«Իշխանության ներկայացուցիչները պետք է առնվազն իրենք իրենց օրենքները պահպանեին»

Քարոզարշավը դեռևս չսկսված, Երևանում գովազդային մեծ վահանակների վրա հայտնված քարոզչական պաստառները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն Ընտրական օրենսգրքի խախտում չի համարում։ Նա հայտարարել է, թե փետրվարի 28-ից հետո, երբ ԿԸՀ-ն կուսակցությունների և դաշինքների միջև բաշխել էր 5 քմ-ն գերազանցող արտաքին գովազդային վահանակներում քարոզչական պաստառներ փակցնելու իրավունքը, գործընթացի մասնակիցներն ազատ էին օգտվել իրենց այդ իրավունքից: Այս և նախընտրական այլ գործընթացների շուրջ զրուցել ենք «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հ/կ-ի նախագահ Արտակ Կիրակոսյանի հետ։

 – Պարոն Կիրակոսյան, մայրաքաղաքի տարբեր վայրերում Կարեն Կարապետյանի, Վիգեն Սարգսյանի քարոզչական մեծ պաստառների հայտնվելը՝ նախքան քարոզարշավի մեկնարկը, խախտո՞ւմ է, թե ո՞չ։

– Այո, իհա՛րկե խախտում է, այդտեղ որևէ խոսք չի կարող լինել, որովհետև թե՛ ՀՀԿ-ի համարն է նշված, թե՛ կարգախոսը։ Իշխանության ներկայացուցիչները պետք է առնվազն իրենք իրենց օրենքները պահպանեին։

Բայց իրականում, եթե ավելի գլոբալ դիտարկենք, քարոզարշավի ժամկետը՝ 1 ամիս, աբսուրդ է, շատ քիչ է, որովհետև ՀՀ քաղաքացիները չեն հասցնում լավ ծանոթանալ ընտրարշավի մասնակիցներին։ Հատկապես՝ մեզ մոտ քաղաքական համակարգն այդքան զարգացած չէ, ըստ էության, բոլորովին վերջերս նոր դաշինքներ են ձևավորվել, և ժամանակը քիչ է նորմալ ձևով ներկայանալու համար։ Ես կարծում եմ՝ դժվարություններ կլինեն։ Նաև խնդիր է, որ մեր հեռուստատեսությունը մինչև քարոզարշավի պաշտոնական սկիզբը տեղ չի տալիս ընդդիմադիրներին, որպեսզի նրանք կարողանան իրենց հայացքները ներկայացնել։

Մնում է միայն քարոզարշավի ժամանակաշրջանը, եթե հավասարությունը պահպանվի։ Կարծում եմ, հավասար կլինի, մոնիտորինգը կարվի, որ ուժերը հավասար պայմաններ ունենան, բայց այդուհանդերձ, արդեն առավելություն ունի իշխանությունը, հատկապես՝ Կարեն Կարապետյանը։ Նա թեև ցուցակում չկա, ասել էր, որ արձակուրդ չի վերցնելու և քարոզարշավին չի մասնակցելու, կառավարության խնդիրներով պետք է զբաղվի ու դրանով աջակցի ՀՀԿ-ին՝ իշխանությունը պահպանելու հարցում, բայց, կարծես, այդտեղ էլ հակասություն կա, այդ պաստառը և կառավարության աշխատանքը ներկայացնելն իրար հակասում են։ Ըստ էության, դա նախընտրական պաստառ է։

– Նախընտրական այս շրջանում ի՞նչ մտահոգություններ ունեք։

– Ես հույս ունեմ, որ լավ իմաստով թեժանալու է պայքարը։ Այս պահին ամենամտահոգիչն այն է, որ որևէ մեկը որևէ տեսանելի բան չի ասել, և այստեղ ես համաձայն եմ Դավիթ Շահնազարյանի կարծիքին, որ միայն Հանրապետական կուսակցությունն է, որ ինչ-որ քաղաքական պատկեր ունի, որն անկախ նրանից՝ լա՞վն է, թե՞ վատն է, համենայն դեպս իրենք՝ որպես կառավարող կուսակցություն, չեն կարող դա չունենալ, կամա թե ակամա, ինչ-որ քաղաքական գիծ տանում են։

Նաև «Ելք» դաշինքն է առանձնանում, որ բարոյական իմաստով որևէ ձևով չարատավորված պատկեր ունի։ Չնայած ծրագիր դեռևս որևէ մեկը հստակ չի ներկայացրել, քարոզարշավի մեկնարկից հետո կներկայացնեն ծրագրերը, և դա է հենց խնդիրը, որ քիչ է ժամանակը, որպեսզի հետադարձ կապ լինի, և հնարավոր լիներ քննարկումներով դա խելքի բերել։ Իմ կարծիքով՝ մի քիչ տարօրինակ վիճակ է, եթե, օրինակ, մի ամիս առաջ ներկայացնեին ծրագիրը, արդյոք դա խախտում կլինե՞ր։

– Արդյոք ընտրողները կուսումնասիրե՞ն այդ ծրագրերը, և դրանք էական նշանակություն կունենա՞ն ընտրություն անելու հարցում։

– Գիտեք, խնդիրն այն է, որ ծրագիր ասելով՝ մենք ի նկատի չունենք բարի նպատակների շարք, որ կյանքն այսպես լավ կլինի, և այլն։ Նկատի ունենք 2 հարց՝ զարգացման տեսլականը և դրանում ներառվող երկրորդ մասը՝ ինչպե՞ս պետք է այդ տեսլականին հասնենք։ Այդ իմաստով ոչ մի ծրագիր դեռևս նորմալ չի հրապարակվել։ Եթե այդ 2 կետերը հստակ պարունակվեն ծրագրում, մարդիկ կարող են հետաքրքրվել ու դրանով կողմնորոշվել, իսկ եթե պետք է սին խոստումներ լինեն՝ աշխատավարձերը կբարձրանան, կոռուպցիան կվերանա, և այլն, դա որևէ ազդեցություն չի ունենա։ Այդ պարագայում ընտրության 2 չափանիշ կլինի՝ ի՞նչ մարդիկ են, ի՞նչ վստահություն ունեն, և ընտրակաշառքը, որ տարբեր ձևերով արդեն կոնկրետ մարդկանց շահագրգռելով տեղի կունենա։ Օրինակ, այն կուսակցությունները, որ գումար շատ ունեն, մարդկանց վարձատրում են շտաբներում աշխատելու համար, և հենց շտաբների աշխատողների բավականին մեծ բանակ է ձևավորվել։

Դա արդեն որոշակի անհավասար պայմաններ է ստեղծում։ Ես չգիտեմ՝ այդ շտաբներում աշխատողները որքանո՞վ են իրենց գաղափարական պատկերացումներից ելնելով աշխատում։ Ուղղակի, սոցիալական և այլ պատճառներից ելնելով աշխատելը ձայներ գնելու մի ձև է, որովհետև այդ մարդիկ, ես համոզված եմ, եթե ուրիշ կուսակցություն նրանց ավելի շատ վճարեր, կգնային այնտեղ աշխատելու։ Ֆորմալ իմաստով նրանք ուղղակի շտաբի աշխատող են, բայց, ըստ էության, փողի միջոցով ձայներ բերող են ։

– Կարծում եք՝ ընտրակաշառքը շա՞տ մեծ նշանակություն կունենա այս ընտրություններում, թե՞ մարդիկ, այնուամենայնիվ, սովորել են և կհետևեն կոչերին, որ, եթե անգամ վերցնեն ընտրակաշառքը, ընտրեն՝ ըստ իրենց խղճի։

– Նախ՝ ես շատ դեմ եմ այդ կոչերին, որովհետև դա ուղղված է բարոյազրկմանը, այսինքն՝ բոլորը խաբում են, դուք էլ խաբեք։ Դա շատ վատառողջ երևույթ է։ Ես կգերադասեի, որ վերցնելուց հետո գոնե ազնիվ գտնվեն և կատարեն իրենց խոստումը։ Բայց դա էլ քրեական հանցագործություն է՝ և՛ վերցնելը, և՛ տալը։ Բայց իմ կարծիքով՝ շատ հնարավոր է, որ դա ավելի շատ լինի ոչ թե գումար բաժանելու ձևով, այլ լինի սկզբում շտաբի անդամներին շահագրգռելով, մարդկանց ներգրավելով, հետո նրանց միջոցով որոշակի օգնություններ, խոստումներ, վարչական ու ֆինանսական ռեսուրսներ օգտագործելով՝ մարդկանց բերեն ընտրության։ Եվ դրա դեմ շատ բարդ է պայքարել։ Դա երկրի օլիգարխիկ համակարգի հետևանքն է։

Տեսանյութեր

Լրահոս