«ԸՕ-ով ամրագրված են քվեակարգի նոր էլեմենտներ, ինչը ծանրաբեռնելու է ՏԸՀ-ներին և նրանց, ովքեր իրականացնելու են քվեների հաշվարկը». Մուկուչյան

«Երբ առաջադրումներն ավարտվեն, վստահ եմ, որ կլինի շատ ավելի մեծ իրազեկման բնույթի արշավ քվեակարգի վերաբերյալ»,- այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ անդրադառնալով Ընտրական նոր օրենսգրքով ստասվելիք խորհրդարանական ընտրություններին:

Պարզաբանելով շրջանառվող կարծիքները, թե ընտրական գործընթացը բարդացված է և անհասկանալի շարքային ընտրողի համար, Տիգրան Մուկուչկանն ասաց, որ նման մոտեցումը՝ նման ձևակերպմամբ, չափազանցված է։

Ըստ նրա՝ կան որոշակի ընթացակարգեր, որոնք նոր են՝ կապված հատկապես քվեակարգի հետ, այսինքն՝ ինչպիսին պետք է լինի քվեաթերթիկը, ինչպես պետք է դրանով իրականացվի քվեարկությունը և այլն։ «Բայց նշվածով պայմանավորված, գիտեք, համապատասխան հոլովակ պատրաստվել է, կայքում կա և առաջիկայում արդեն, երբ առաջադրումները կլինեն, վստահ եմ, որ կլինի շատ ավելի մեծ իրազեկման բնույթի արշավ, ինչը լրիվ հնարավորություն կտա այդ ժամանակահատվածում ընտրողներին քաջատեղյակ լինել նոր քվեակարգի բոլոր հանգամանքներին»,- ասաց Մուկուչյանը։

Անդրադառնալով քվեակարգին և ռեյտինգային ցուցակների հարուցած մտահոգություններին, ԿԸՀ նախագահն ասաց, որ պետք է մոռանալ ռեյտինգային եզրույթը, որովհետև դրանք ռեյտինգային ցուցակներ չեն, դրանք ընդամենը տարածքային ցուցակներ են։

«Հանրապետության ողջ տարածքը բաժանված է 13 ընտրական տարածքների։ Յուրաքանչյուր ընտրական տարածքում լինելու է համապատասխանաբար կուսակցության տարածքային ցուցակ, այսինքն՝ կուսակցությունն առաջադրելու է մեկ համապետական ցուցակ, որը բաղկացած է երկու մասից, երկրորդ հատվածում ընդգրկվելու են ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ և յուրաքանչյուր տարածքի համար մեկ տարածքային ընտրական ցուցակ։

Տարածքային ընտրական ցուցակում արդեն նշվելու են այն թեկնածուների անունները, որոնք թեկնածու են հանդիսանում տվյալ տարածքային ցուցակում։ Բնականաբար, յուրաքանչյուր կուսակցության համար տպագրվելու է առանձին քվեաթերթիկ, տպագրվելու է 13 տեսակի քվեաթերթիկ, որի մի կողմում նշվելու է կուսակցության անվանումը, համարը, կուսակցության համապետական ցուցակի թեկնածուների անունները, իսկ հակառակ կողմում տարածքային ցուցակում ընդգրկված թեկնածուների անունները։

Քվեարկություն կատարելով, ընտրողն, ըստ էության, կատարում է քվեարկություն տվյալ քաղաքական ուժի օգտին, իսկ եթե նա ցանկանում է նաև տարածքային ցուցակի թեկնածուին ընտրել, ապա քվեաթերթիկի հակառակ կողմում համապատասխանաբար կատարում է միասնական նշում այն թեկնածուի անվան դիմաց, ում օգտին նա տվել է իր քվեն»,- մանրամասնեց Տիգրան Մուկուչյանը։

Ինչ վերաբերում է ձայների հաշվարկի մեխանիզմին, ապա ԿԸՀ նախագահն ասաց, որ մի քանի քայլ է իրականացվում։ Առաջին, նրա խոսքով, որոշվում է այն կուսակցությունը, կուսակցությունների դաշինքը, որոնք հաղթահարել են 5 կամ 7 %-անոց շեմը, այնուհետև նրանց ստացած ձայների համաձայն, որոշվում է նրանց ստացած մանդատների քանակը, մանդատների կեսը բաշխվում է համապետական ցուցակի թեկնածուների միջև, մյուս կեսը՝ տարածքային ցուցակների միջև։ «Տարածքային ցուցակների պարագայում հիմք են ընդունվում նորից տվյալ տարածքում կուսակցության ստացած քվեները, դրանցով որոշվում է, թե յուրաքանչյուր տարածքում որքան մանդատ է ստանալու տվյալ կուսակցությունը։

Ուստի երբ արդեն կսկսվի մանդատների բաշխման գործընթացը, հիմք կընդունվեն տվյալ տարածքում տվյալ թեկնածուի ստացած ձայները»,-ասաց ԿԸՀ նախագահը։

Խոսելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցում տեղ գտած վերապահումներին, որոնք վերաբերել էին տարածքային ցուցակներին, Տիգրան Մուկուչյանն ասաց. «Իհարկե, եթե մենք ունենք նոր գործառույթներ, եթե Ընտրական օրենսգրքով արդեն ամրագրված են քվեակարգի նոր էլեմենտներ, ակնհայտ է, որ որոշակի առումով ծանրաբեռնվելու են տեղամասային ընտրական հանձնաժողովները և նրանք, ովքեր իրականացնելու են քվեների հաշվարկը։

Բնականաբար, նրանք հաշվելու են նախ կուսակցությունների օգտին տրված ձայների քանակը, ապա տվյալ կուսկացության տարածքային ցուցակներում ընդգրկված յուրաքանչյուր թեկնածուի օգտին տրված ձայների քանակը։

Ծավալային առումով, իհարկե, սա տարբերվում է նախկինում նրանց կատարած աշխատանքից, ինչը ենթադրելու է աշխատանքի ավելի մեծ ծավալ, բայց, կարծում եմ, այն ժամկետները, որոնք ամրագրված են ԸՕ-ում, Տեղական ընտրական հանձնաժողովներն ունեն հնարավորություն լիարժեք ծավալով իրականացնելու քվեարկության արդյունքների ամփոփումը»։

Հարցին, թե կիսո՞ւմ է կարծիքը, որ այս ցուցակները «փողերի կռվի» առիթ են տալիս, Մուկուչյանն արձագանքեց, ասելով. «Ի՞նչ կապ ունի մեկը մյուսի հետ, ես չեմ կարողանում պատկերացնել։ Եվ անկեղծ ասած, չեմ հիշում, որ նման ձևակերպում է եղել»։

Տեսանյութեր

Լրահոս