Ինչո՞ւ են աշակերտներն ածելիով վնասել իրենց. մանրամասներ. «Հայկական Ժամանակ»
«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի համար 127 ավագ դպրոցի բակում ապրիլի 10-ի առավոտյան արտակարգ դեպք է գրանցվել: Նույն դպրոցի 10-րդ եւ 11-րդ դասարաններում սովորող երկու աշակերտներ ածելիով վնասել են իրենց ձախ ձեռքերի նախաբազուկները:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության բաժնից հաստատեցին տեղեկությունը: Հավելեցին, որ ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժնում նշված դեպքով կատարվում է հետաքննություն, հանգամանքները պարզվում են:
Մեր ունեցած տեղեկություններով, պատանիները բացատրություն են տվել եւ ասել, որ դպրոցի կողմից տրամադրված գրքերի գումարը չվճարելու համար տնօրենը զայրացել է, ինչից ընկճված՝ դպրոցի բակում վնասել են իրենց: Բարեբախտաբար, խնդիրը լուրջ չի եղել: Նրանք ընդամենը քերծվածքներ են ստացել եւ հրաժարվել են հիվանդանոց տեղափոխվել: Տղաներն առաջին բուժօգնություն ստացել են ուսումնական հաստատության բուժկետում, ինչից հետո տուն են գնացել:
Միջադեպի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը: Իսկ ավելի ուշ մեզ հաջողվեց զրուցել համար 127 ավագ դպրոցի տնօրեն Նելսիկ Էլոյանի հետ:
-Պարոն Էլոյան, խնդրում եմ ներկայացրեք՝ ինչ է տեղի ունեցել:
– Տղան 2014 թվականին ավարտել է համար 136 դպրոցի 9-րդ դասարանը, երկու տարի դպրոց չի հաճախել, չի դիմել որեւէ կրթական հաստատություն՝ սովորելու համար: 2016 թվականի աշնանը հայրը բերում է ինձ մոտ, խնդրում է ընդունել դպրոց: Սահմանված կարգով ընդունել եմ 10-րդ դասարան, թեկուզ ինքը հիմա պիտի լիներ 12-րդ դասարանում: Ապահովել ենք դասագրքերով: Բնականաբար, դասագրքերը վարձավճարով են: Հայրը չի դիմել, թե սոցիալապես անապահով է եւ կարիք ունի զեղչման, որովհետեւ մենք տվյալ տարվա դասագրքերի վարձավճարի ընդհանուր հաշվարկային արժեքի տասը տոկոսի չափով զեղչ ենք անում: Առավել կարիքավորներին որոշում է մանկավարժական խորհուրդը: Այս տարի մենք 131 հազար դրամի զեղչեր ենք արել՝ ավելի քան 30 աշակերտի համար: Ապրիլի 7-ին՝ ուրբաթ, դասղեկը զգուշացնում է Վ…ին, որ ծնողին տեղեկացնի, որ տարին վերջանում է արդեն, հարկավոր է՝ ծնողը գա եւ վարձավճարը բերի:
– Նա պետք է սեպտեմբերի՞ն դա վճարած լիներ:
– Ինքը հոկտեմբերին է ընդունվել դպրոց, ուրեմն՝ հոկտեմբերի վերջին: Այս տարի պահանջվել էր, որ մինչեւ սեպտեմբերի վերջ վարձավճարները պիտի վճարված լինեն: Տղան ըմբոստանում է, դասղեկի հետ կոպիտ է խոսում: Ըստ երեւույթին, երկու տարի դպրոց չհաճախելը նրա վրա բավական բացասաբար է ազդել: Պարզվեց, որ (թաքցրել են ինձնից, ես չեմ իմացել), ծնողները ամուսնալուծված են, ապրում է հոր մոտ, հայրը, որպես կանոն, մարզերում է լինում, աշխատում է: Տղան, փաստորեն, առանց վերահսկողության է մնացած եղել ու դա ըստ երեւույթին ազդել է իր վրա, որովհետեւ երբ դպրոց ընդունվեց, կարիք կար շատ աշխատելու: Անուշիկ տղա է, գիտե՞ք, վատ երեխա չէ, ուղղակի վատ աշակերտ է:
Կարելի էր իրենից ինչ-որ բան ստանալ: Ես էլ աշխատաոճ ունեմ, որ նման երեխաների հետ շատ եմ աշխատում: Սովորաբար արդյունք ստանում եմ ու դա մեզ ուրախացնում է: Երեխան լավ չի պահում իրեն, դասղեկը բերում է ինձ մոտ: Լսում եմ պատմությունը, ասում եմ Վ…ն, երկուշաբթի կգաս ծնողիդ հետ: Երկուշաբթի առավոտյան մտնում եմ դպրոց, տղան՝ մուտքի մոտ փռված դռնապանի աթոռին, ձեռքերը գրպանում, ծամոնը բերանում, ոտքի էլ չի կանգնում:
Կանգնեցնում եմ, անմիջապես հարցնում եմ՝ Վ… ծնողդ ո՞ւր է: Պատասխանում է՝ չի գալու, աշխատում է, ես եկել եմ անձնական գործս վերցնեմ: Ասում եմ, որ դա իրավունք ունի օրենքով սահմանված կարգով վերցնել միայն ծնողը կամ նրան փոխարինող անձը: Շարունակում է վատ ձեւով խոսել եւ այլն, ասում եմ տղա ջան, դուրս արի, ծնողիդ հետ կգաս դպրոց: Սովորաբար նման դեպքերում ես ծնողին ուղիղ զանգում եմ, եւ որոշում ենք մնացած քայլերը: Այս պարագայում չէի կարող, որովհետեւ այն համարը, որը հայրը թողել էր, չէր պատասխանում, փոխվել էր: Դրանից մեկ ժամ հետո մեր դպրոցի տեսուչ ոստիկանը զանգում է, թե բուժկետ եկեք: Գնում տեսնում եմ թեւերը խազխզած: Ընդ որում՝ ոչ թե երակի կողմից, այլ դրսի: Պարզապես խազխզել են, արյուն են հանել:
– Իսկ 11-րդ դասարանցի աշակերտը, որը նույնպես վնասել է իրեն, ինչ կապ ունի այս ամենի հետ:
– Նա նույնիսկ այդ օրը դպրոց էլ չի մտել, եկել, փողոցում տեսել է ընկերոջը, ինչ են մտածել, ինչ են որոշել, չգիտեմ: Հետո ոստիկանությունում ասել է, թե սիրահարված է: Համենայնդեպս, դա վարձավճարի հետ կապ չունի: Նա համար 30 ավագ դպրոցում էր սովորում: Այնտեղ վատ է պահել իրեն, ծեծկռտուքներ է սարքել, տնօրենը առաջարկել է տեղափոխել աշակերտին՝ այն ակնկալիքով, որ գուցե միջավայրի փոփոխությունը տղայի վրա դրական ազդեցություն ունենա:
– Պարոն Էլոյան, իսկ որքան գումարի մասին է խոսքը, որ Վ…-ն պետք է վճարեր:
– 5 հազար 800 դրամ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: