«ԵՏՄ-ն Հայաստանի և ԵՄ-ի առջև սահմանափակումներ է դրել երկու ոլորտներում». Կախա Գոգոլաշվիլի
«ԵՄ-ն Արևելյան գործընկերության երկրներին որոշակի սահմաններ է առաջադրում»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Թբիլիսիի «Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի» ղեկավար, վրացի քաղաքագետ Կախա Գոգոլաշվիլին՝ անդրադառնալով ԵՄ «Արևելյան գործընկերություն» ծրագրին, վեց երկրների ձեռքբերումներին Ռիգայի գագաթաժողովից հետո, Հայաստան-ԵՄ վերսկսված բանակցություններին և հնարավոր արդյունքներին։
Նա նախ՝ կարևոր համարեց այն հանգամանքը, որ ԵՄ-ում առաջացած ներքին լուրջ խնդիրների պայմաններում այնուամենայնիվ ԵՄ-ն շարունակում է կարևորել «Արևելյան գործընկերություն» ծրագիրը։ Իհարկե, նրա խոսքով, կան այդ ծրագրով շատ ավելի հետաքրքրված երկրներ, որոնք են Լեհաստանը, Մերձբալթյան երկրները, Շվեդիան, սակայն այն հարցում, որ ծրագիրը պետք է շարունակվի, միակամ են ԵՄ բոլոր անդամ երկրները՝ նույնիսկ Brexit-ից հետո, երբ տպավորություն կար, թե ԵՄ-ն պարզապես մի կողմ կդնի այս ծրագիրը։
«Ժամանակը ցույց տվեց, որ ոչ միայն մի կողմ չդրվեց ծրագիրը, այլև շարունակվեց ամրապնդվել վերանայված արևելյան հարևանության քաղաքականությունը, ինչը, ըստ Եվրոպական հանձնաժողովի պաշտոնյաների, նշանակում է շատ ավելի խորն ինտեգրացիա ԵՄ-ի հետ, սակայն՝ ո՛չ անդամակցության հեռանկար։ Այսինքն՝ ԵՄ-ն դնում է նաև որոշակի սահմաններ ԱլԳ երկրների առջև, սահմանն այսօր հետևյալն է՝ ԵՄ երկրները հետաքրքրված չեն, զգուշանում են ԵՄ ընդլայնման հեռանկարից։ Սակայն դրա փոխարեն՝ ԵՄ-ն առաջարկում է բոլոր ոլորտներում՝ կրթություն, կոմունիկացիա, տրանսպորտ, առևտուր, արդարադատության համակարգ, խորը ինտեգրացիա, ներկայումս սրանից ավելիի չեն կարող հավակնել ԱլԳ երկրները»,- նման կարծիք հայտնեց Գոգոլաշվիլին։
Անդրադառնալով Վրաստանի ակնկալիքներին՝ նա ասաց, որ Վրաստանը հավակնում էր ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման համաձայնագիր կնքել արդեն այս տարի։ Սակայն, նրա խոսքով, ԵՄ-ի ներքին համաձայնեցման գործընթացները, ընթակարգերը շատ ավելի երկար տևեցին, քան Վրաստանի իշխանություններն ու հասարակությունն էին սպասում։
«Այստեղ կրկին բախվում ենք եվրոպական բյուրոկրատիային, ինչը թույլ չի տալիս զարգացնել ծրագիրն այնպես, ինչպես դրան ԱլԳ երկրներն են ձգտում։ Այսինքն՝ Վրաստանը վաղուց պատրաստ է ազատականացմանը, սակայն ԵՄ-ն դեռ մտածում է, այնինչ հանձնակատար Հահնը հայտարարում է, որ արդյունքներ գրանցվելու են ոչ թե գագաթաժողովից գագաթաժողով, այլ նաև դրանց միջև ընկած ժամանակահատվածում։ Դրանում դեռ պետք է համոզվենք, քանի որ միայն հանդիպումները ոչինչ չեն փոխում, ԵՄ-ն պետք է փոխվի, քանի որ ԵՄ այդ խնդիրն ԱլԳ գոյության ողջ ընթացքում խնդիրներ է առաջացրել. մինչ ԱլԳ անդամ երկրները տարիներ շարունակ Ասոցացման համաձայնագրեր էին բանակցում և պատրաստ էին դրանց ստորագրմանը, Ռուսաստանը հակաքայլեր էր ձեռնարկում, որի հետևանքով վերանայվեց քաղաքականությունը, որը դեռ ոչ ամբողջությամբ է գործում»,- ասաց վրացի վերլուծաբանը։
Վերջինս հիշեցրեց, որ օրերս Բրյուսելում հանդիպել են Վրաստանի վարչապետ Կվիրիկաշվիլին և Եվրախորհրդարանի նախագահ Շուլցը, Վրաստանին կրկին խոստացել են շուտով վերադառնալ համաձայնության վիզային ազատականացման հարցի շուրջ քննարկումներին։ «Սպասենք և տեսնենք, թե դա երբ իրականություն կդառնա»,- նշեց Գոգոլաշվիլին։
Խոսելով ՀՀ-ԵՄ բանակցությունների մասին՝ Թբիլիսիի «Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի» ղեկավարն ասաց, որ կողմերը կստորագրեն Ասոցացման համաձայնագրին նման մի փաստաթուղթ, որը, բնականաբար, չի հակասի Եվրասիական տնտեսական միությանը։
«Ամեն ինչ շատ պարզ է։ Եթե ընթանում են բանակցություններ, ուրեմն դրանք չեն հակասում նոր միությանը, քանի որ Հայաստանը վերսկսել է բանակցությունները՝ լինելով այդ միության անդամ։ ԵՏՄ-ն, իհարկե, դրել է սահմանափակումներ, որոնք վերաբերում են առևտրատնտեսական ոլորտին և անվտանգությանը, որոնք ապագա համաձայնագրում կամ կշրջանցվեն, կամ էլ կներառվեն փոքր ծավալներով։ Ես հետևյալ կերպ եմ պատկերացնում՝ ՀՀ-ԵՄ համագործակցությունը կշարունակվի այնպես, ինչպես մյուս ԱլԳ երկրների դեպքում է, պարզապես կրճատված կլինի համագործակցությունը հիմնականում այս երկու ոլորտներում»,- նման տեսակետ հայտնեց Գոգոլաշվիլին։
Հարցին՝ հաշվի առնելով ԵՄ ծանր ընթացակարգերը, ե՞րբ Հայաստանը կարող է ստորագրել համաձայնագիրը, եթե բանակցությունները կավարտվեն այս տարվա գարնանը, վրացի քաղաքագետը կարծիք հայտնեց, որ համաձայնագիրն անմիջապես բանակցություններից հետո չի ստորագրվի։ «Ես կարծում եմ՝ կպահանջվի ևս կես տարի, գուցե ավելին, եթե ԵՄ-ն անակնկալ որոշում չկայացնի կրճատել ընթացակարգերը։