Ինչո՞վ շահեց և տուժեց Հայաստանը՝ ԵՏՄ-ին անդամակցությունից

«ԲՀԿ-ն կողմ էր քվեարկել ԵՏՄ-ի անդամակցությանը, բայց մենք չենք արդարացրել, որ միանգամից կտրուկ փոփոխություն է արվել ԵՄ-ի հետ Խոր և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրից, որ մի 4 տարի բանակցվում էր՝ դեպի ԵՏՄ անդամակցություն: Լայն առումով՝ մենք ասել ենք, որ այդ պահին դա մեր հանրապետության անվտանգության հետ է կապված, և այլն, բայց ասել, որ այս փուլում մենք մեծ հաջողություններ ունենք ԵՏՄ կազմում, իհա՛րկե ոչ»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ խոսելով 3 տարի առաջ սեպտեմբերի 3-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կայացրած որոշման մասին՝ անդամակցել ԵՏՄ-ին:

Miqael Melkumyan2Ըստ նրա՝ ԵՏՄ-ում Հայաստանի հաջողությունների բացակայությունը մասամբ պայմանավորված է Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցներով, նավթի էժանացման և այլ գործոններով, այդ թվում՝ տրանսֆերտների կտրուկ նվազմամբ, սակայն ԵՏՄ-ում իրավական դաշտը, տնտեսական կանոնակարգումները, թեև հեռու են եվրոպականից, բայց սերտիֆիկացումը, ստանդարտացումը, շուկաները և նման տիպի մյուս խնդիրները Հայաստանի համար ինչ-որ տեղ շահեկան են:

Սակայն, Մ.Մելքումյանի կարծիքով, Հայաստանը չկարողացավ լիարժեք օգտվել ռուս-թուրքական գժտությունից և բանջարեղենի, մրգի ու այլ գյուղմթերքի արտահանումն ավելացնել. «Այսինքն՝ խնդիրը երկսայր է՝ և՛ դրականը կա, և՛ բացասականը: Այն, որ ժամանակային առումով չեմ կարող շատ դրական բան ասել, դա է փաստ: Բայց շանսեր էլ կան, որ կախված են մեր հանրապետությունում տնտեսական զարգացումների, ունակությունների, կարողությունների ամբողջ համակարգից»:

Հարցին՝ արդյոք ԵՏՄ-ին անդամակցելու հիմնավորումը, որ նաև անվտանգության խնդիր է լուծվում, արդարացվա՞ծ է ապրիլյան պատերազմից հետո, Մ.Մելքումյանը պատասխանեց. «Բնականաբար, այստեղ լուրջ քննադատելու բան կա, որ ՌԴ-ն զենք է վաճառում մեր հակառակորդին: Ես այնքան էլ կողմնակից չեմ, որ սա բիզնես է, և ինքն իրավունք ունի, մենք նաև ռազմավարական դաշնակից ենք, բայց այստեղ էլ մեր արտաքին մարտահրավերներին դիմակայելու ունակությունների մեջ է խնդիրը: Այսինքն՝ մեր արտաքին քաղաքականությունն էլ պետք է կարողանա այդ ռիսկերը մեղմել: Եթե երկու կողմից էլ լիներ բարի կամք և համապատասխան մոտեցում, իհարկե, բոլորովին այլ իրավիճակում կլինեինք»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս