Վահրամ Բաղդասարյանը՝ Արտակ Սարգսյանի օգտին ձայներ հավաքելու ձայնագրության մասին
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է համացանցում տարածված ձայնագրությանը, որում «ՍԱՍ Գրուպ» ընկերության ներկայացուցիչը ընկերության աշխատակիցներին ստիպում է ձայներ հավաքել ՀՀԿ տարածքային ցուցակով պատգամավորության թեկնածու առաջադրված Արտակ Սարգսյանի համար:
«Ես չէի ցանկանա հիմա մեկնաբանել լրատվության նյութերը, ինձ պարզապես տեղեկացրել են այդ մասին, բայց ես չեմ հասցրել ուսումնասիրել: Սակայն ես կարծում եմ, որ կուսումնասիրվի՝ արդյոք պատգամավորության թեկնածուն տեղյա՞կ է եղել այդ ամենից: Ես կուսումնասիրեմ և ապագայում կխոսեմ այդ մասին»,- ասաց Բաղդասարյանը:
Հարցին՝ կարո՞ղ է այդ ձայնագրությունը հիմք հանդիսանալ, որ Արտակ Սարգսյանը վայր դնի մանդատը, Վահրամ Բաղդասարյանը կրկին պատասխանեց, որ այդ մասին կխոսի, երբ մանրամասն կուսումնասիրի նյութերը: «Ես չեմ ցանկանում առանց ուսումնասիրելու մեկնաբանություններ անել»,- նշեց նա:
Հարցին՝ ՀՀԿ-ում չե՞ն քննարկել այդ ձայնագրությունը, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարն ընդգծեց, որ առաջիկայում կուսակցությունը գործադիր մարմնի նիստ կունենա, որի ժամանակ, եթե լինի անհրաժեշտություն, այդ հարցը կքննարկի:
Վահրամ Բաղդասարյանի խոսքով՝ եթե նման դեպքերը լայնածավալ բնույթ են կրել, ապա դրանց հարկավոր է անդրադառնալ:
Ապրիլի 13-ին համացանցում տարածվել է 40 րոպե տևողությամբ ձայնագրություն, որում «ՍԱՍ Գրուպ» ընկերության ներկայացուցիչը աշխատակիցներին ստիպում է ձայներ հավաքել ՀՀԿ ռեյտինգային ցուցակով պատգամավորության թեկնածու առաջադրված Արտակ Սարգսյանի համար՝ սպառնալով աշխատանքից ազատել նրանց, ովքեր չեն զբաղվի Արտակ Սարգսյանի համար ձայներ հավաքելու գործով: