Կառավարության անկեղծության, արդարացումների ու մեղադրանքի ժամը

Երեկ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանից թե՛ առաջ, թե՛ հետո բավական աշխույժ էր։ Նախ` անվտանգության աշխատակիցները մեծ շառավղով լրագրողներին պատնեշել էին ԱԺ ժամանող նախարարներից և հատկապես` վարչապետ Կարեն Կարապետյանից։ Որպես հիմնավորում` նշվեց միայն խորհրդարանի այդ հատվածը` հատուկ պահպանվող տարածք լինելու հանգամանքը, ինչը, ըստ էության, աննախադեպ էր։

Եվ եթե ԱԺ միջանցքներում դեռ հնարավորություն եղավ նախարարներին հարցեր ուղղելու, ապա Կարեն Կարապետյանը չորրորդ իշխանության համար անհասանելի մնաց։
ԱԺ դահլիճում, սակայն, վարչապետն անկեղծացավ` պետական ապարատում բարձր որակավորում ունեցող անձանց ներգրավելու անհրաժեշտության և նրանց համապատասխան վարձատրության խնդիրը մնում է բաց։

«Պայմանավորվել ենք, չէ՞, անկեղծ խոսենք։ Չգիտեմ, իրո՛ք չգիտեմ։ Պետք է ընտրել մարդկանց, որոնք միսիա են տեսնում»,- ասաց նա։ Ըստ Կ.Կարապետյանի` այս փուլում պետական ծառայողների աշխատավարձերի բարձրացման մասին խոսելն ավելորդ է և ճիշտ չի լինի, երբ այլ կարևոր հարցեր դեռևս չեն լուծվել։ «Բայց վերջ-առաջ` պետական կառավարման համակարգն էֆեկտիվ դարձնելու համար մենք անպայման այդ հարցին պետք է անդրադառնանք, հակառակ դեպքում չենք ունենալու որակյալ կառավարիչներ։ Դա իրականում խնդիր է»,- ասաց վարչապետը։

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հարցը` «արդյոք հնարավո՞ր է ապրել այն կենսաթոշակներով, որով այսօր ապրում են Հայաստանում», ստիպեց արդարացման խոսքեր փնտրել ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին։ Ըստ նրա` ՀՀ պետական բյուջեում սոցիալական պաշտպանությանն ուղղվող ծախսերը կազմում են ծախսերի շուրջ 30 տոկոսը, և վերջին տարիներին այն ծախսերը, որոնք սոցիալական պաշտպանության ոլորտին են ուղղվել, գնալով ավելացել են։ Նա ընդգծեց, որ միայն վերջին 2 տարիների ընթացքում յուրաքանչյուր տարի շուրջ 15 տոկոսով ավելացել է կենսաթոշակի միջին չափը, և ներկայումս կենսաթոշակի միջին չափը կազմում է շուրջ 41 հազար դրամ։

Կարդացեք նաև

«Արդյոք դա բավարա՞ր է. իհա՛րկե բավարար չէ։ Այն խնդիրները, որ ունենք մենք` նաև որպես հասարակություն, վերաբերում է առաջին հերթին` նրան, որ մենք ծերացող հասարակության խնդիրներին ենք նաև առնչվում։ Իհարկե, 2017 թվականի բյուջեի նախագծում կոնկրետ կենսաթոշակների չափերի բարձրացման հետ կապված միջոցներ ձեռնարկված չեն, բայց դա նաև պայմանավորված է այսօվա իրողություններով, ընդհանուր սոցիալ-տնտեսական խնդիրներով և այն առաջնահերթ լուծելիք խնդիրներով, որ այսօր ՀՀ կառավարությունն իր ծրագրով կներկայացնի հանրությանը և Ազգային ժողովին»,- նշեց նախարարը։

ՀՀ Պաշտպանության նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանը, ի պատասխան ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանի խնդրանքի ներկայացրեց իր տեսլականը պաշտպանության բնագավառի հետագա զարգացման վերաբերյալ։

«Նոր լինելով, այնուամենայնիվ, ոլորտին լավ ծանոթ եմ, որովհետև Պաշտպանության նախարարությունը ոչ այլ ինչ է, քան նախագահի աշխատակազմի ևս մի դրսևորում` որպես գերագույն գլխավոր հրամանատարի գործիք` զինված ուժերի վերահսկողության։

