«Աղմուկը տրամաբանական է, երբ խոսվում է տարբեր փոխզիջումների մասին». Գագիկ Մինասյան

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը ամենասկզբունքային հարցում ունեն միմյանց հակասող տեսակետներ, ինչն էլ թույլ չի տալիս, որպեսզի կողմերն առաջ շարժվեն և մոտենան կարգավորման վերջնական փուլին: Այսօր  լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը: «Ամենասկզբունքային հարցը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն է: Հայկական կողմն առանց վերապահումների հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Ադրբեջանն էլ ասում է ճիշտ հակառակը: Հենց սա է, որ թույլ չի տալիս գործընթացն առաջ տանել և հասնել կարգավորման երկրորդ, երրորդ փուլին»,- ասաց Մինասյանը:

Պատգամավորը հավելեց, որ հակամարտությունը պետք է վերջնական կարգավորում ստանա փոխզիջումների միջոցով, սակայն կրկնեց, որ ամենակարևոր և սկզբունքային հարցը ԼՂ կարգավիճակն է, որի շուրջ կողմերը համաձայնության չեն գալիս: Նրա խոսքով՝ տեսանելի ապագայում հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չի լինի, քանի որ նախադրյալներ չկան, որ ադրբեջանական կողմը կհամաձայնի հայկական կողմի պնդման հետ, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում երբեք չի կարող լինել:

«Աղմուկը տրամաբանական է, երբ խոսվում է տարբեր փոխզիջումների մասին, բայց դա վնասում է բանակցային գործընթացին: Բանակցային գործընթացը, իր առանձնահատկություններով, պետք է որոշակի ինֆորմացիոն պատնեշով ծածկված լինի, որը թույլ կտա, որ բանակցողները հասնեն վերջնական փուլ»,- ընդգծեց Գագիկ Մինասյանը:

Պատգամավորի խոսքով՝ հակամարտության վերջին փուլում, եթե կողմերը կարողանան հասնել այդ փուլին, անպայման պետք է մասնակցի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: «Վերջին փուլում խոսքը գնում է մեծ համաձայնագրի ստորագրման մասին: Այս փուլին անպայման պետք է մասնակցի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Այլ կերպ չի կարող լինել: Սակայն այդ վերջին փուլին պետք է նախորդի սկզբունքների հստակեցումը: Հակամարտող կողմերը վերջին փուլին երբեք չեն հասել, քանի որ կողմերը երբեք նույն տեսակետը չեն հայտնել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում»,- նշեց պատգամավորը:

Կարդացեք նաև

Գագիկ Մինասյանը նաև կարծիք հայտնեց, որ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո հակամարտության կարգավորման ամենակարևոր սկզբունքներից մեկը՝ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառումը միջազգային հանրության համար առավել կարևոր են դարձել:

«Մենք տեսնում ենք, որ այս կարևոր սկզբունքն ամրապնդելու համար քայլեր են ձեռնարկվում: Արդեն իսկ հայտարարվել է ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի թիմն ընդլայնելու մասին, իսկ դրան պետք է հաջորդի շփման գծի ողջ երկայնքով հրադադարի խախտումները հետաքննող մեխանիզմների ներդրումը: Դրան կհաջորդեն ուղիղ գնահատականները այն կողմի նկատմամբ, որը կխախտի հրադադարը: Այսօր միջազգային հանրության համար ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը դարձել է ավելի կարևոր և ընկալելի, ուստի մենք պետք է մեր ջանքերն ուղղենք այս հարցում հաջողություն արձանագրելուն»,- ասաց Մինասյանը՝ կարծիք հայտնելով, որ հետաքննության մեխանիզմների ներդրումը հնարավորություն կտա մեծապես նվազեցնել պատերազմի վտանգը:

 

Տեսանյութեր

Լրահոս