«3-4 հոգի Երևանից գալիս են, հուշագիր են ստորագրում և այդ թոփի պես տղերքին ասում են՝ գյադեք, էս յան, գյադեք, էն յան, չեք կարող լոռեցիներին նման բան անեք». Վահրամ Բաղդասարյան

«Ես հասկանում եմ պարոն Զուրաբյանին, որ արդեն իսկ սկսում է ասել՝ կաշառքներ, խախտումներ և այլն. մեր միասին կատարած աշխատանքի արդյունքում սկսել ենք նախօրոք ցեխ շպրտել»,- այսօր ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

Նա հորդորեց հանգիստ թողնել Վանաձորի և Գյումրիի քաղաքապետերին, այստեղի մթնոլորտն այնտեղ չտեղափոխել։

«Վանաձորի հետ կապված՝ ասում էին՝ ոչ իշխանական ուժերը միավորվել էին, բայց իշխանությունը թույլ չտվեց։ Խնդրում եմ ձեզ, գնացեք, նայեք ձեր ցուցակները, այնտեղ քանի՞ քաղաքական մարդ կա, որ խոսում եք քաղաքական գաղափարական մոտեցումների մասին, այնտեղ մի ընտանիքից 3 տարբեր մարդիկ տարբեր ցուցակներում են, այլ խնդիր է՝ եթե դուք այնքան կամք ունենայիք ու այդ ցուցակները կազմեիք քաղաքական մարդկանցից և  նախքան ընտրությունները կազմեիք կոալիցիա, իրավունք ունեիք ասելու, որ այդ մարդիկ իրենց քաղաքական պայմանավորվածությունները խախտեցին։ Քաղաքական պայմանավորվածությունները խախտում են քաղաքական գործիչները։ Խնդրում եմ, քաղաքական աղտոտված ձեռքերը հեռու պահեք լոռեցիներից, չի կարելի այդ մարդկանց պիտակավորել, նրանք գնացել են իրենց ավագանու ցուցակում ընդգրկվելու համար, նրանք չեն գնացել ձեր քաղաքական երազանքներն ի կատար ածելու համար։  Ասում եք՝ ոչ իշխանական ուժեր, ձեզ երբ պետք է՝ ոչ իշխանական եք, երբ պետք է՝ իշխանական եք, երբ պետք չէ՝ կիսաիշխանական եք։ Մի հատ կողմնորոշվեք։ Մեկ նպատակի շուրջ 3-4 հոգի Երևանից գալիս են, հուշագիր են ստորագրում և այդ թոփի պես տղերքին  ասում են՝ գյադեք, էս յան, գյադեք, էն յան, չեք կարող լոռեցիներին նման բան անեք»,- հայտարարեց Վ. Բաղդասարյանը։

Նա նշեց, որ նախընտրական շրջանում ընդդիմադիրները մեկը մյուսի հասցեին լուտանքներ, հայհոյանքներ էին հնչեցնում. «Հետո մեկ գիշերվա մեջ եկել են, ասում են՝ եկեք մի օրով ամուսնանանք, այս տղերքին խաբենք, ասենք՝ բերեք ձայն տվեք։ Նրանք քաղաքական մարդիկ չեն, գնացել են իրենց քաղաքում գործ անեն։ Այդ մարդիկ չեն կարող այդ կաթսայում լինել։ Գնացեք, նայեք՝ այդ մարդիկ ովքեր են, նախկինում ում հետ են եղել, ում համար են աշխատել, և խոսում եք մարդագողության մասին, մենք մարդագողությամբ չենք զբաղվում, դուք զբաղվել եք մարդաորսությամբ, որ ձայներ հավաքեք, ձեր դեմքը պահեք։ Ողջունում եմ այդ քայլը, բա քաղաքական դաշտ է։ Տեսնո՞ւմ եք՝ ինչ հոխորտալով ասում եք՝ մենք Գյումրիում և Վանաձորում կարողացանք ունենալ ավագանու անդամներ,  բա ունեցաք, այդ մեր աճեցրած մարդկանց հաշվին։ Ողջունում եմ ձեզ»։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս