Պուտինը հերքում է հաքերային գործողությունների մասին ԱՄՆ-ի մեղադրանքները
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, թե իր երկիրը որեւէ կապ չունի ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեի փաստաթղթերը հաքերային հարձակման ենթարկելու փաստի հետ։
Հիշեցնենք, որ այս տարի ավելի վաղ կուսակցության ազգային կոմիտեի էլեկտրոնային հազարավոր նամակներ էին ենթարկվել հաքերային հարձակման, փաստաթղթեր, որոնք շատերի կարծիքով, ապացուցում են, որ Դեմոկրատական կուսակցության ներսում արտոնյալ մոտեցում է ցուցաբերվել Հիլարի Քլինթընի նկատմամբ, երբ վերջինս կուսակցական ընտրություններում պայքարում էր ընդդեմ Բերնի Սանդերսի։
Ամերիկյան «Բլումբերգ» հանդեսին տված հարցազրույցում Պուտինն ասել է, թե հաքերային հարձակումն իրականացնողների վրա կենտրոնանալու հանագամանքը շեղում է մարդկանց ուշադրությունն ավելի կարեւոր փաստից.
«Արդյո՞ք ընդհանրապես կարեւոր է, թե ով է հափշտակել այդ փաստաթղթերը Քլինթընի նախընտրական շտաբից։ Չեմ կարծում։ Կարծում եմ, որ ամենակարեւորը հանրությանը մատուցված պարունակությունն է։ Եվ խոսակցությունն ա՛յս ուղղությամբ պիտի ընթանա։ Հարկավոր չէ հանրության ուշադրությունը շեղել խնդրի բուն էությունից՝ շատ ավելի փոքր հարցեր վեր բարձրացնելու եղանակով։ Սակայն ես նորից ուզում եմ ասել, ես ոչինչ այդ մասին չգիտեմ, եւ պետական մակարդակով Ռուսաստանը դա երբեք չի արել»,- «Ամերիկայի ձայնի» հաղորդմամբ՝ ասել է Պուտինը։
Պուտինը նաեւ հերքել է «Բլումբերգի» այն մեղադրանքները, թե հաքերային հարձակման միջոցով Ռուսաստանը փորձել է իր ազդեցությունը գործել ԱՄՆ-ի եկող նախագահական ընտրությունների արդյունքի վրա։
Հիշեցնենք, որ փաստաթղթերի հրապարակումից ի վեր պաշտոնաթող է եղել ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեի նախագահ Դեբբի Վասերման Շուլցը։ Փաստաթղթերի հափշտակմամ մեջ Դեմոկրատական կուսակցությունը եւ ԱՄՆ-ի հետախուզական գործակալությունները պարբերաբար մեղադրել են Ռուսաստանի հետախուզական ծառայություններին։
Ռուսաստանի նախագահի հարցազրույցը հրապարակվում է Մեծ քսանյակի գագաթաժողովից երկու օր առաջ։