Երանոսյանի եղբայրը գնացել է, որ հանդարտեցնի, իրեն ծեծել են. Արմավիրի մարզպետ. «ՀԺ»
«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Արմավիրի ՀՀԿ-ական մարզպետը կարծում է, որ մարզի Ջրառատ գյուղում վերջին օրերին տեղի ունեցած բախումները հրահրել են «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ներկայացուցիչները: Ինչ վերաբերում է տեսակետին, որ գյուղը վերածվել է Սիցիլիայի՝ ՀՀԿ-ի Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահը համաձայն չէ:
– Պարոն Ղահրամանյան, ՀՀԿ-ն մշտապես խոսում է ազատ, արդար ընտրություններ անցկացնելու ցանկության մասին, սակայն վերջին օրերին Արմավիրի մարզի Ջրառատ գյուղը վերածվել է Սիցիլիայի: Ի՞նչ միջոցներ եք ձեռնարկվում, որ այս ամենը դադարեցվի:
– Իրենք (նկատի ունի «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ներկայացուցիչներին-խմբ.) սկսել են այդ վիճաբանությունը եւ դա վեր է ածվել ծեծկռտուքի: Դրա համար կան իրավապահ մարմիններ, որոնք աշխատում են, փորձում են պարզել՝ ովքեր են մեղավորները: Մեզ համար նշանակություն չունի՝ ովքեր են, եթե օրենք են խախտում՝ պարտադիր պետք է պատժվեն:
– Ինչպե՞ս եք վերաբերում այն տեսակետին, որ ձեր ղեկավարած մարզի գյուղերից մեկը Սիցիլիայի է վերածվել:
– Շատ սխալ գնահատական է, եւ ես այդ գնահատականի հետ համամիտ չեմ:
– Որեւէ քայլ ձեռնարկո՞ւմ եք, որպեսզի իրավիճակը հանդարտվի:
– Ամեն ինչին իրավապահները հետեւում են, իրավիճակին էլ տիրապետում են:
– Երանոսյանը իրավապահ մարմնի ներկայացուցիչ է, բայց դա չի խանգարել, որ նա գյուղում ծեծկռտուքի մասնակցի:
– Եթե Երանոսյանը իրավապահ մարմնի ներկայացուցիչ է, գյուղապետի տեղակալն արդեն ձերբակալված է, ավելի ճիշտ, ով արարք է կատարել՝ ձերբակալված է: Երանոսյանի եղբայրը գնացել է, որ հանդարտեցնի, իրեն վերցրել ծեծել են, դրա համար էլ իրավապահ մարմին կա, որը պարտավոր է ամբողջությամբ թափանցիկ քննություն իրականացնել եւ մեղավորներին պատժել:
– Փաստն այն է, որ գյուղապետը ՀՀԿ-ից է, Ջրառատ է գնում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը եւ ծեծկռտուք է տեղի ունենում:
– Ինչի՞ պիտի գնան, խուլիգանություն են կատարել, ես էլ բացատրում եմ, դրա համար օրենք գոյություն ունի, անկախ նրանից ՀՀԿ-ից է, թե այլ կուսակցությունից, արդար քննություն կիրականացվի եւ մեղավորները կպատժվեն:
– Կարողացե՞լ եք խոսել գյուղապետի հետ, լրագրողները չեն կարողանում նրան գտնել:
– Ձեզ չբացատրեցի՞ իրավիճակը: Արդար քննություն կիրականացվի, որեւէ խնդիր ես չեմ տեսնում:
– Գյուղապետի հետ խոսե՞լ եք: Ինչպե՞ս է նա բացատրում տեղի ունեցածը:
– Ես ձեր հարցին պատասխանում եմ: Դրա համար իրավապահ մարմին կա, իրավապահ մարմինները նրանից բացատրություն են վերցնում հիմա»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: