին։

Ռուսաստանը պայմանագիր չունի Ղարաբաղի հետ, Ռուսաստանը չի ճանաչել ԼՂ անկախությունը, ինչպես և, անկեղծ ասած, Հայաստանը, բայց Ռուսաստանը պայմանագիր ունի Հայաստանի հետ, և յուրաքանչյուր հարձակում Հայաստանի վրա ուղղակիորեն վերաբերում է Ռուսաստանին։ Եվ այդ պատճառով նման հայտարարությունները պետք է լինեն հասցեական, հստակ, և տվյալ դեպքում ոչ միայն՝ ԵԱՀԿ ՄԽ կողմից, այլև՝ Մոսկվայի կողմից։

– Սակայն այս օրերին Ադրբեջանի կողմից ՀՀ Տավուշի մարզի Բաղանիս գյուղը գնդակոծելու փաստին դեռևս որևէ պաշտոնական արձագանք չի եղել: 

– Այո, բայց պետք է լինի։ Եվ դա կլինի՝ որպես Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու մի ձև։ Այսինքն՝ երբ լուրջ ճնշումներ լինեն, այդ ժամանակ Բաքվի դիրքորոշումը կփոխվի։

– ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարել է, որ համանախագահների այցից մեկ ակնկալիք ունի, որ նրանք վերջապես հասնեն նրան, որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները կյանքի կոչվեն։ Դա հնարավո՞ր է և ե՞րբ է հնարավոր։

– Դա կախված է միջնորդների միջև համաձայնությունից և նրանց կողմից Բաքվի վրա գործադրվող ճնշումների աստիճանից։

– Բայց արդեն շուրջ 1 տարի է անցել այդ համաձայնությունների ձեռքբերումից։

– Այո, և հենց դրանով էր պայմանավորված փետրվարին Լավրովի դժգոհությունը, որ նա արտահայտեց Մոսկվայում, որ դա արդեն, մեղմ ասած, շատ ձգձգվեց, և ասվեց, որ խնդիրը ոչ միայն Ադրբեջանն է, այլև միջնորդների միջև տարաձայնությունները։ Հենց դրան պետք է ձգտել, և այդ ժամանակ, ես կարծում եմ, որ բավականին արագ կհաջողվի այստեղ ինչ-որ բան անել։

Բնականաբար, Բաքուն չի ցանկանում շփման գծում ոչ մի վերահսկողություն և, իհարկե, ամեն ինչ անելու է, որ դա չլինի, բայց այդ հարցը պետք չէ ուղղել Բաքվին, այլ դրա հասցեատերը Մոսկվան է։

– Ապրիլին Մոսկվայում արտգործնախարարների եռակողմ հանդիպումից հետո Բաքուն հայտարարեց, թե տեսնում է «Տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևի իրականացման հեռանկար: Երևանը հերքեց նման բանաձևի որևէ քննարկում: Կարո՞ղ եք ասել, թե մասնավորապես ի՞նչ է եղել Մոսկվայում, և դրա հետ կապված ի՞նչ ակտուալ հարցեր կարող են ՄԽ համանախագահները քննարկել Երևանում։

– Մենք հաստատապես չգիտենք, թե ինչ է եղել Մոսկվայում, քանի որ այն, ինչ հայտարարվել է, բավականին մշուշոտ էր։ Եվ կարծես ճիշտ է, որ ինչ ասվում է քննարկումների ժամանակ, չի հրապարակվում, որովհետև շտապելու պատճառով կարող են բացասական հետևանքներ լինել։ Ես չեմ կարծում, որ «Տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևը, ընդ որում՝ խաղաղության դիմաց, ոչ թե ճանաչման, այսօր ակտուալ է։ Այդ տարածքները Ղարաբաղի անվտանգության երաշխիքն են, իսկ հանձնել այդ երաշխիքները միայն խաղաղության խոստման դիմաց, մեղմ ասած, խելամիտ չէ։

– Այո, առավել ևս կա հրադադարի մասին պայմանագիրը, որն Ադրբեջանը չի պահպանում։

– Այո։ Այսինքն՝ կարելի է խոսել Ղարաբաղի կողմից ինչ-որ փոխզիջումների մասին միայն այն դեպքում, եթե առաջին հերթին՝ Ղարաբաղը լինի բանակցությունների կողմ, ընդ որում՝ այդ հարցում Հայաստանն է մեղավոր, որ Ղարաբաղը դուրս է մնացել բանակցություններից, երկրորդ՝ երաշխիքներ ոչ թե խաղաղության, այլ Ղարաբաղի կարգավիճակի։ Միայն այդ դեպքում հնարավոր կլինի ինչ-որ քննարկում, այլապես տարածքներ տալ ոչնչի դիմաց՝ անիմաստ է։

– Համանախագահների այցին նախորդեց Միջազգային ճգնաժամային խմբի զեկույցը, որում նշվում էր, որ Արցախի գլխին ամպեր են կուտակվում, և լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը մեծացել է։

– Վտանգ, իհարկե, կա, բայց հիմա այն ավելի փոքր է, քան 1 տարի առաջ։

– Այսինքն՝ Ադրբեջանը չի՞ գնա ծայրահեղ քայլերի։

– Հիմա, կարծում եմ, ոչ, որովհետև նախ՝ Հայաստանին է փոխանցվել սպառազինություն, որը ցուցադրվեց, և բոլորը հասկանում են, թե դա ինչ է նշանակում։ Եվ երկրորդ՝ կարևոր գործոն է Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը, որն ավելի է մեծացնում խաղաղության հավանականությունը։ Ես այն տպավորությունն ունեմ, որ անցած տարի ապրիլին Թուրքիան, հնարավոր է, սադրում էր Ադրբեջանին՝ պատերազմ սկսելու, որպեզի հենց դրանով վնասի Ռուսաստանի շահերին։ Այժմ Թուրքիայի հետ մենք լուրջ խնդիրներ չունենք, նրանք զբաղված են այլ խնդիրներով, և դա դրական է այս տարածաշրջանի համար։ Դրա համար այս պահին պատերազմի սպառնալիքն ավելի փոքր է, քան 1 տարի առաջ։

Բայց այն միշտ մնում է, քանի որ նախ՝ Ադրբեջանը մշտապես ստուգում է միջազգային հանրությանը, թե իրեն ինչ կթույլատրեն, ինչ կանեն, եթե Բաքուն այս կամ այն քայլին դիմի, Լապշինի գործը, Թբիլիսիից ադրբեջանցի իրավապաշտպանի առևանգումը, սադրանքները, հրետակոծությունները, և այլն, դա ստուգում են՝ ինչն է կարելի, ինչը՝ ոչ։ Միաժամանակ Ադրբեջանում ծանր իրավիճակ է տնտեսության հետ կապված, և այդ պայմաններում պատերազմը գայթակղիչ է, քանի որ այն կարող է շեղել հանրության ուշադրությունը, ինչն արվեց ապրիլին։ Նման գայթակղություն միշտ կա։ Դրա համար լիովին բացառել փոքր պատերազմը չի կարելի։

 

Տեսանյութեր

Լրահոս