«Ապրիլյան պատերազմի օրերին ստիպված էի ստորադասել ազգային պատկանելությունս որոշակի հավասարակշռության». «Վեստի նեդելիի» խմբագիր
«Դժվար էր Ռուսաստանում աշխատել ապրիլյան պատերազմի օրերին»,- այսօր Ռուսաստանի հայտնի հայ լրագրողների մուլտիմեդիոն մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Ռուսաստանում աշխատող ազգությամբ հայ խմբագիր Նիկոլայ Ենիկոլոպովը` խոսելով «Ռուսաստանի հայտնի հայ լրագրողները մասնագիտության, աշխարհի իրադարձությունների և իրենց մասին» թեմայի մասին։ «Ռոսիա» հեռուստաալիքի «Վեստի նեդելի» տեղեկատվական-վերլուծական ծրագրի գլխավոր խմբագիր Նիկոլայ Ենիկոլոպովը նշեց, որ Ռուսաստանի տեղեկատվական ոլորտում հայերը ներկայացված են բավականին մեծ թվով։
«Մեր մասնագիտության մեջ հայերը շատ են և հաջողակ»,- ընդգծեց Ռուսաստանում աշխատող հայ խմբագիրը՝ դրական գնահատելով այդ փաստը։ Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում հայ-ռուսական համագործակցությունը տեղեկատվական ոլորտում՝ հաշվի առնելով այն փաստը, որ ՀՀ-ում գերակշռում են արևմտյան կողմնորոշում ունեցող լրատվամիջոցները, ռուաստանաբնակ խմբագիրը պատասխանեց, որ և՛ Հայաստանում, և՛ Ռուսաստանում կան և՛ ռուսամետ, և՛ արևմտամետ կողմնորոշում ունեցող ԶԼՄ-ներ, սակայն դրանում որևէ վատ բան չի տեսնում։ Ըստ նրա՝ պետք է տեղեկատվություն հաղորդել, դա է կարևոր։
«Ինձ չի թվում, որ ամեն ինչ շատ վատ է, հետաքրքրություն կա, շատ բարձր հետաքրքրություն կա Հայաստանի նկատմամբ, Երևան մեկնելը կարծես նույնիսկ մոդայիկ է դարձել»,- ասաց Ենիկոլոպովը։ Վերջինիս հավաստիացմամբ՝ ռուսական լրատվական դաշտում Հայաստանն ու հայկական խնդիրները քննարկվում են բավականին բարձր ակտիվությամբ։ Սակայն, նրա կարծիքով, խնդիրն այն է, որ ոչ միշտ է հաջողվում այդ տեղեկատվությունը հասցնել Հայաստանին, որի հետևանքով էլ Հայաստանում դժգոհություններ են առաջանում։ «Այստեղ կոմունիկացիայի հարց կա, շատ է պետք շփվել, ՀՀ-ում մինչև վերջ չեն տիրապետում իրավիճակին, որ այստեղ մարդկանց միևնույն չէ՝ ինչ է կատարվում»,- ասաց Նիկոլայ Ենիկոլոպովը։
«Վեստի նեդելի» տեղեկատվական-վերլուծական ծրագրի գլխավոր խմբագիրը պատմեց, որ ծանր էր աշխատել ապրիլյան պատերազմի օրերին՝ լինելով մի լրատվամիջոցի ներկայացուցիչը, որը կառավարական է։ «Դու ստիպված ես ստորադասել քո ազգային պատկանելությունը որոշակի հավասարակշռության, մենք ռեպորտաժներն այնպես էինք պատրաստում, որ հավասարակշռություն պահպանվեր, դրա հետ դժվար էր համակերպվել, բայց պետք էր»,- նշեց բանախոսը:
Անդրադառնալով ԱՄՆ-ում հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի հաղթանակին և հայկական հարցերին՝ Ենիկոլոպովն ասաց, որ դժվար է այս պահին կանխատեսումներ անել։ «Կան ակնարկներ, որ նա կարտաբերի «ցեղասպանություն» բառը, շատ են պատրանքները, սպասում են, չեմ կարծում, թե դա տեղի կունենա, ՌԴ-ում ևս էյֆորիա է նկատվում, սակայն վաղ է նման տրամադրվածության համար, պետք է սպասել»,- ասաց նա:
Իր հերթին՝ հեռուստահաղորդավար, պատմաբան, գրող, հրապարակախոս, բլոգեր, հասարակական գործիչ Արմեն Գասպարյանը նշեց, որ Ռուսաստանում աշխատող ազգությամբ հայ գործիչները հիշում են իրենց արմատները, երբեք չեն մոռանում կամ հրաժարվում դրանցից:
«Պատմականորեն այնպես է ստացվել՝ ռուսական սոցիումում, ռուսական մտավորականության շրջանում նախկին ԽՍՀՄ հանրապետւթյուններից ՀՀ-ն է զբաղեցրել էական դեր, տարեցտարի այդ հետաքրքրությունը չի վերացել, և յուրաքանչյուր իրադարձություն լուրջ ուշադրության է արժանանում, հրապարակումները Հայաստանի մասին բավականին շատ են: Ռուս-հայկական տեղեկատվական գործակալություն կա, Հայաստանի և Ռուսաստանի մասին տեղեկատվության ծավալը մեծ է: Ինձ թվում է, որ այդ ծավալն էականորեն ավելացել է ԽՍՀՄ վերջին տարիների համեմատ»,- ասաց Գասպարյանը։