Հանս Քրիստիան Անդերսենի նոր թանգարան են կառուցում Դանիայում
Հռչակավոր սկանդինավցի հեքիաթասաց Հանս Քրիստիան Անդերսենի (1805-1875) կյանքին եւ ստեղծագործությանը նվիրված նոր թանգարան կկառուցվի նրա հայրենիքում՝ Դանիայի Օդենսե քաղաքում:
Քաղաքի վարչակազմը, որը ներկայացրել Է նախագծի ֆինանսական պլանը, ենթադրում Է, որ նոր թանգարանի կառուցումը կնստի 305 միլիոն կրոն (շուրջ 45,5 միլիոն դոլար): Պլանավորման երկար տարիներից հետո շինարարությանը ձեռնամուխ լինելու հնարավորություն կընձեռի 225 միլիոն կրոնի (33,5 միլիոն դոլարի) չափով նվիրատվությունը, որն արել Է Առնոլդ Պետեր Մելլերի (1876-1965)` A.P. Moller-Maersk Group հայտնի նավաշինական ընկերության հիմնադրի հիմնադրամը: Եվս 60 միլիոն կրոն (9 միլիոն դոլար) կհատկացնեն քաղաքի իշխանությունները:
Թանգարանի նոր շենքի լավագույն նախագծի՝ հայտարարված մրցույթում հաղթել Է ճապոնացի ճարտարապետ Կենգո Կումայի ֆիրման, որն, Օդենսեի քաղաքագլուխ Անքեր Բոյերի խոսքով՝ կարողացել Է հաղորդել անդերսենյան հեքիաթի կախարդանքը՝ այն, ինչի պակասն ունի ներկայիս թանգարանը, որի ցուցադրանքը նվիրված Է առավելապես Անդերսենի կենսագրությանը:
Շինարարությունը կսկսվի 2017 թվականին, իսկ նոր թանգարանը պետք Է բացեն արդեն 2020 թվականին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: