«Ես իր համակիրը չեմ, չեմ կարծում, որ իր կարիքը կա». Զարուհի Փոստանջյանը՝ Գագիկ Ծառուկյանի մասին

«Գագիկ Ծառուկյանն անդամակցում է թիվ մեկ քաղաքական կառույցին` Ազգային ժողովին, հետևաբար` նա չի հեռացել քաղաքականությունից, ուղղակի նրան արգելել էին ղեկավարել իր կուսակցությունը: Հիմա հասկանում ենք, որ այդ արգելքը վերացել է: Սա ավտորիտար ռեժիմին բնորոշ քաղաքականություն է: Միգուցե իր համակիրների համար իր կարիքը կա, ես իր համակիրը չեմ, չեմ կարծում, որ իր կարիքը կա»,- այսօր ԱԺ բրիֆինգների ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը` մեկնաբանելով ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը, որ եթե կարիք լինի, փակված գիրքը կբացվի:

Թե ինչո՞ւ իշխանությունը զգաց Գագիկ Ծառուկյանի կարիքը` Փոստանջյանը նշեց, որ պետք է լայն նայել, թե ինչ տեղի ունեցավ այս տարվա ապրիլին, ամռանն ու աշնանը, փոխվեց կառավարության հիմնական կազմը` ի դեմս վարչապետի, և ոչ միայն Սերժ Սարգսյանի կարծիքն է գերիշխում այս հարցում, այլև Ռուսաստանը մեծ դերակատարում ունի այս ամենի մեջ և խնդիր կա վերահսկելու ընդդիմադիր դաշտը, ատելությունը, ճգնաժամը.

«Նրա առաքելությունը կերևա, իրենք կհրապարակեն: Խնդիրը նա է, որպեսզի մեղմեն ատելությունն ու տնտեսական ճգնաժամը: Խնդիրն այն է, որ բոլոր հնարավոր միջոցներով պահեն այս ավտորիտար ռեժիմը»:

Անդրադառնալով հայտարարություններին, թե հաղթանակ գրանցելու համար ընդդիմադիր դաշտը պետք է միանա, Զ.Փոստանջյանը հարցադրում հնչեցրեց` ընդդեմ ինչի՞ միանա. «Ասում են` տեղի ունենա իշխանափոխություն, բայց ո՞ր ուժը գա իշխանության, որ իր տեղն ունենա այս համակարգում: Վարչապետը փոխվել է, դեմքը փոխվել է, բայց էությունը մնացել է նույնը: Եթե դեմ ենք, ինչի՞ն ենք դեմ: Ծրագրերով պետք է խոսենք, թե ինչին ենք դեմ»:

Պատգամավորը նշեց, որ եթե այս մարդիկ շարունակելու են մնալ ԵՏՄ կազմում, Թուրքիայի հետ սահմանին պահել ռուսական զորք, առանց հատուցման շարունակելու է մնալ ռուսական ռառազմաբազան, եթե այս մարդիկ շարունակելու են հավանության արժանացնել ազատագրված տարածքները հանձնելը, շարունակելու են մեր հայրենակիցներին ՀՀ քաղաքական կյանքին մասնակցելու հնարավորությունից զրկել, ապա ինչի շուրջ պետք է միավորվեն:

 

Տեսանյութեր

Լրահոս