«Եթե Սերժ Սարգսյանի սցենարը խախտվի, կլինեն արտահերթ ընտրություններ». Զարուհի Փոստանջյան

ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանն առաջիկա ընտրություններում ներգրավված կլինի՝ որպես դիտորդ: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Փոստանջյանը, տվյալ պարագայում ընտրություն տեղի չի կարող ունենալ:

«Եթե ամեն ինչ գնա այնպես, ինչպես նախաձեռնել է պարոն Սարգսյանը, Ազգային ժողովի պատկերը կլինի նույնը, և մեր կյանքում փոփոխություններ ակնկալել պետք չի: Եթե սցենարը խախտվի, կլինեն արտահերթ ընտրություններ` սահմանադիր օրենքներով»,- ասաց Զ.Փոստանջյանը:

Ըստ նրա՝ սցենարի խախտումը գիտական հիմնավորում ունի, որ բռնապետական համակարգերը, եթե չեն ունենում տնտեսական հիմքեր, սկսում են քանդվել, իսկ այսօրվա ՀՀ արտաքին պարտքն այնպիսին է, որ քանդումն ակնհայտ է, նաև ՌԴ ճգնաժամն է ուղղակի ազդում մեր քաղաքական գործընթացների վրա:

«Հանրության սոցիալական ահավոր վիճակի մեջ գտնվելը նախադրյալ է արտահերթ ընտրությունների»,- ասաց Զ.Փոստանջյանը։

Նա նշեց, որ փորձագետների կողմից կատարվել է վերլուծություն, և անցած տարվա իրադարձություններից հետո` ապրիլյան պատերազմ, «Սասնա ծռեր», իրավիճակը նման է հրաբխի ժայթքելու, սառած վիճակում չէ. «Թե որ ժամկետում, կժայթքի, չգիտեմ, բայց, այո, հրաբուխն արդեն աշխատանքի մեջ է»:

Տեսանյութեր

Լրահոս