Փոփոխություններ Քրեական դատավարության օրենսգրքում. քննիչը կկարողանա առարկություններ ներկայացնել վերադաս դատախազին հսկող դատախազի որոշումների և ցուցումների վերաբերյալ

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստի ընթացքում հաստատեց Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ մի շարք թերի կարգավորված կամ մինչ այս պահը չկարգավորված հարցեր են կարգավորվում։ «Նախագիծն անցել է քննարկումների տևական փուլ իրավապահ համակարգի և այլ շահագրգիռ մարմինների հետ»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը՝ նշելով, որ այս նախագծով իրավապահ մարմիններին հնարավորություն է տրվում միավորել հարուցված քրեական գործերը մեկ վարույթի շրջանակում այն դեպքում, երբ հարուցված քրեական գործերը, իրենց փաստական կազմից ելնելով, միանման են։ Ըստ նրա՝ սա հնարավորություն կտա խնայել թե ռեսուրսներ, թե ժամանակ, և ըստ էության, քրեական գործի քննությունն առավել արդյունավետ իրականացնել։

Երկրորդ կարգավորումը մինչ այս պահն առկա չէ Քրեական դատավարության օրենսգրքում. խոսքը հսկող դատախազի գրավոր ցուցումների և որոշումների վերաբերյալ վերադաս դատախազին առարկություններ ներկայացնելու մասին է։ «Մինչ այս պահը քննիչին իրավունք վերահապված չի եղել հսկող դատախազի ցուցումը բողոքարկել վերադաս դատախազին։ Այս նախագծով այդ իրավունքը վերապահվում է, և մտահոգությունները, որոնք քննիչը կունենա քրեական գործի հետ կապված, իրավունք կունենա բողոքարկել վերադաս դատախազին»,- ասաց արդարադատության նախարարը։ Այսպիսով, առաջարկվում է քննիչին իրավունք վերապահել գրավոր առարկություններ ներկայացնել վերադաս դատախազին հսկող դատախազի գրավոր ցուցումների կամ որոշումների վերաբերյալ՝ չկասեցնելով դրանց կատարումը: Ներկայացվող նախագծի շրջանակներում առաջարկվում է նաև սահմանել առարկությունները լուծելու յոթօրյա ժամկետ: Իսկ եթե նշված ժամկետում վերադաս դատախազը քննիչի առարկությունների կապակցությամբ որևէ որոշում չի կայացնում, ապա այդ առարկությունները համարվում են մերժված:

Արփինե Հովհաննիսյանի խոսքով՝ նոր կարգավորման շնորհիվ այն դեպքում, երբ անհրաժեշտ է ստանալ նշանակված փորձաքննության եզրակացությունը, և առանց այդ փորձաքննության եզրակացությունը ստանալու հնարավոր չէ լուծել հանցագործության մասին հաղորդման կապակցությամբ քրեական գործ հարուցելու կամ քրեական գործ հարուցելը մերժելու հարցը,  ապա հետաքննության մարմնի կամ քննիչի պատճառաբանված միջնորդության հիման վրա ժամկետը հսկող դատախազի որոշմամբ կարող է երկարացվել ևս մինչև 20 օր ժամկետով: Երկարացված ժամկետի ընթացքում այլ դատավարական գործողություններ կատարվել չեն կարող:

Մյուս կարգավորումն առնչվում է նախաքննության ժամկետի երկարացմանը, ինչը, ըստ նախարարի, կարող է ուղղակիորեն ազդեցություն ունենալ քաղաքացիների իրավունքների վրա։ «Այսօր, ըստ էության, երբ խոսում ենք այդ ժամկետի երկարաձգման մասին, միշտ երկու ամսից ոչ պակաս ժամկետով է երկարաձգում իրականացվում, մինչդեռ այս կարգավորմամբ հնարավորություն է տրվում մինչև երկու ամիս այն դեպքերում, երբ դատախազը կորոշի, որ թեկուզ քննիչին այս կամ այն դատավարական գործողությունը կատարելու համար անհրաժեշտ է 10, 15 օր և ոչ թե, օրինակ, երկու ամիս»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը՝ խնդրելով  նախագիծն անհետաձգելի ճանաչել՝ հաշվի առնելով, որ Քրեական դատավարության ամբողջական օրենսգիրքը մինչև տարեվերջ չի ընդունվի, իսկ սա հրատապ է իրավապահ մարմինների գործունեության համար։

Տեսանյութեր

Լրահոս