Կարծում եմ` այդ առումով ձեզ համար հասկանալի է, որ այն ծրագրերը, որ իրականացվելու են, լինելու են հիմնված զինված ուժերի և բանակի նկատմամբ գերագույն գլխավոր հրամանատարի և վարչապետի տեսլականի վրա, որն է` 25-րդ տարում մեր ազգային բանակի գոյության` անցում կատարել բանակաշինությունից դեպի ազգ-բանակի կառուցում, որովհետև հաշվի առնելով այն իրականությունը, որում գտնվում է մեր պետությունը, քաղաքական մարտահրավերները, ակնհայտ է, որ չափով մեծ բանակը շարունակելու է մնալ մեր իրականության մի մասը»,- հայտարարեց նորանշանակ նախարարը։

Վիգեն Սարգսյանի խոսքով` պետք է հասկանալ երկու կարևոր գործոն` ինչպե՞ս է պետք անել, որպեսզի բանակը, ինչպես հաճախ ընդունված է ասել, շատ ծանր բեռ լինելուց` դառնա այդ տնտեսության և պետության առաջատարը և շոգեքարշը. «Դա նշանակում է, որ ոչ միայն նրանք, որ ծառայում են զինված ուժերում, այլ ողջ ազգաբնակչությունը պետք է բանակի հետ կապված բազմաթիվ ծրագրեր ունենա։ Բանակը կարող է այդ առումով դառնալ ոչ թե խնդիր, այլ լուծում։ Բանակը պետք է, հասարակության հայելին լինելուց բացի` լինի նաև հասարակության դպրոցն ու դարբնոցը»։

Առողջապահության նորանշանակ նախարար Լևոն Ալթունյանը լրագրողների հետ զրույցում բավական բացահայտ մեղադրանք հնչեցրեց իր նախորդի հասցեին։ Պարզվում է` առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանից հանրությունը դժգոհ է եղել։

Հարցին` արդյոք դա՞ էր Մուրադյանի պաշտոնանկության պատճառը, Լ. Ալթունյանը պատասխանեց, որ պատճառների մասին տեղյակ չէ։

Համակարգում նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ նախարարը խոստացավ իրազեկել առաջիկայում` երբ իր ծրագիրը պատրաստ կլինի, կհաստատվի և կներկայացնի։ Թե ինչո՞վ է տարբերվելու իր նախորդից, Լ. Ալթունյանը հայտարարեց` «թափանցիկությամբ և արդյունավետությամբ»։

Իսկ ահա ՀՀ Մշակույթի նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանն իր նախորդի` Հասմիկ Պողոսյանի «պատիվը գետնով չտվեց»։

«Հասմիկ Պողոսյանի հետ համեմատություններին վերջ տվեք։ Հասմիկ Պողոսյանն իմ ընկերն է և Հասմիկ Պողոսյանը ֆունդամենտալ աշխատանք է կատարել։ Ես այսօր պարզապես փորձում եմ զարգացման վեկտորները փոխել»,- ասաց նա։

Անդրադառնալով իր անձի շուրջ մամուլում տեղ գտած հրապարակումներին (այդ թվում` ԱՄՆ «Գրին քարտ» ունենալու)` Ա. Ամիրյանը նշեց, որ ԱՄՆ-ի «Գրին քարտի» համար չի դիմել, այլ այն շնորհվել է իրեն` իր գործունեության համար, ու, թեև մշտական ԱՄՆ տեղափոխվելու հնարավորություն ունեցել է, սակայն մտադրություն` ոչ, 1995 թվականից ներդրումներ է կատարում այդ երկրում, իր տղան ու աղջիկն այս պահին ԱՄՆ-ում ուսանում են և աշխատում, բայց իրենց ձեռք բերած գիտելիքները կներդնեն հայրենիքի բարգավաճմանը։ Նրա խոսքով` Հայաստանում ևս ներդրումներ է կատարել, ստեղծվել են ռադիոկայաններ, հեռուստաընկերություն, մշակութային կենտրոն։

ԳԱՅԱՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«168 ԺԱՄ» թերթ

Տեսանյութեր

Լրահոս