Էխոսրտագրության հիմնադիր Ֆիլիպ Ջենթին դասընթացներ կանցկացնի Երևանում

ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հրավերով և աջակցությամբ Հայաստան է այցելել բարձրակարգ պրոֆեսոր, ԱՄՆ-ի Nashville, TN Inner Vision Womens Ultrasound հոսպիտալի ղեկավար  Ֆիլիպ Ջենթին, ով պրենատալ ախտորոշման ասպարեզում ակնառու գիտնականներից մեկն է աշխարհում: Նրա կողմից մշակված ֆետոմետրիկ սանդղակները տեղադրված են յուրաքանչյուր օգտագործվող ուլտրաձայնային սարքում: Նա պտղի էխոսրտագրությանը (էխոկարդիոգրաֆիային) նվիրված երկօրյա հեղինակային դասընթացներ կանցկացնի Երևանում: Առաջին դասընթացը մեկնարկեց մայիսի 20-ին:

«Այս դասընթացների նպատակը պտղի սրտի արատների վաղ ախտորոշման գործում հայաստանյան բժիշկների մասնագիտական հմտությունները կատարելագործելն է»,-  նշեց Մանկաբարձությունում և գինեկոլոգիայում ուլտրաձայնային ախտորոշման հայկական ասոցիացիայի նախագահ Կարինե Թոխունցը:

Նրա խոսքով` վերջին երկու տարիներին իրենց ասոցիացիայի գործունեության շնորհիվ բնածին արատներով նորածինների քանակը փոքրացել է:

«Պտղի սրտի արատները հաճախականությամբ երրորդն են: Հազար նորածինների իննից տասի մոտ սրտի արատ է հայտնաբերվում: Հայաստանում տարեկան 40-45 000 երեխա է ծնվում, ուստի 400-450-ը՝ բնածին սրտի արատով, ինչը առողջապահական յուրաքանչյուր համակարգի համար մեծ բեռ է: Բոլոր երկրներում է այդպես»,-ասաց Թոխունցը:

Կարդացեք նաև

Ֆիլիպ Ջենթին շեշտեց, որ դասընթացի ժամանակ խոսելու է պտղի էխոսրտագրության մասին, որը ուլտրաձայնային սարքի միջոցով հնարավորություն է տալիս հասկանալ՝ արդյոք պտուղը սրտի հետ կապված արատներ ունի, թե ոչ:

«Ես բավականաչափ տեղեկություններ չունեմ այն մասին, թե ինչպես է այդ ամենն արվում Հայաստանում, բայց հայաստանյան ընկերներս ինձ պարբերաբար համապատասխան պատկերներ են ուղարկում, ինչի հիման վրա կարող եմ ասել, որ ամեն բան լավ է»,-նշեց նա:

Ըստ պրոֆեսորի` եթե նախապես իմանում ենք, թե պտուղներից, որոնք խնդիրներ ունեն, նրանց ուղարկում ենք համապատասխան կենտրոններ, որտեղ նրանց ադեկվատ բժշկական օգնություն են ցուցաբերում:

Նա ընդգծեց, որ սիրում է իր գիտելիքները հաղորդել երիտասարդ բժիշկներին և իր ձեռքբերումն է համարում իր խոշորագույն վեբ-կայքի ստեղծումը, որի միջոցով անվճար  հսկայական տեղեկատվություն է  կիսում տարբեր բժիշկների հետ:

Ֆիլիպ Ջենթին պտղի Էխոսրտագրության հիմնադիրն է, մանկաբարձության ոլորտում ուլտրաձայնային հետազոտությանը նվիրված 34 դասագրքի և ավելի քան 154 հրապարակումների հեղինակ:

Նա պրենատալ ախտորոշման խոշորագույն ուսուցողական կայքի` «Fetus.net»-ի հիմնադիրն է: Կայքում տեղադրված են 20000-ից ավելի պատկերներ, 600-ից ավելի տեսահոլովակներ, 2700 հոդված, 216-ից ավելի հեղինակային դասընթացներ, 1000-ից ավելի դասախոսություններ:

Սրտի բնածին արատները (ՍԲԱ) զարգացման արատների մեջ զբաղեցնում են երրորդ տեղը կենտրոնական նյարդային (ԿՆՀ) և հենաշարժիչ համակարգերի արատներից հետո՝ զբաղեցնելով առաջին տեղը վաղ նորածնային շրջանում բնածին արատներից մահացության պատճառների շարքում: Յուրաքանչյուր տարի ծնված 1000 երեխայից 9-10-ն ունեն ՍԲԱ (0,9-1%), և այս թիվը աճելու հակում ունի, որը մասամբ բացատրվում է վերջին տասնամյակներում այս պաթոլոգիայի վաղ ախտորոշման էական հաջողություններով:

Ըստ գրականության տվյալների, ՍԲԱ-ով ծնված նորածինների բնական մահացությունն առաջին շաբաթվա ընթացքում կազմում է 14-22%, իսկ առաջին ամսվա ընթացքում 19-27%: Հայաստանում առկա մանկական սրտաբանության և սրտի վիրաբուժության արդի հնարավորությունները թույլ են տալիս ժամանակին կազմակերպված ախտորոշիչ և բուժական միջոցառումների օգնությամբ փրկել այս երեխաների կյանքը: Հայաստանում տարեկան միջին ծնելիությունը կազմում է 45 հազար երեխա, հետևաբար, ամեն տարի սրտի բնածին արատով ծնվում է 400-450 նորածին:

ՍԲԱ-ի 15-20%, անհրաժեշտ է ախտորոշել անմիջապես ծնվելուց հետո, քանի-որ նրանք կարող են լինել անաղմուկ, առանց արտահայտված կապտության և սխալմամբ գնահատվել որպես ռեսպիրատոր կամ ԿՆՀ խանգարումներ՝ դուրս մ նալով մանկական սրտաբանի հետազոտությունից: Դրանց առկայությունը առանց վիրաբուժական միջամտության անհամատեղելի է կյանքի հետ և հանգեցնում է հաճախ բնական մահացության կյանքի առաջին օրերի կամ շաբաթների ընթացքում:

Այլապես այս երեխաների մոտ զարգանում է անդարձելի թոքային հիպերտենզիա և հետագայում նրանց վիրաբուժական բուժումը դառնում է հակացուցված: Էխոսրտագրության զարգացումը հնարավորություն տվեց ներարգանդային կյանքում գնահատել պտղի սրտի անատոմիական կառուցվածքը և ախտորոշել հատկապես բարդ արատների մեծամասնությունը:

Սակայն ՀՀ ՍԲԱ-ի ախտորոշումը ներարգանդային շրջանում մնում է խիստ անբավարար, ինչը պայմանավորված է թե մասնագետների անբավարար հմտություններով և թե արդի սարքավորումների բացակայությամբ: Այսպիսով, պտղի էխոկարդիոգրաֆիային նվիրված դասընթացը միտում ունի նպաստել բժիշկները մասնագիտական հմտությունների և ՍԲԱ ախտորոշման բարելավմանը: Թիրախային լսարանը մա նկաբարձ-գինեկոլոգներն են, ՈՒԶ հետազոտության մասնագետները, մանկական սրտաբանները:

Տեսանյութեր

Լրահոս