Եվրոպայի երկրների ղեկավարներն ուրախ են Հոլանդիայում ծայրահեղ աջերի կրած պարտության համար
Եվրոպայում ողջունել են Հոլանդիայի ընտրությունների արդյունքները, որոնցում համոզիչ հաղթանակ է տարել ներկայիս վարչապետ Մարկ Ռյուտեի՝ կառավարող Հանուն ազատության եւ դեմոկրատիայի ժողովրդական կուսակցությունը (VVD)՝ առաջ անցնելով Գերտ Վիլդերսի Ազատության կուսակցությունից (PVV), տեղեկացնում է BBC-ին:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը «ջերմորեն շնորհավորել է Մարկ Ռյուտեին՝ ծայրահեղականության նկատմամբ նրա տարած ակնհայտ հաղթանակի կապակցությամբ»,-ասված է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ:
«Նիդեռլանդնե՛ր, Նիդեռլանդնե՛ր, Դուք չեմպիոն եք… Շնորհավորում եմ ընտրությունների հիանալի արդյունքի կապակցությամբ»,-«Թվիթեր»-ում գրել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի աշխատակազմի ղեկավար Պետեր Ալտմայերը:
Ձայների ավելի քան 95 տոկոսի հաշվման արդյունքում VVDն շահել է խորհրդարանական 150 աթոռից 33-ը՝ ութով պակաս, նախորդ գումարման համեմատությամբ:
Գերտ Վիլդերսի ծայրահեղ աջ Ազատության կուսակցությունը, որին հաջողություն էին կանխագուշակում ներկայիս ընտրություններում, զբաղեցրել է երկրորդ տեղը՝ ստանալով 20 տեղ՝ հինգով ավելի, քան անցած անգամ:
Այս խորհրդարանական ընտրություններն աչքի են ընկել արտասովոր բարձր՝ ավելի քան 80 տոկոս մասնակցությամբ, որը ռեկորդային է վերջին 30 տարվա ընթացքում: Վերլուծաբանների խոսքով՝ դա կարող էր ձեռնտու լինել եվրոպամետ եւ լիբերալ կուսակցություններին:
Գործող վարչապետ Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ Հոլանդիան դեմ է քվեարկել «վնասակար պոպուլիզմին», որի մյուս դրսեւորումներն աշխարհում նա համարել է «բրեկզիթ»-ը եւ Դոնալդ Թրամփի հաղթանակն ԱՄՆի ընտրություններում:
«Մենք ցանկանում ենք շարունակել անվտանգության, կայունության եւ բարգավաճման ներկայիս քաղաքականությունը»,-ասել է Ռյուտեն:
Գերտ Վիլդերսը որոշ հիասթափություն է հայտնել քվեարկության արդյունքների կապակցությամբ, սակայն հայտարարել է, որ կուսակցության գրանցած արդյունքներով կարելի է հպարտանալ:
Նախընտրական արշավի ընթացքում Վիլդերսը խոստացելէր Հոլանդիան դուրս բերել Եվրամիությունից, փակել բոլոր մզկիթները եւ արգելել Ղուրանը:
Ազատության կուսակցության պարտության կապակցությամբ գոհունակություն Է հայտնել նաեւ Եվրախորհրդարանի նախկին ղեկավար Մարտին Շուլցը:
«Մենք պե՛տք է շարունակենք պայքարել հանուն բաց եւ ազատ Եվրոպայի»,-գրել է նա «Թվիթեր»-ում: