Բաժիններ՝

«Օրենքում փոփոխություն կատարելու արդյունքում՝ տարեկան 4 միլիարդ դրամ կուղղվի պետական բյուջե». Փոխնախարար

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծով նախատեսվում է ինտերնետային ժամով խաղերի, վիճակախաղերի կազմակերպման տուրքերը 100 միլիոն դրամի փոխարեն՝ սահմանել 500 միլիոն դրամ։

Այսօր Ազգային ժողովում այս նախագծի քննարկման ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Թամազյանից հետաքրքրվեց՝ շուկայի նկարագրություն կա՞, շրջանառության ծավալներն ինչքա՞ն են, և խնդրեց հետևանքները գնահատել, թե ինչ կարող է այս փոփոխության արդյունքում լինել։

«Մեզ մոտ առկա տեղեկության համաձայն՝ վիճակախաղերի կազմակերպիչների մոտ 2014 թվականին հասույթը կազմել է 33 միլիարդ դրամ, 2015 թվականին՝ 38 միլիարդ դրամ, 2016 թվականի տվյալները դեռևս չունենք, բայց աճի տենդենցը կա։

Իսկ ինտերնետ շահումով խաղերը մի քիչ ավելի մեծ թվեր են՝ 2014 թվականին՝ 44 միլիարդ դրամ, 2015 թվականին՝ 77 միլիարդ դրամ, 2016 թվականի 9 ամսվա կտրվածքով՝ 108 միլիարդ դրամ։ Այս տարիների ընթացքում հարկման մեխանիզմում փոփոխություն չի եղել, տվյալ կազմակերպությունների շրջանառությունները մեծացել են պատիկներով, բայց փաստացի պետությունն իր մասնաբաժինը չի ստացել։ Ինչ վերաբերում է փակվել-չփակվելուն, ապա մեր պատկերացմամբ՝ հաջորդ տարի դեռևս չի փակվելու, եթե բիզնեսը լավ լինի, եթե բիզնեսի մեջ միայն հարկերը չեն, որ ռիսկեր են առաջացնում, հարկերի պատճառով, մեր պատկերացումներով, չեն փակվելու»,- նշեց փոխնախարարը։

Մ. Մելքումյանը նաև հետաքրքրվեց՝ այդ բիզնեսի շահութաբերությունն ինչքա՞ն է։ Ի պատասխան՝ Կ. Թամազյանն ասաց, որ շահութաբերությունը կազմակերպություն առ կազմակերպություն տատանվում է, և ըստ բնագավառների՝ 5-20 տոկոս է։

Պատգամավոր Թևան Պողոսյանն էլ հարց ուղղեց, թե ինչքա՞ն գումար է դրանից բյուջեում ավելանալու, և ի՞նչ ծախսեր են դրանով փակելու։

«Յուրաքանչյուր նշված բնագավառում այսօր գործունեություն է իրականացնում 4 կազմակերպություն, այսինքն՝ 800 միլիոնի փախարեն, եթե ոչ մի բան չփոխվի, գումարը կկազմի 4 միլիարդ դրամ։ Գումարներն ուղղվելու են պետական բյուջե և ուղղվելու են պետական բյուջեի ծախսերին։ Մյուս տարի կառավարությունը հանդես կգա օրենսդրական նախաձեռնությամբ՝ տվյալ բնագավառի վերահսկողության համար»,- պատասխանեց փոխնախարարը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս