Բաժիններ՝

Հունաստանում լրագրողները գործադուլ են հայտարարել՝ աշխատանքային պայմանների բարելավման պահանջով

Հունաստանի լրագրողական կազմակերպությունները հայտարարել են ապրիլի 30-ին և մայիսի 1-ին երկօրյա գործադուլ անցկացնելու որոշման մասին։ Նրանք պահանջում են հավաքական աշխատանքային պայմանագրերի կնքում, աշխատավարձերի բարձրացում, ազատված աշխատակիցների աշխատանքի վերականգնում, գործազուրկների պաշտպանություն, անվճար առողջապահություն և պայքար թանկացումների դեմ։

Աթենքի օրաթերթերի խմբագիրների միությունը հայտնել է, որ ապրիլի 30-ի տեղական ժամանակով ժամը 05:00-ից մինչև մայիսի 1-ի ժամը 05:00-ը գործադուլ կանեն թերթերում և ամսագրերում աշխատող բոլոր լրագրողները, տեխնիկական մասնագետները, ադմինիստրատորները, ֆոտոլրագրողները, իսկ մայիսի 1-ի ժամը 05:00-ից մինչև մայիսի 2-ի ժամը 05:00-ը նրանց կմիանան ռադիոկայանների և հեռուստակայանների, պետական և մասնավոր հատվածի ինտերնետային զանգվածային լրատվամիջոցների, այդ թվում՝ Աթենքի մակեդոնական նորությունների գործակալության, նախարարությունների և գերատեսչությունների մամուլի ծառայությունների բոլոր աշխատակիցները:

Գործադուլին թույլ են տվել չմասնակցել այն աշխատակիցներին, որոնք լուսաբանելու են Հունաստանի արհմիութենական միավորումների մայիսմեկյան գործադուլը, սակայն նրանց ռեպորտաժները կհրապարակվեն և կհեռարձակվեն բողոքի ակցիայի ավարտից հետո՝ հաջորդ օրը։

Բացի այդ, մայիսի 1-ին Հունաստանի պետական ​​և մասնավոր հատվածի առաջատար արհմիութենական միավորումները՝ Պետական հատվածի արհմիության բարձրագույն խորհուրդը և Աշխատանքի ընդհանուր կոնֆեդերացիան, կանցկացնեն 24-ժամյա գործադուլ։ Աթենքում դրա պատճառով կաթվածահար կլինի հասարակական տրանսպորտը։ Ամբողջ օրը չեն երթևեկի մետրոյի գնացքներն ու տրամվայները, իսկ ավտոբուսներն ու տրոլեյբուսները երթուղիներում կհայտնվեն երկար ընդմիջումներով։ Գործադուլին կմասնակցեն նաև երկաթուղայինները և նավաստիները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս