Մանանեխի դիմակի միջոցով խթանեք մազերի աճը
Մանանեխի փոշին հնուց հայտնի է՝ որպես մազերի աճը խթանող միջոց: Բացի այդ, այն նաև կլանում է ավելորդ յուղը, լավացնում է մաշկի արյան սնուցումը, կարգավորում է ճարպագեղձերի աշխատանքը:
Այնուամենայնիվ, այս բաղադրիչը պետք է զգուշորեն օգտագործել, որպեսզի չչորացնեք գլխամաշկը և չառաջացնեք թեփ ու մազերի թուլություն: Եթե ունեք ալերգիա կամ զգայուն մաշկ, ապա զգույշ օգտագործեք մանանեխը: Այս դեպքում ավելացրեք ձիթապտղի կամ նշի յուղ, ձվի դեղնուց, կեֆիր:
Մանանեխի դիմակ՝ մազերի համար
Բաղադրություն
- 2 ճ/գ մանանեխի փոշի
- 2 ճ/գ տաք ջուր
- 1 ձվի դեղնուց
- 2 ճ/գ ձիթապտղի յուղ
- 2 թ/գ շաքար
Պատրաստման եղանակը
Բոլոր բաղադրիչները խառնեք, որպեսզի համասեռ զանգված ստանաք: Այս դիմակը կարելի է օգտագործել առանց ձվի դեղնուցի, եթե ձեզ դուր չի գալիս դրա հոտը: Ձուն կարող եք փոխարինել մեղրով:
Օգտագործման եղանակը
Դիմակը քսեք մազարմատներին և գլխամաշկին: Խուսափեք մազերի ծայրերից: Դիմակը քսելուց հետո պոլիէթիլենային տոպրակով և սրբիչով փաթաթեք գլուխը:
Դիմակը պետք է թողնել 15 րոպեից մեկ ժամ: Առաջին անգամ դիմակը թողեք մնա 15 րոպե: 15 րոպեում դիմակը չի հասցնի վնասել, ժամանակի ընթացքում կընտելանաք և կկարողանաք պահել դիմակը 30 րոպե և ավելի:
Մազերի ծայրերին յուղ քսեք, քանի որ դիմակը կարող է կրկնակի չորացնել ծայրերը: Դիմակը դրեք շաբաթական մեկ անգամ: Եթե մազերը շատ յուղոտ են, կարող եք շաբաթական 2 անգամ դնել:
Այս դիմակից հետո մազերը կսկսեն ավելի արագ աճել և կփարթամանան:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը