««ԳԱԼԱ» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների հաջողությունները լոկալ են». Արմեն Աշոտյան

Ինչպես սեպտեմբերի 18-ին, այնպես էլ հոկտեմբերի 2-ին ՏԻՄ ընտրությունները փաստեցին, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) մնում է քաղաքական համակարգի առաջատարը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Այդ գնահատականը ոչ միայն և, այս պարագայում՝ ոչ այնքան քաղաքական է, որքան նախևառաջ՝ վիճակագրական, և ամբողջությամբ հիմնված է այն արդյունքների վրա, այն թվերի վրա, որ ես պատրաստ եմ այսօր ձեզ ներկայացնել։ Հոկտեմբերի 2-ի ընտրություններին մենք ունեինք խոշորացված համայնքներով 292 համայնք Հայաստանում, որտեղ ընտրություններ էին տեղի ունենում։ 292 խոշորացված համայնքներում Հանրապետական կուսակցությունը միայն իր անդամներով հաղթանակ է տարել համայնքների 60-ից ավելի տոկոսում՝ 176 համայնքում»,- ասաց Արմեն Աշոտյանը՝ նշելով, որ եղել են տասնյակ համայնքներ, որտեղ առաջադրել և սատարել են անկուսակցական թեկնածուների։ Նշված ցուցանիշում չեն մտնում անկուսակցական թեկնածուները։ Նրա խոսքով՝ մինչ ընտրությունը եղած ժամանակահատվածում կուսակցությունը մոտ 65 տոկոս չափաբաժին ուներ.

«Այսինքն՝ Հանրապետական կուսակցությունը ՏԻՄ ընտրությունների արդյունքում պահպանել է իր ղեկավար դերը, իր կարևոր կշիռը՝ Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմիններում»։

Արմեն Աշոտյանն ասաց, որ, բոլոր խնդիրներով  հանդերձ, որ դեռ ուղեկցում են մեր ընտրություններին, աներկբա է, որ այս ընտրությունները եղել են որակապես շատ ավելի բարվոք: Նա նշեց, որ ընտրությունների որակը և արդյունքներն ամբողջությամբ բավարարում են ՀՀԿ-ին.

Կարդացեք նաև

«Մենք կարծում ենք, որ ժողովրդի տված վստահության քվեն լավագույն պատասխանն է այն հոռետեսներին, որոնք այս 15 տարի կանխատեսում են ՀՀԿ քաղաքական պարտությունները»։

Անդրադառնալով Գյումրի և Վանաձոր քաղաքներում կայացած ընտրություններին՝ Արմեն Աշոտյանն ասաց, որ գալիք խորհրդարանական ընտրություններից առաջ, այս ընտրությունները հետաքրքիր փորձադաշտ էին տարբեր քաղաքական կոնֆիգուրացիաների համար, և հետաքրքիր հնարավորություն՝ փորձարկելու քաղաքական տեխնոլոգիաներ։

«Կարող ենք արձանագրել, որ հանրապետության երկրորդ և երրորդ քաղաքներում Հանրապետական կուսակցությունը և սատարող թեկնածուները ստանում են ժողովրդի վստահության քվեն և տեղական ինքնակառավարման մարմիններում ձևավորելու են համապատասխան կառավարման թիմեր։ Կարծում եմ՝ պակաս կարևոր և հետաքրքիր չէ, թե ինչպես իրենց դրսևորեցին այլ քաղաքական ուժերը։ Իհարկե, մենք վերլուծում ենք նաև այլ քաղաքական ուժերի պահվածքը, արդյունքները և այլն՝ շատ պարզ պատճառով՝ ապրիլ ամսին խորհրդարանական ընտրություններին հիմնականում մրցելու ենք նորից այս քաղաքական թիմերի հետ»,- ասաց Արմեն Աշոտյանը՝ նշելով, որ արդյունքները թույլ են տալիս նախ՝ եզրահանգել, որ շատ վաղ էր հաշվից հանել ավանդական ընդդիմադիր կուսացություններին։ Ըստ նրա՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը վերահաստատեց իր՝ մրցունակ քաղաքական ուժ լինելը Գյումրիում և կարողացավ նաև սեփական ներկայացվածությունն ապահովել Վանաձորում։ ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հիմնադրած «Հայկական վերածնունդ» կուսակցությունը ևս շատերի համար անսպասելի հաջողություն գրանցեց՝ երկու քաղաքներում գրավելով երրորդ տեղը։

Խոսելով «ԳԱԼԱ» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների մասին՝ Արմեն Աշոտյանն ասաց, որ ողջունելի է քաղաքական դաշտում նոր խաղացողների ի հայտ գալը, որոնք հաջողությունների են հասնում, սակայն այդ հաջողությունները  նա չի պրոյեկտում ողջ հանրապետության վրա, քանի որ, ըստ նրա,  ակնհայտ է, որ նշյալ կուսակցությունների հաջողություններն այս փուլում լոկալ են։

«Որքանով կհաջողվի այս նոր քաղաքական դերակատարներին ստանձնել գլոբալ քաղաքական առաջնորդություն, մեծապես կախված է ընդդիմադիր դաշտի հետագա զարգացումներից։ Ակնհայտ է, որ և՛ «Բարգավաճ Հայաստան», և՛ «Հայկական վերածնունդ» կուսակցությունները, վերահաստատելով իրենց դիրքերը՝ որպես ընդդիմադիր մրցունակ քաղաքական ուժեր, ավելի բարդ բանակցային պարտնյորներ կլինեն նորելուկ քաղաքական ուժերի համար։ Խոսելով միասնական ընդդիմության մասին՝ ուզում եմ, որ մենք միասին պատկերացնենք իրականում գաղափարական միասնական ընդդիմություն, ոչ թե պարսից շահի զորք, որը բազմազգ է, բազմատեսակ է, գուցե մեծ է, բայց այնուհանդերձ՝ մրցունակ ու մարտունակ չէ այս պարագայում»,- ասաց Արմեն Աշոտյանը՝ փաստելով, որ «ԳԱԼԱ»-ն Գյումրիում պարտվեց «Հայկական վերածնունդին», և, որ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի նորաստեղծ այդ կուսակցությունը Գյումրիում հավաքեց նույնքան ձայն, որքան մինչ այդ անհայտ «Գյումրեցու ոգի» կուսակցությունը.

«Կարծում եմ՝ քաղաքական հետագա ամբիցիաների համար այս կուսակցությունն օբյեկտիվ հիմքեր չունի, գոնե Գյումրիի և Վանաձորի ընտրության արդյունքով։ Չգիտեմ՝ ինչպիսի ռազմա և մարտավարություն իրենք կդրսևորեն ապագայում, բայց, այնուհանդերձ, այս փուլում ակնհայտ է, որ այս քաղաքական նախագիծը ձախողվեց՝ չծնված»։

Անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը՝ Արմեն Աշոտյանը նշեց, որ 2012թ. ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը Վանաձորից 1000-ով ավելի ձայն է ստացել, քան նրա ստեղծած «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ երեկ կայացած ՏԻՄ ընտրություններում։

Տեսանյութեր

Լրահոս