«Սասնա ծռեր»-ի անդամ Սմբատ Բարսեղյանին սպանության հոդվածով մեղադրանք է առաջադրվել

«Սասնա ծռեր» խմբավորման անդամ Սմբատ Բարսեղյանին սպանության հոդվածով մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին 168.am-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության աշխատակազմի՝ հանրային կապերի բաժնից։

«Կազմակերպված խմբի կողմից, զենքի գործադրմամբ 2016 թվականի հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի տարածք մուտք գործելու, նշված ստորաբաժանման վարչական շենքը, հարակից տարածքը զավթելու և պահելու դեպքի առթիվ հարուցված, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա՝ մինչդատական վարույթն իրականացնող մարմնի 2016 թվականի նոյեմբերի 10-ի որոշմամբ Սմբատ Բարսեղյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է: 2016 թվականի նոյեմբերի 11-ին Սմբատ Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով և 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 11-րդ կետերով»,- հայտնեցին գլխավոր դատախազությունից:

Սմբատ Բարսեղյանի պաշտպան Հայկ Ալումյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Սմբաստ Բարսեղյանը չի ընդունում մեղադրանքը։

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս