Իրաքյան բանակը Մոսուլի վրա հարձակում է ծավալել հյուսիսից
Իրաքյան բանակը հյուսիսից հարձակում է սկսել Մոսուլ քաղաքի վրա, որտեղ շարունակում են դիմադրություն ցույց տալ «Իսլամական պետություն» կազմակերպության զինյալները: Այդ մասին հայտնել է Reuters-ը:
Հարվածը հասցնում են իրաքյան բանակի 9-րդ տանկային դիվիզիայի զորամասերը ոստիկանության հատուկ նշանակության ջոկատների աջակցությամբ:
«Առաջին իսկ ժամերին մեր զորքերը հարձակման բարձր տեմպ զարգացրեցին, իսլամիստների ճակատը ճեղքված է, նրանք նահանջում են»,-հայտարարել է բանակի պաշտոնական ներկայացուցիչ բրիգադի գեներալ Յախիյան Ռասուլը. հարձակվող զորքերի նպատակը Տիգրիս գետ դուրս գալն է եւ քաղաքի հյուսիսում զինյալների հաղորդակցություններն արգելափակելը: Օդից գործողությանն աջակցում է ԱՄՆ-ի
օդուժը:
Մոսուլի՝ ԻՊ-ի այսպես կոչված իրաքյան մայրաքաղաքի արեւմտյան հատվածի ազատագրման գործողությունն ընթանում է այս տարվա փետրվարից՝ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի օդուժի մասնակցությամբ: Մարտի վերջին Իրաքի ուժայինները որոշում ընդունեցին կասեցնել զանգվածային հարձակումը մեծ թվով զոհերի պատճառով, սակայն ապրիլի 14-ին քաղաքի կենտրոնի համար մարտերը վերսկսվեցին: Ապրիլի վերջին իրաքյան բանակը հայտարարեց, որ պլանավորում է Մոսուլը վերջնականապես ազատագրել մինչեւ հունիս: