«Ի՞նչն է խնդիրը, որ մեր երկրում քաղաքական ապաստան ավելի քիչ են խնդրում»

Այսօր Ազգային ժողովում քննարկվում է «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին հարցը, որով առաջարկում են լրացնել նոր բովանդակությամբ կետ, որից կհետևի, որ ապաստան հայցողներին տրվում է անվճար փաստաբանական օգնություն։

Հիմնական զեկուցող, Տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն ասաց, որ օրենքի նախագիծը ներկայացվել է ԱԺ համապատասխան հանձնաժողովում և դրական եզրակացության է արժանացել։

Նա նաև նկատեց, որ ապաստան հայցողների շատ հոսքեր և դիմումներ չենք ունեցել վերջին տարիներին։ Այդ փաստաբանական օգնությունը փոխհատուցվելու է բյուջեից։

Պատգամավոր Թևան Պողոսյանը հետաքրքրվեց, թե արդյոք կա՞ վիճակագրություն, թե Սիրիայից եկած փախստականներից քանի՞սն են դիմել և ի՞նչ խնդրանքով։ Ի պատասխան՝  Վ. Տերտերյանն ասաց, որ սիրիահայերն ապաստան չեն հայցում, նրանք այլ կարգավիճակով են այստեղ, իսկ օրենքն ավելի շատ ապաստան հայցողներին է վերաբերում։

«Ինձ ավելի շատ այստեղ հետաքրքրում է քաղաքական պահը, ինչքանով հասկացանք՝ ՀՀ-ում քաղաքական ապաստան կամ չեն հայցում, կամ էլ շատ քիչ են հայցում։ Ի՞նչն է խնդիրը, որ մեր երկրում քաղաքական ապաստան ավելի քիչ են խնդրում»,- հետաքրքրվեց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը։

Նախագծի հարակից զեկուցող Էլինար Վարդանյանը նշեց, որ ինքը վիճակագրություն չունի, իսկ հիմնական զեկուցողը չանդրադարձավ այդ հարցին։

Տեսանյութեր

Լրահոս