«Հայկական կողմը որոշակի ուղերձ է փորձում հղել իր Եվրասիական գործընկերներին»
Վրաստանում այս տարի անցկացվող ՆԱՏՕ-ի զորավարժություններին առաջին անգամ կմասնակցի նաև Հայաստանը: Այս մասին նշված է Վրաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։
Զորավարժություններին, ըստ վրացական նախարարության՝ մասնակցելու են ՆԱՏՕ-ի անդամ և դաշինքի գործընկեր 11 երկրներ՝ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իսպանիան, Ռումինիան, Թուրքիան, Սլովենիան, Վրաստանը, Ադրբեջանը, Ուկրաինան և Հայաստանը: Noble Partner 2017 զորավարժություններն անցկացվելու են հուլիսի վերջին՝ Թբիլիսիից ոչ հեռու գտնվող Վազիանիի ռազմակայանում, «Գործընկերության մեջ է ուժը» խորագրի ներքո:
Վրաստանի պաշտպանության նախարարության համաձայն՝ զորավարժությունների նպատակն է՝ ամրապնդել ՆԱՏՕ-ի և գործընկեր երկրների համագործակցությունը, խորացնել տարածաշրջանային և բազմազգ գործընկերությունը, ինչպես նաև ուժեղացնել Վրաստանի պաշտպանունակությունը: Նշվում է, որ մասնակից երկրների ներկայացուցիչներն անցած շաբաթավերջին Վազիանիում անցկացված հանդիպմանը քննարկել են զորավարժությունների նախապատրաստման և պլանավորման հարցեր:
Noble Partner զորավարժությունները Վրաստանում անցկացվում են երրորդ անգամ: Առաջին անգամ՝ 2015թ., դրան մասնակցել են Վրաստանի և ԱՄՆ-ի զինծառայողները, 2016թ. զորավարժություններին միացել էր նաև Մեծ Բրիտանիան, օգտագործվել էին ամերիկյան սպառազինություններ՝ տանկեր ու հետևակային զրահամեքենաներ:
Ուշագրավ է, որ Մոսկվան քննադատել էր անցյալ տարվա զորավարժությունները: 2016թ. զորավարժությունների նախաշեմին ՌԴ արտաքին գործերի նախարարությունը դրանք որակել էր Հարավային Կովկասում իրադրության ապակայունացմանն ուղղված սադրանք: Այս անգամ Հայաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի զորավարժություններին ևս չի վրիպել մոսկովյան փորձագիտական հանրության ուշադրության կենտրոնից։ Մասնավորապես՝ ռուս ռազմական փորձագետ Իգոր Կորոտչենկոն առաջինն էր, ով «ռազմաքաղաքական սխալ» որակեց այս զորավարժություններին մասնակցելու՝ ՀՀ իշխանությունների որոշումը։
Նա փորձեց իր անդրադարձում Երևանին նույնիսկ հիշեցնել, որ որևէ երկիր չի աջակցելու Հայաստանին, բացի Ռուսաստանից։ Իսկ Կորոտչենկոյի խոսքով՝ ՆԱՏՕ-ի հետ «սիրախաղը» որևէ լավ բանի չի հանգեցնի։ Նա հույս է հայտնել նաև, որ Երևանի այս քայլը չի ազդի հայ-ռուսական հարաբերությունների վրա։ «Չէ՞ որ Հայաստանը նաև ՀԱՊԿ անդամ է, հենց այս ռազմական միությունն է աջակցության երաշխիքներ տրամադրում Հայաստանին, եթե նա դառնա ագրեսիայի թիրախ»,- ասել է նա։
«168 Ժամի» հետ զրույցում ռուս ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերը, նախ անդրադառնալով ՆԱՏՕ-Վրաստան համագործակցության ծավալների աճին՝ նշեց, որ ռազմական ոլորտում համագործակցությունն էապես աճեց Ռուսաստանին Ղրիմի միացումից հետո, որից հետո հատկապես փոխվեցին Վրաստանի անվտանգության վերաբերյալ ամերիկյան մոտեցումները. Արևմուտքը կարծում է, որ Վրաստանը, ինչպես Ուկրաինան, ռուսական ուղիղ սպառնալիքի տակ է, ուստի Վրաստանին լուրջ աջակցություն է անհրաժեշտ։ «Հենց դա էլ այսօր անում է ՆԱՏՕ-ն՝ փորձում է հնարավորինս ապահովել Վրաստանի անվտանգությունը, Վրաստանը ՆԱՏՕ-ի տարածաշրջանային կենտրոն դարձնելով և դրանում գործընկեր երկրներին ներառելով։
Այս ամենը, բնականաբար, կազմակերպվում է Վազիանիայում, ինչպես և դրանից տարիներ առաջ կանխատեսում էինք մենք՝ փորձագետներս։ Սրան էլ հաջորդում են Ռուսաստանի ջանքերը՝ ամրապնդել այն գոտիներում սեփական ռազմական ներկայությունը, որտեղ հնարավոր է, մասնավորապես, խոսքը Հարավային օկրուգի մասին է, այդ թվում՝ Հայաստանում ռուսական ռազմաբազաները, հայ-ռուսական միացյալ զորամիավորումը, որոնք, ի թիվս մի շարք այլ խնդիրների, ուղղված են ավելի պարզ, եթե խոսենք նաև ՆԱՏՕ-ի զսպման մեխանիզմների ամրապնդման մասին, քանի որ Հայաստանը սահմանակից է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային և անդամության ձգտող Վրաստանին»,- ասաց Ֆելգենգաուերը։
Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ի զորավարժություններին Հայաստանի մասնակցությանը և Մոսկվայի հնարավոր արձագանքին, ապա ռուս ռազմական փորձագետն ասաց, որ, բնականաբար, Հայաստանի իրավունքն է՝ որոշել՝ մասնակցե՞լ այդ զորավարժություններին, թե՞ ոչ։
«Չեմ կարծում, թե սա Մոսկվայի հետ քննարկված որոշում չէ, քանի որ ՀՀ Պաշտպանության նորանշանակ նախարարն իր նշանակումից անմիջապես հետո եղել է ինչպես՝ Մոսկվայում, այնպես էլ՝ Թբիլիսիում, բավականին հագեցած այցերով, Բրյուսելում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել էր ՆԱՏՕ-ի ղեկավարության հետ վերջերս, որից հետո եղել է նաև Ռուսաստանում։ Կարծում եմ, այդ այցերի ընթացքում էլ այս հարցերը քննարկվել և հստակեցվել են, չէ՞ որ այս այցերը միայն երկկողմ հարաբերությունների մասին չեն, թեև երրորդ երկրների հետ հարաբերությունները վերաբերում են նաև երկկողմ հարաբերություններին։ Չեմ կարծում` Երևանն անտեղյակ լինի, թե ինչպիսին կլինի Մոսկվայի արձագանքը: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ Մոսկվան այս անգամ ևս արձագանքելու է այս զորավարժություններին»,- նման տեսակետ հայտնեց Ֆելգենգաուերը։
Նրա խոսքով, եթե նույնիսկ այս որոշումը քննարկված չէ Մոսկվայի հետ, դրան արձագանքը դրամատիկ չի լինի, քանի որ հայ-ռուսական ռազմաքաղաքական հարաբերություններում վստահության ներկայիս մակարդակը բավականին բարձր է, Մոսկվան տեսնում է, որ Հայաստանը խորացնելով իր հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ փորձում է որոշակի կապեր պահպանել նաև Արևմուտքի՝ ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի հետ, ինչն ընդհանուր առմամբ համաձայնեցված է Մոսկվայի հետ, եթե ոչ «բարձրաձայն», ապա՝ «լուռ» կերպով։ Այսինքն, նրա համոզմամբ՝ Հայաստանն ունի Ռուսաստանի համաձայնությունը։
Սակայն, ըստ նրա, չի բացառվում նաև, որ այստեղ կա Երևանի քաղաքականությունը, որը բացարձակապես քննարկված չէ Մոսկվայի հետ, ըստ էության, ուղղված չէ Մոսկվային, այլ ՀԱՊԿ-ին և ՀԱՊԿ-ում Ռուսաստանի խնդիրներին։ «Հայաստանը մի շարք խնդիրներ ունի ՀԱՊԿ-ում, որոնք այսօր կապված են ինչպես՝ ՀԱՊԿ-ի քաղաքականության, այնպես էլ՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում ՀՀ թեկնածուի նշանակման հարցի ձգձգման հետ։
Գուցե սրանով հայկական կողմը որոշակի ուղերձ է փորձում հղել իր եվրասիական գործընկերներին, որոնք խախտում են ՀԱՊԿ-ի դրույթները։ Ռուսաստանը կարող է այս հարցերին միջամտել, բայց ռուս-ղազախական և ռուս-բելառուսական հարաբերություններն այսօր այնպիսի իրավիճակում չեն, որպեսզի Ռուսաստանը փորձի այս երկրներին Հայաստանի վերաբերյալ որոշումներ պարտադրել»,- ասաց Ֆելգենգաուերը։
Թբիլիսիի «Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի» ղեկավար, քաղաքագետ Կախա Գոգոլաշվիլին անդրադառնալով զորավարժություններին՝ ասաց, որ տարեցտարի Վրաստանն ու ՆԱՏՕ-ն ջանում են ընդլայնել զորավարժությունների աշխարհագրությունը։ «Ինձ համար դրական անակնկալ էր Հայաստանի մասնակցության լուրը, քանի որ վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանն է՛լ ավելի է խորացրել իր ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ։
Այս ֆոնին տպավորություն էր ստեղծվում, թե Հայաստանը չի կարողանալու շարունակել Արևմուտքի հետ նույնիսկ ամենափոքր համագործակցությունները հաջողել, ինչպիսին Ասոցացման համաձայնագիրն էր։ Եթե Հայաստանը խորացնում է Մոսկվայի հետ ռազմական հարաբերությունները՝ զուգահեռաբար համաձայնագիր նախաստորագրելով Բրյուսելի հետ, մասնակցելով ՆԱՏՕ-ի զորավարժության, նշանակում է՝ կարողացել է լեզու գտնել Մոսկվայի հետ և երաշխիքներ տալ, որ Հայաստանը չի անցնի կարմիր գիծը, քանի որ իսկապես տպավորություն է, որ Հայաստանը բավականին ազատ է գործում Արևմուտքի հետ:
Այնինչ մեզ հայտնի է, թե ինչպես է գործում պուտինյան քաղաքականությունը։ Կարծում եմ՝ Հայաստանը երաշխիքներ է տվել, որ Մոսկվայի համար անկանխատեսելի քայլեր չեն լինի։ Իր հերթին՝ Մոսկվան այսօր դժվար իրադրության մեջ է հայտնվել Արևմուտքի հետ՝ ամերիկյան նոր պատժամիջոցներ, նոր խնդիրներ, սիրիական, ուկրաինական հակամարտություններ, որտեղ ռուսական դիրքերը թուլացած են, և Ռուսաստանին ևս պետք է ցույց տալ որոշակի փոխըմբռնում Արևմուտքին»,- նման համոզմունք հայտնեց վրացի քաղաքագետը։