«Ե՛վ Հայաստանի, և՛ ԵՄ-ի համար կան զգայուն հարցեր, որոնց լուծումները, իհարկե, կարող ենք գտնել». մեկնարկում է ՀՀ-ԵՄ բանակցությունների 4-րդ ռաունդը
Երևանում մեկնարկում է ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի բանակցությունների հերթական՝ չորրորդ փուլը, որը կենտրոնացած կլինի առևտրի և ներդրումների հարցերում տեքստերի համաձայնեցման վրա։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրին ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին և ՀՀ ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը։ Նա լրագրողներին տեղեկացրեց, որ տեքստերի մշակման աշխատանքներն են ընթանում, և հայկական կողմն ակնկալում է բավական լավ առաջընթաց։
«Տեսքստերի զգալի մասն այս քննարկումների շրջանակում կկարողանանք համաձայնեցնել»,- նման հույս հայտնեց Գարեգին Մելքոնյանը։ Փոխնախարարը նաև տեղեկացրեց, որ փաստաթղթում ներառված են 10-ից ավելի ոլորտներ՝ թափանցիկության, ապրանքների, առևտրի, մաքսային հարցերին առնչվող հարցեր, առևտրի տեխնիկական խոչընդոտներ՝ սերտիֆիկացիա, սանիտարիա, մտավոր սեփականության պաշտպանություն և այլ հարցեր, ավելին, հայկական կողմն ակնկալում է, որ փաստաթղթում կընդգրկվի նաև ներդրումների հարցը։
«Այս օրերին մենք Երևանում կազմակերպում ենք առևտրի և ներդրումների չորրորդ բանակցային ռաունդը։ Շատ դրական և կառուցողական եմ գնահատում աշխատանքները վերջին ամիսների ընթացքում»,- ասաց Մելքոնյանը՝ շարունակելով, որ կան երկու կողմերի համար զգայուն հարցեր, որոնց լուծումները, բնականաբար, կարող են գտնել։ «Ես կարծում եմ, որ քննարկումների միջոցով տեսանելի ապագայում կկարողանանք հասնել ընդհանուր հայտարարի»,- հստակեցրեց փոխնախարարը։
Գարեգին Մելքոնյանը նաև անդրադարձավ համաձայնագրի ստորագրման ժամկետներին՝ ընդգծելով, որ կարևորը համաձայնագրի բովանդակությունն է։ Ըստ նրա՝ համաձայնագիրն ունի շատ մասնագիտական ծածկույթ, բավական ծավալուն է։ «Լիահույս եմ, որ տեսանելի ապագայում կկարողանանք տրամաբանորեն ավարտին հասցնել այն»,- ասաց նա։
Իր հերթին՝ ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին ասաց, որ հայկական կողմի հետ բանակցելու նպատակով Հայաստանում է Բրյուսելից ժամանած բանակցային թիմը, ում հետ ինքը կհանդիպի այսօր երեկոյան։ «Փոխնախարարի շնորհիվ ես տեղեկացա առաջընթացի մասին, կարծում եմ, որ դա շատ կարևոր է։ Հարգելի բարեկամներ, այս շաբաթը բազմազբաղ է, շրջանակային համաձայնագրի լիագումար բանակցությունն այսօր պետք է անցկացվեր, բայց դժվարությունների պատճառով ԵՄ պատվիրակությունը հաջորդ օդանավին չհասավ, ուստի բանակցությունը վաղը տեղի կունենա։ Բայց կարող եմ մեկ բան ասել, որ այժմ կենտրոնացումն առևտրի և ներդրումների բաղադրիչի վրա է։ Համաձայնագրի քաղաքական գլուխները մեծապես բանակցվել են կամ բանակցվել էին, և քաղաքական մասը քիչ թե շատ տեսանելի է, ոլորտային համագործակցությունը քննարկվել է, առաջընթացը զգալի է եղել, այժմ ուշադրությունը տեղափոխվում է առևտրին և ներդրումներին։ Պարոն փոխնախարարն այն անձնավորությունն է, ով հայկական կողմից ամեն ինչ գիտի դրա մասին։ Ավելի հստակ տեղեկություններ հասանելի կդառնան այս շաբաթվա նիստից հետո»,- տեղեկացրեց դեսպան Սվիտալսկին։