Ի՞նչ մթերքներ են ներկրվում Հայաստան, և ինչպե՞ս խուսափել թունավորումներից, ինֆեկցիաներից. պարզաբանում են մասնագետները
«Զգուշությամբ պետք է վերաբերվենք Հայաստան ներկրվող ապրանքներին։ Բազմիցս ունեցել ենք Ադրբեջանից նռան ներկրում, որի ժամանակ նռան ծաղկային մասը փակել էին ինչ-որ թունանյութով՝ իբր կյանքը երկարացնելու համար։ Ստուգելուց հետո հայտնաբերեցինք թունանյութեր, դրա համար մենք պետք է շատ զգույշ լինենք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց «Հայաստանի սպառողների ազգային ակադեմիա» հ/կ-ի նախագահ Մելիտա Հակոբյանը՝ ընդգծելով, որ խախտումներ նաև Հայաստանում են լինում։
«Օրինակ՝ դեղերի հետ կապված, երբ արդեն դեղերի ժամկետն ավարտվում է ու նշանակում են հիվանդներին։ Տալիս են հատուկ կտրոն, ուղարկում են հատուկ դեղատուն և ասում ՝ վերցրու այս դեղը, այսինքն՝ տվյալ բժիշկը դրանից ինչ-որ տոկոս ունի»,- ասաց նա։
«Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի» փոխնախագահ, մոնիտորինգի բաժնի պետ Ռուբեն Հայթյանը ներկայացրեց ներկրվող և տեղական արտադրության ապրանքների ցանկը «Մեզ մոտ շուկայական տնտեսություն է, եթե սպառողները չգնեն այդ ապրանքը, ապա ներկրողը դրանք այլևս չի ներկրի։ Հացաբուլկեղենը 100%-ով տեղական արտադրության է, կաթնամթերքը 95%-ով տեղական արտադրության է, այս 5%-ը կազմում են յոգուրտն ու չոր կաթը։ Բայց շուկայում իրացվող հայկական կաթնամթերքի այս 95%-ից 40%-ը ներկրված ցածր որակի չոր կաթով է արտադրվում։ Ծխախոտի 45%-ը ներկրվում է այն դեպքում, երբ կարող էինք դրա փոխարեն՝ տեղական արտադրությանը զարկ տալ, որից և՛ գյուղացին կշահի, և՛ տեղական արտադրողը։
Մսամթերք արտադրող մոտ 3 տասնյակից ավելի ընկերություններից մեր ուսումնասիրած մեկ տասնյակը որակյալ մսամթերք են ներկրում։ Ներկրված գոմեշի մսից որոշ արտադրողներ ստանում են որակյալ երշիկ, իսկ անբարեխիղճ ընկերությունները չեն կարողանում համապատասխան մշակման ենթարկել տվյալ միսը։ Այնպես որ, ամեն ինչ կախված է միայն վերամշակման պրոցեսից»։
Ինչ վերաբերում է միրգ-բանջարեղենին՝ ապա նա նշեց, որ հիմնականում Հայաստան են ներկրվում էկզոտիկ մրգեր, լոլիկ, տանձ, խնձոր. «Լոլիկ արտադրելու հնարավորություն ունենք, բայց, ցավոք, 60-70%-ը ներկրվում է։ Մոտ 40% խնձոր է ներկրվում»։
Ասուլիսի մյուս բանախոսը՝ «Սպառողների ազգային ասոցիացիայի» գյուղդեպարտամենտի ղեկավար Լևոն Աճեմյանը նշեց, որ սպառողները պետք է իմանան՝ թուրքական լոլիկները եղել են կարմիր, մերը եղել է վարդագույն. «Նույնիսկ նրանց կարմիր սորտերը մեզ մոտ չեն կարմրում, և չի բացառվում, որ գունանյութեր էլ են օգտագործվում: Այդ պրեպարատը մեզ մոտ էլ կա՝ անլեգալ կերպով քիմիկատների խանութներում վաճառվում է, արտադրողների մեծ մասը գիտի դրա մասին և օգտագործում է: Ամբողջ ներկրված արտադրանքը պետք է վերահսկել: Մենք չունենք համապատասխան լաբորատորիաներ»։
Նրա խոսքով՝ Հայաստանում հայտնաբերված թուրքական լոլիկն ու ադրբեջանական խնձորն անօրինական ճանապարհով են ներկրվել Հայաստան, ինչը, ըստ նրա՝ նոր երևույթ չէ. «Մենք պետք է խթանենք հայրենական արտադրությունը։ Ինչո՞ւ են Թուրքիայից ներկրում, որովհետև այնտեղ աճեցման նորագույն տեխնոլոգիաներ են կիրառվում, իսկ մեր տեխնոլոգիաների 90%-ը հնացած է։ Կառավարությունը պետք է աջակցի, որ մեր արտադրողներն էլ ժամանակակից տեխնոլոգիաներ ներդնեն»։
Իսկ թունավորումներից, ինֆեկցիաներից խուսափելու համար նա խորհուրդ է տալիս մրգերն ու բանջարեղենն օգտագործել սեզոնին. «Օրինակ՝ հիմա խանութներում վաճառվում է ձմերուկ, որը միանշանակ խորհուրդ չի տրվում օգտագործել, նույնը՝ նաև լոլիկն ու վարունգը։ Դրանք տարբեր պրեպարատների միջամտությամբ են աճեցվում»։
Մելիտա Հակոբյանը նաև հայտարարեց, որ իրենց կազմակերպությունը Գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայությանն է ներկայացնելու առաջարկների փաթեթ, որով հնարավոր կլինի վերահսկել նմանատիպ դեպքերը, որպեսզի վտանգավոր մթերքները չհայտնվեն Հայաստանի սպառողների մոտ: