Բաժիններ՝

«Սթրեսներով լի մեր առօրյան հանգեցրել է հոգեկան հիվանդությունների զգալի և մտահոգիչ աճի». ՀՀ ԱՆ գլխավոր հոգեբույժ

Հոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության միջազգային օրն է: Այս առիթով հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում բանախոսներ՝ ՀՀ Առողջապահության նախարարության գլխավոր հոգեբույժ, Նուբարաշենի հոգեբուժական կենտրոնի տնօրեն Սամվել Թորոսյանն ու Հայկական հոգեբուժական ասոցիացիայի պատասխանատու քարտուղար, ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ, «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի գլխավոր հոգեբան Խաչատուր Գասպարյանը լրագրողների հետ խոսեցին ազգային հոգեբանության հարցերի, ինչպես նաև հասարակության հոգեկան առողջության վրա ճգնաժամային իրավիճակների ազդեցությունների մասին:

Սամվել Թորոսյանը նկատեց՝ ավելի քան 25 տարի ամբողջ աշխարհում այս օրը նշվում է՝ որպես Հոգեկան առողջության օր. «Կյանքը ցույց է տալիս, որ սթրեսներով լի մեր առօրյան և շատ ու շատ այլ ազդակներ հանգեցրել են հոգեկան հիվանդությունների զգալի և մտահոգիչ աճի: Եվրոպայում արդեն այսօր յուրաքանչյուր 7-րդ մարդը տառապում է հոգեկան կամ վարքային այս կամ այն խախտումներով»:

Ըստ բանախոսի՝ սա բավականին լուրջ թիվ է, որ ներկայացված է համաշխարհային առողջապահական ասոցիացիայի կողմից.

«Մեզ մոտ՝ Հայաստանում, վիճակը համեմատաբար բարվոք է: Մենք ունենք հաշվառված 55 հազար մարդ, որոնց հետ առնչվում է մեր կազմակերպությունը, և որոնցից ակտիվ աշխատանքներ տարվում են միայն 20-25 հազարի հետ: Մեզանում հոգեկան խնդիրներ ունեցող անձանց թիվը համեմատաբար շատ է, պարզապես նրանք համապատասխան օգնություն ստանալու համար չեն դիմում բուժհաստատություններ: Հստակ պատկեր ստանալու համար պաշտոնական թիվը կարող ենք բազմապատկել և նույնիսկ եռապատկել և չենք սխալվի»:

Եթե Ռուսաստանում առավել ակնառու են ալկոհոլիզմի հետևանքով սրացող հոգեկան հիվանդությունները, ապա Հայաստանում քրոնիկ հոգեկան հիվանդությունների ցանկում գերիշխում են շիզոֆրենիան և մտավոր թերզարգացածությունը.

«Աշխարհն իսկապես մտահոգված է այս հիվանդությունների թվի աճով, հատկապես, եթե արդեն 2020 թվականին հոգեկան հիվանդությունները կընդգրկվեն առավել տարածվածների առաջին հնգյակում, իսկ անաշխատունակության արդյունքում առաջացող հոգեկան հիվանդությունները՝ դեպրեսիաները, կլինեն առաջին հորիզոնականում»:

Օգտվելով լրագրողների հետ հանդիպման հնարավորությունից, բանախոսը հորդորում է՝ առավել հոգատար ու սիրալիր լինել այն մարդկանց նկատմամբ, ովքեր ունեն խնդիրներ՝ կապված հոգեկան առողջության հետ.

«Առողջ մոտեցումն ու ընկալումները կարող են մեծապես մեղմել հասարակության և նրանց միջև առկա անջրպետը: Այս մարդիկ, առաջին հերթին, կարիք ունեն բարյացակամ ու սիրալիր վերաբերմունքի: Ինձ ուղեկցել էին Կրետե կղզում գտնվող մի հոգեբուժարան, որտեղից հիվանդների մեծամասնությանը տեղափոխել էին բազմապրոֆիլ հիվանդանոց՝ հատկացնելով նրանց մի հարկաբաժին: Սա հատուկ մշակված ծրագիր էր, որպեսզի վերանա այդ անջրպետն ու մեկուսացումն այս հիվանդների նկատմամբ: Ի՞նչ տարբերություն՝ մարդու հոդե՞րն են ախտահարված, ստամո՞քսը, թե՞ հոգեկան աշխարհը: Սա նույնպես հիվանդություն է, որին կարելի է և պետք է վերաբերվել ադեկվատ: Ինձ դուր չի գալիս նաև ժողովրդի մոտ ընդունված այն անվանումը, որով նրանք բնութագրում են հոգեբուժարանները: Սրանք հիվանդանոցներ են, ինչպես մնացած բոլոր բժշկական հաստատությունները, որտեղ մարդիկ գալիս են բուժվելու»:

Լուսանկարը՝ armeniasputnik.am-ի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս