Հովիկ Աբրահամյանը 7 ընտրություն ունի. «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. «ՀՀ նախկին փոխվարչապետ, վարչապետ, նախարար, Աժ նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ-ից դուրս գալն ազդարարեց Ֆեյսբուքով: Նախորդ օրը առավոտյան տեղեկացրեց, հաջորդ օրը երեկոյան բանավոր հաստատեց: Սա այն դեպքն է, որ Հովիկ Աբրահամյանը բազում տարբերակներ ունի:
1. Հովիկ Աբրահամյանը դուրս չի գալիս ՀՀԿ-ից: Համենայն դեպս՝ ՀՀԿ գրավոր դիմում չի ներկայացրել: Անլուրջ է, բայց անհավանական չէ:
2. Հովիկ Աբրահամյանը դուրս է գալիս ՀՀԿ-ից ու իբրեւ միայնակ գայլ սեփական քաղաքական ուժն է ձեւավորում՝ հաջորդ ընտրությունների թիրախով: Սա լուրջ է, բայց, դատելով նրա ամեն ինչ այստեղ ու հիմա, ոչ թե հետո ու ինչ-որ տեղ ունենալու բնավորությունից, քիչ հավանական է:
3. Հովիկ Աբրահամյանը ֆինանսական, մարդկային ռեսուրսներն ու կապերը ի սպաս է դնում՝ միանալով Ծառուկյանի դեռ անհայտ կազմ ունեցող դաշինքին: Սա թվում է ամենահավանական տարբերակը, բայց հարվածի տակ է դնում Ծառուկյան դաշինքը, իսկ Ծառուկյանը գերադասում է այլընտրանք լինել, եւ արդեն լուրեր են շրջանառվում, որ համաձայնությունը չի կայացել:
4. Հովիկ Աբրահամյանը իր բոլոր ռեսուրսներով միանում է «Համախմբում», «Երրորդ հանրապետություն», ՀԴԿ դաշինքին, հայտարարում է, որ կիսում է նրանց մտահոգությունները ու պատրաստ է իշխանափոխության: Սա էլ հավանական տարբերակ է, բայց նույնպես խոցելի է դարձնում դաշինքը, որ զրկվում է մանեւրից եւ արդեն պիտի բացատրի ոչ միայն Սեյրան Օհանյանի, այլեւ Հովիկ Աբրահամյանի հանկարծակի ընդդիմադիրության պատճառները, բացատրի ու համոզի:
5. Հովիկ Աբրահամյանը դառնում է բուֆեր, որ ընտրությունների նախօրեին միավորում է Ծառուկյանի եւ «Երրորդ հանրապետություն», «Համախմբում», ՀԴԿ դաշինքները՝ ստեղծելով, ինչպես առանձին-առանձին հայտարարել են, լայն համախմբում ու ծավալուն հակաիշխանական պլատֆորմ: Սա հեռագնա տարբերակ է, որ փոխում է ուժերի հավասարակշռությունը դաշտում, բայց հաջողության դեպքում բերում է իշխանության դեմքերի փոփոխություն, այլ ոչ համակարգային իշխանափոխություն:
6. Հովիկ Աբրահամյանը այս տարբերակների մեջ մեծ ընտրություն ունենալով՝ իրական ընտրություն չունի, ցանկացած դեպքում նախապատրաստում է Ռոբերտ Քոչարյանի վերադարձը ու իրեն այդ պարագայում մնում է ոչ թե վարչապետի ցանկալի, այլ նախագահի ձեւական պաշտոնը:
7. Հովիկ Աբրահամյանը իրոք էլ առերեւույթ մեծ ընտրություն ունենալով՝ համարյա ընտրություն չունի, որովհետեւ ՀՀԿ-ն ու ՀՀԿ նախագահը իրական սպառնալիքի դեպքում հեզաբարո չեն սպասելու հակառակ դարձած կողմի քայլերին՝ երկրորդ քաղաքական կրկեսի հեռանկարը շատ ռեալ է՝ այդ պլատֆորմում ընդգրկված բոլոր գործիչների համար, որ միասին ու առանձին-առանձին կարող են դառնալ քրեական գործերի հերոսներ ու մեղադրվել հակապետական հեղաշրջում կազմակերպելու մեջ՝ նախքան ընտրությունները: Սա անցանկալի, բայց անխուսափելի հեռանկար է՝ հաշվի առնելով ՀՀԿ-ի իշխանական լծակները, իշխանություն մնալու ցանկությունն ու հնարավորությունները:
Հ. Գ. Ու ի՞նչ: Նա գնաց մենա՞կ, թե՞, այնուամենայնիվ, հետը տանելու է ՀՀԿ-ի քրեաօլիգարխիկ թեւի հավատարիմ զինակիցներին: ՀՀԿ-ին դա կլիներ մեծ նվեր, հատկապես եթե նրանց ԲՀԿ-ն ընդուներ՝ եւ միասին կլինեին, եւ նոր իմիջ կունենային»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում: