ՀԱՊԿ-ի երկրները համագործակցելու են ուղղաթիռների նորոգման կենտրոնների ցանցի ստեղծման ոլորտում
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) մասնակից երկրները «Միլեքս-2017» պաշտպանական ցուցահանդեսի շրջանակներում պայմանագիր են ստորագրել ռուսական արտադրության ուղղաթիռների նորոգման կենտրոնների ցանցի ստեղծման բնագավառում համագործակցելու վերաբերյալ: Այդ մասին ՏԱՍՍ-ին պատմել են «Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգի (մտնում է «Ռոստեխ»ի մեջ) մամուլի ծառայությունում:
«Բանակցությունների արդյունքում ՀԱՊԿ-ի անդամ պետությունների պաշտպանականարդյունաբերական համալիրների ձեռնարկությունների միջեւ շրջանակային պայմանագիր է ստորագրվել ՀԱՊԿ-ի մասնակից պետությունների տարածքում ռուսական արտադրության ուղղաթիռների վերանորոգման եւ տեխնիկական սպասարկման սերվիսային կենտրոնների ցանցի ստեղծման ու զարգացման բնագավառում համագործակցելու մասին»,-ասել են հոլդինգում:
Մամուլի ծառայությունում նշել են, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ձեւաչափով փոխգործակցությունը քննարկվել է ՀԱՊԿ-ի ռազմատնտեսական համագործակցության միջազգային հանձնաժողովին առընթեր գործարար խորհրդի նիստի շրջանակներում, որը տեղի է ունեցել մայիսի 20-22-ին Մինսկում անցկացված «Միլեքս-2017» ցուցահանդեսի ժամանակ: