Բաժիններ՝

«Ապօրինի հարստացման քրեականացումը հետադարձ ուժ ունենալու դեպքում կքանդի այս քաղաքական համակարգը». Արամ Մանուկյան

Ապօրինի հարստացման քրեականացումը հետադարձ ուժ ունենալու դեպքում կքանդի ներկայիս քաղաքական համակարգը: 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

«Մենք այդ նախաձեռնությունը ներկայացրել էինք: Կոնվենցիայի 20-րդ կետն ասում է, որ ապօրինի հարստացման այդ հոդվածը նաև հետադարձ ուժ ունի: Այսինքն՝ եթե ես հայտնաբերեմ, որ դու 5 տարի առաջ եղել ես նախարար և գռփել, գողացել ու ապօրինի հարստացել ու գումարներ ես վաստակել ապօրինի ճանապարհով, այժմյան ընդունված կոնվենցիան պետք է հետադարձ ազդի նաև դրա վրա: Բայց կառավարությունը այդ հետադարձ ուժը հանել է, չի գնա դրան: Դա իրենց համար մեծ ռիսկ է: Դա իրենց ամբողջ քաղաքական համակարգը կքանդի: Ակնհայտ է, ես արդեն 3-րդ անգամ հնչեցնում եմ՝ հանրապետությունում կա 5 միլիարդատեր և խորհրդարանում՝ 60 միլիոնատեր: Դա ո՞նց է լինում: Եթե նրանք պատգամավոր կամ նախարար են, պաշտոնավարել են անընդհատ, ինչպե՞ս է լինում, որ դառնում են, իրենց իսկ հայտարարագրերով, միլիոնատեր: Այսինքն՝ այդ հոդվածն իրենց էլ կվերաբերի, և դա նշանակում է, որ թիմը կքանդվի»,- ասաց Ա. Մանուկյանը:

Ըստ նրա՝ դա է պատճառը, որ ինքն անընդհատ հետամուտ է լինում, որ ամեն նոր վարչապետ կամ նախարար գնահատական տա իր նախորդի արածին. «Եվ ես դեռ չեմ տեսել որևէ մեկին, որ ասի, թե իր նախորդն այսպիսի խախտումներ է արել: 5 նախարարի ես այդ հարցը տվել եմ: Ինչպես Հովիկ Աբրահամյանին արգելված էր Տիգրան Սարգսյանի գործերը բացել, այդպես էլ Կարեն Կարապետյանին արգելված է իր նախորդի գործերը բացել: Սա արդեն քաղաքական որոշում է»:

Ա. Մանուկյանը համաձայնեց, որ այս իրավիճակը ցույց է տալիս այն, որ իրական պայքարի նպատակ չկա:

Կարդացեք նաև

«Երեկ ես հիասթափություն ապրեցի, այդ մի հարցն ինձ համար բավարար էր՝ եկող տարվա հարկային եկամուտներն ավելանում են 0.3%-ով: Դա նշանակում է՝ իրենք ստվերին ձեռք չեն տալիս, մենաշնորհներին ձեռք չեն տալիս, մարդկանց բիզնեսը չհարկվող մասից հարկվող մաս բերելու քաղաքական որոշումներ չեն անում: Ընդամենը իրենց այդ քաղաքականության արդյունքում Կարեն Կարապետյանի՝ այդ ռեֆորմատոր իմիջով հրապարակ մտնելն արժե 50 մլն դոլար: 0.3%-ով են հարկային մուտքերն ավելացել: Ես ասում եմ՝ ամենահամեստ հաշվարկով 1 միլիարդ կարելի է բերել ստվերից: Քանի անգամ հայտարարեցինք, նաև առաջին նախագահն ասաց՝ փակեք արտաբյուջետային հիմնադրամները, դրանք ստվեր են: Չեն փակում: Եթե չես փակում այն մութ անկյունները, ստվերից չես բերում այս կողմ, ագրեսիվ գործողությունների, ռադիկալ քայլերի չես գնում, նշանակում է՝ համակարգի դեմ չես գնում և մասնակից ես դառնում համակարգի խաղերին»,- ասաց Ա. Մանուկյանը:

Հիշեցնենք, որ Քրեական օրենսգրքում փոփոխությունները պայմանավորված են ՄԱԿ-ի «Կոռուպցիայի դեմ» կոնվենցիայով: Ապօրինի հարստացման քրեականացումից հետո հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի՝ հաշվետու ժամանակահատվածում գույքն ավելացել է և (կամ) պարտավորությունները նվազել են, որոնք էականորեն գերազանցում են նրա օրինական եկամուտները, և որը ողջամտորեն չի հիմնավորվում դրանցով, և եթե ապօրինի հարստացման համար հիմք հանդիսացող այլ հանցագործության հատկանիշները բացակայում են, անձը պետք է պատասխանատվության ենթարկվի ապօրինի հարստացման համար:

Այս արարքի համար նախագծով նախատեսվում է պատիժ՝ ազատազրկում երեքից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով առավելագույնը երեք տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս