Հայաստանի Կոմունիստական կուսակցությունն ամփոփեց քարոզարշավը
Հայաստանի Կոմունիստական կուսակցությունն ամփոփիչ միջոցառմամբ եզրափակեց Ազգային ժողովի առաջիկա ընտրությունների նախընտրական քարոզարշավը: Մարտի 30-ին տեղի ունեցավ ընտրություններին ընդառաջ կուսակցության քարոզարշավն ամփոփող միջոցառումը:
Միջոցառման ընթացքում ելույթ ունեցավ կուսակցության կողմից պատգամավորության թեկնածու առաջադրված Գագիկ Մանուկյանը, ով անդրադարձավ հայռուսական հարաբերություններին: Նրա խոսքով՝ 102-րդ ռուսական ռազմակայանը ու սահմանապահները դեռ խիստ անհրաժեշտություն են մեր երկրի համար։ «Խնդրում եմ ձեզ, առաջին հերթին հարցրեք բնակչությանը, արդյոք նրանք ցանկանո՞ւմ են, որ 102-րդ ռուսական ռազմակայանը դուրս բերվի երկրից»,- ասաց նա՝ հավելելով, որ հայռուսական հարաբերությունները շատ կարևոր նշանակություն ունեն Հայաստանի համար և պետք է դրանք ավելի խորացնել:
Կուսակցության կողմից առաջադրված թեկնածու Մարիամ Շահինյանն էլ ընդգծեց, որ քարոզարշավի ընթացքում երիտասարդների շրջանում կուսակցության համակիրների աճ է նկատել: Նրա խոսքով՝ հասարակությունը պետք է վստահի Հայաստանի Կոմկուսին՝ վստահ լինելով, որ այդ դեպքում ժողովուրդն ապրելու է սոցիալապես ապահովված երկրում:
Միավորված առաջադիմական կոմունիստական կուսակցության նախագահ Վազգեն Սաֆարյանը իր խոսքում նշեց, որ Հայաստանի Կոմունիստական կուսակցության նախընտրական ծրագրում արդյունաբերական քաղաքականության դրույթներն արժանացել են ժողովրդի հավանությանը: Նա հիշեցրեց, որ անհրաժեշտ է վերականգնել արդյունաբերության եւ արտաքին առեւտրի նախարարությունը: «Պետությունը պետք է բոլոր հնարավոր միջոցներով նպաստի տնտեսության զարգացմանը»,- նշեց Վազգեն Սաֆարյանը:
Կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Տաճատ Սարգսյանն էլ նշեց՝ եթե Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը մտնի խորհրդարան, ՀՀում 16-17 մլրդ դոլար ներդրումների ներգրավման հնարավորություն կստեղծի։ Նրա խոսքով՝ ի դեմս Կոմկուսի՝ հանրապետությունում ֆինանսական հեղափոխություն տեղի կունենա։
«Մենք ծրագիր ունենք, որտեղ ներառված են բոլոր ոլորտները։ Այս նախընտրական քարոզարշավը ցույց տվեց, որ Կոմկուսի շնորհիվ Հայաստանում ակտիվորեն ապրում է կոմունիստական գաղափարախոսությունը։ Քաղաքական դաշտում մենք չենք տեսնում ոչ մի ուժի, որը գոնե ինչոր մի աստիճան հնարավոր լիներ դնել Կոմկուսի գաղափարախոսության կողքին», – եզրափակեց Սարգսյանը: