«Կրեմլը փորձելու է իր օրակարգը թելադրել Թրամփին նաև Հարավային Կովկասում և բոլոր հակամարտություններում»
«168 Ժամն» ԱՄՆ-ում անցկացված նախագահական ընտրությունների արդյունքների շուրջ զրուցել է ռուս հրապարակախոս-ընդդիմադիր գործիչ, «Էխո Մոսկվի» կայքէջի սյունակագիր Անդրեյ Պիոնտկովսկիի հետ
Հիշեցնենք, որ նոյեմբերի 8-ին կայացած նախագահական ընտրություններում ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հաղթել է. նա ունի ընտրական կոլեգիայի անդամների 276-ի ձայնը, իսկ նրա մրցակից դեմոկրատ Հիլարի Քլինթոնը` 218 ձայն։ Միլիարդատեր և աշխարհում ոչ այնքան բարի համբավ ունեցող Թրամփի հաղթանակը մեծ էյֆորիա է բարձրացրել հատկապես ռուսական քաղաքական և փորձագիտական շրջանակներում, քանի որ Թրամփն իր նախընտրական ծրագրում բավականին կենտրոնական տեղ էր հատկացրել Ռուսաստանի Դաշնության` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հարաբերությունների բարելավմանը։ ԱՄՆ նորընտիր նախագահի պնդմամբ, իր նախագահության օրոք հիանալի մակարդակի կհասնեն ռուս-ամերիկյան հարաբերությունները։ Ավելին, ի տարբերություն ԱՄՆ արդեն նախկին նախագահ Բարաք Օբամայի և մրցակից Հիլարի Քլինթոնի, Թրամփը կարծում է, որ Ռուսաստանը չի ներխուժել Ուկրաինայի տարածք, չի բռնակցել Ղրիմը, Դեմոկրատական կուսակցության համակարգիչների վրա հակերային հարձակումների պատվերը չի եկել Մոսկվայից, ՆԱՏՕ-ի ապագան կասկածի տակ է, և պետք է կրճատել ՆԱՏՕ-ի ամերիկյան հովանավորչության ծավալները։
– Պարոն Պիոնտկովսկի, ԱՄՆ-ում ավարտվեց նախագահական ընտրարշավի ևս մեկ գործընթաց, որը, կարելի է ասել` շոկ առաջացրեց ոչ միայն ԱՄՆ-ում, այլև ողջ աշխարհում, քանի որ ԱՄՆ-ի 45-րդ նախագահ դարձավ միլիարդատեր, ոչ դասական քաղաքական գործիչ Դոնալդ Թրամփը։ Ինչո՞վ եք բացատրում միլիարդատեր Դոնալդ Թրամփի հաղթանակը։
– Ընտրությունները ցույց տվեցին ամերիկյան ժողովրդավարության բավականին լուրջ ճգնաժամ։ Գաղտնիք չէ, որ երկու թեկնածուն էլ ունեին լայն բացասական վարկանիշ։ Մենք այդ աճող թվերը տեսել ենք այս քարոզարշավի ընթացքում։ Ուստի, իմ համոզմամբ, ամերիկացիները քվեարկել են, ամենայն հավանականությամբ, ոչ թե այս թեկնածուի օգտին, այլ մյուս թեկնածուի դեմ, որն ավելի տհաճ էր ընտրողների համար` ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, և գուցեև` արդարացված։ Իմ խորին համոզմամբ, մարդը, որը դարձավ ԱՄՆ նախագահ, անկիրթ դեմագոգ է։ Այնուամենայնիվ, ԱՄՆ-ը զսպումների ու հակակշիռների համակարգ ունեցող երկիր է, երկու պալատներում էլ ներկայացված են երկու գլխավոր` Հանրապետական և Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներ, մեծամասնությամբ` ավանդական հանրապետականներ։
Այնպես որ, կարծում եմ, որ ԱՄՆ-ը նաև Թրամփին կհաղթահարի իր այս համակարգի առկայության շնորհիվ։
– Բավականին լուրջ հիացմունք է բարձրացել ռուսական քաղաքական և փորձագիտական շրջանակներում Թրամփի հաղթանակի կապակցությամբ, քանի որ նա նախատեսում է բարելավել իր հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Սակայն կան փորձագետներ, որոնք կասկածի տակ են դնում նրա այս ծրագրերի հաջողության հնարավորությունը, քանի որ, նրանց պնդումների համաձայն, քաղաքականության մեջ բիզնես ունակությունների կիրառումը ոչ այնքան արդյունավետ կարող է լինել, իսկ Թրամփը լավ բիզնեսմեն է։ Որքանո՞վ Թրամփին կհաջողվի բարելավել Ռուսաստանի հետ հարաբերությունները։
– Թրամփը ոչ միայն ցանկանում է հարթել ԱՄՆ-ի հարաբերությունները Ռուսաստանի հետ, այլև իրականացնել պարոն Պուտինի բոլոր ցանկությունները, ենթարկվել պարոն Պուտինին` տապալել ՆԱՏՕ-ն, հրաժարվել Բալթյան երկրների պաշտպանությունից, որպես ՆԱՏՕ անդամ երկիր, ճանաչել Ղրիմի բռնակցումը։ Սա է պարոն Թրամփի պլատֆորմը։ Ձեր հարցը հետաքրքիր է, կյանքը ցույց կտա, թե որքանով նրան կհաջողվի իր այս ծրագրերը կյանքի կոչել, քանի որ, ի վերջո, նա չի ընտրվել` որպես ԱՄՆ բռնապետ, և չի տիրապետում այնպիսի հնարավորությունների, ինչպիսին Ռուսաստանի և Հայաստանի նախագահները, և նա չի կարող անել այն ամենը, ինչ իր խելքին է փչում։ Կա ԱՄՆ Կոնգրես, հասարակական կարծիք, քաղաքական համակարգ, սա էլ կլինի ամերիկյան ժողովրդավարության փորձությունը` կկարողանա՞ այդ ժողովրդավարությունը մարսել այնպիսի մարդու, որը, տարբեր տեսությունների համաձայն` փորձում է այդքան գոհացնել Պուտինին, կամ այն պատճառով, որ բուրժուա հիմար է, կամ նա Կրեմլի «կարթում» է։
– Ըստ դիվանագետների, ԱՄՆ արտաքին քաղաքականությունը նախագահի փոփոխությամբ 80%-ով չի փոխվում, իսկ 20%-ով արտահայտում է նորընտիր նախագահի նախընտրությունները։ Բայց Թրամփն անկանխատեսելի կերպար է։ Ըստ Ձեզ` ի՞նչ կարող ենք ակնկալել ԱՄՆ արտաքին քաղաքականությունից Թրամփի նախագահության օրոք` նաև հարավկովկասյան ուղղությամբ, որտեղ Օբամայի նախագահության օրոք նկատել ենք ներգրավված քաղաքականություն։
– Կրկին վերադառնում ենք նախորդ հարցին, թե որքանով կհաջողվի Թրամփին իրականացնել իր ծրագրերը։ Պատահական չէր Կրեմլում բարձրացած ցնծությունը։ Կրեմլին թվում է, որ Սպիտակ տանն իր գործակալին է նստեցրել։ Սա, իհարկե, Կրեմլի համար այնպիսի ձեռքբերում է, որը չի եղել երբևէ նույնիսկ ԽՍՀՄ տարիներին։ Սա կարելի է իր մասշտաբներով համեմատել միայն ԽՍՀՄ-ի կողմից միջուկային զենքի գողության` ձեռքբերման հետ։ Եթե Թրամփին հաջողվի իրագործել իր քաղաքականությունը, եթե Մոսկվային հաջողվի նաև մանիպուլյացիայի ենթարկել Թրամփին, ապա նա փորձելու է բավարարել Կրեմլին ոչ միայն` Ուկրաինայում, Բալթյան երկրներում, այլև Մոսկվայի օրակարգն է իրականացնելու այլ տարածաշրջաններում, այդ թվում` Հարավային Կովկասում և բոլոր հակամարտ գոտիներում։ Բայց, իմ անձնական կարծիքով, Մոսկվային լուրջ հիասթափություն է սպասվում։ Եթե Թրամփը փորձի ընթանալ այդ ուղով, ապա շատ շուտ կբախվի ԱՄՆ քաղաքական խավի դիմադրությանը։