Ուշադրություն. Հետխորհրդային երկրներում գործում է էլեկտրոնային եղանակով հափշտակություններ իրականացնող միջազգային հանցավոր խումբ. ԱԱԾ
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տրամադրության տակ եղած տվյալների համաձայն՝ հետխորհրդային տարածքի երկրներում գործում է մասնագիտացված միջազգային հանցավոր խումբ, որն էլեկտրոնային նամակներով ուղարկված վնասաբեր համակարգչային ծրագրերի կիրառմամբ կատարում է հափշտակություններ:
Ինչպես տեղեկացրին ԱԱԾ լրատվական ծառայությունից, կարևորելով անձնական տվյալների, կորպորատիվ գաղտնիքների և ֆինանսական տեղեկատվության անվտանգությունը՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է ֆիզիկական և իրավաբանական անձանց ստացվող էլեկտրոնային նամակների նկատմամբ ցուցաբերել առողջ կասկածամտություն, ոչ պաշտոնական կամ անհայտ ծագման հասցեներից ուղարկված նամակներն առանց բացելու անմիջապես ջնջել կամ ձեռնարկել անվտանգության հետ կապված համապատասխան այլ միջոցներ:
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ վերոնշյալ եղանակով հափշտակության դեպք է արձանագրվել նաև Հայաստանում. օտարերկրյա քաղաքացիներից կազմված հանցավոր խմբի անդամները ՀՀ-ում գործող առևտրային բանկի աշխատակիցների էլեկտրոնային հասցեներին ՀՀ գերատեսչություններից մեկի անունից ուղարկել են վնասաբեր ծրագրեր պարունակող մի քանի տասնյակ կեղծ նամակներ, որոնց միջոցով ներթափանցել են բանկի ներքին համակարգչային ցանց և տիրացել այնտեղ պահվող տեղեկատվությանը:
Այնուհետև, բանկի սերվերներից մեկի վրա տեղադրվել և գործարկվել է հեռակա համակցման ծրագիր, որի կիրառմամբ առևտրային բանկի բանկոմատները սպասարկող սերվերը վարակվել է վնասաբեր համակարգչային ծրագրերով՝ խափանելով դրանց բնականոն աշխատանքը: Հետագայում Հայաստան ժամանած հանցավոր խմբի անդամները Երևան և Աբովյան քաղաքների տարբեր հասցեներում գործող թվով 22 բանկոմատների ստեղնաշարերի միջոցով մուտքագրելով հատուկ հրահանգներ, ապօրինի ելքագրել և հափշտակել են առանձնապես խոշոր չափերով, ընդհանուր առմամբ շուրջ 133 մլն ՀՀ դրամ գումար:
Վերոնշյալ հանցանքները կատարած օտարերկրյա երեք քաղաքացիների ինքնությունը պարզվել է:
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում նշված անձինք ներգրավվել են որպես մեղադրյալներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով (համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալը), 256-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (շահադիտական նպատակներով վնասաբեր ծրագրեր մշակելը, օգտագործելը և տարածելը), 181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (առանձնապես խոշոր չափերով hափշտակությունը, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (hանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը) նախատեսված հանցագործություններ կատարելու համար: ՀՀ ԱԱԾ-ի կողմից ներկայացված տեղեկատվության հիման վրա նրանց նկատմամբ հայտարարվել է միջպետական հետախուզում:
Ներկայումս օտարերկրյա իրավասու մարմինների հետ համագործակցության շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում անդրազգային հանցագործությանը հնարավոր առնչություն ունեցող այլ անձանց հայտնաբերելու ուղղությամբ: Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է նաև, որ չնայած իրենց քողարկված բնույթին, կիբերհանցագործությունները ևս թողնում են որոշակի «հետքեր», որոնք հնարավորություն են տալիս ամբողջությամբ բացահայտել գործարկված հանցավոր մեխանիզմը:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: