Հայաստանցի 7 ուսանող Չիվնինգի շնորհիվ կսովորեն Միացյալ Թագավորության լավագույն բուհերում
Չիվնինգ կրթաթոշակային ծրագիրն այս տարի Հայաստանից ընտրված 7 ուսանողի հնարավորություն կտա սովորել Միացյալ Թագավորության առաջատար բուհերում: Բրիտանիայի կառավարության Չիվնինգի կրթաթոշակների ծրագիրն իրականացվում է աշխարհի ավելի քան 100 երկրներում: Կրթաթոշակները տրամադրվում են առաջնորդության ունակություններ ունեցող լավագույն դիմորդներին և ամբողջությամբ ֆինանսավորում են Մեծ Բրիտանիայի ցանկացած բուհի մեկ տարվա մագիստրոսի ծրագիր: Կրթաթոշակը հովանավորում է Բրիտանիայում 12 ամիս ուսանելու ծախսը, ներառյալ՝ ապրելու և միջազգային թռիչքի ծախսը:
Այս տարվա կրթաթոշակառուներին Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը հաջողություն մաղթեց՝ վստահություն հայտնելով, որ ավարտելուց հետո կկարողանան իրենց ներդրումն ունենալ Հայաստանի զարգացման գործում:
168.am-ի հետ զրույցում Չիվնինգի այս տարվա կրթաթոշակառուները պատմեցին, թե այստեղ ինչով են զբաղվել, ինչու որոշեցին դիմել ծրագրին, ՄԹ որ համալսարաններն են ընտրել, ինչ են գրել մոտիվացիոն նամակներում ու ինչ նպատակներ ունեն:
Արևմտյան Լոնդոնի համալսարանի Ֆիլմերի արտադրության բաժին ընդունված Սեդա Գրիգորյանն ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետը: Հայաստանում նա աշխատել է իր մասնագիտությամբ, կարծում է, որ Հայաստանում մեդիա դաշտը բավականին հետաքրքիր է դարձել, բայց ցանկանում է խորացնել կրթությունը հենց կինոյի ասպարեզում. «Մոտիվացիոն նամակում գրել եմ, որ ցանկանում եմ ավելի զարգացնել կինոյի ոլորտում իմ հմտությունները, գիտելիքները և նպաստել Հայաստանում կինոյի զարգացմանը»:
Գյումրեցի Կարինե Մկրտչյանն այստեղ զբաղվում է հագուստի մոդելավորմամբ ու արտադրությամբ, նաև Գյումրիի «Կանանց տիրույթ» հ/կ նախագահն է, որի նպատակը կին ձեռներեցներին օգնելն է: Չիվնինգին դիմել է, որպեսզի նորացնի բիզնեսի ոլորտում ունեցած գիտելիքները: Սովորելու է Էդինբուրգի համալսարանի Ձեռնարկատիրություն և նորարարություն բաժնում. «Նպատակ ունեմ հագուստի մոդելավորման իմ ձեռնարկությունը զարգացնել և մասամբ տանել էլեկտրոնային բիզնեսի»: Կարինեն մասնակցում է Գյումրիի զարգացմանն ուղղված մի շարք ծրագրերի և մոտիվացիոն նամակում դրա մասին էլ է գրել. «Շատ մեծ աշխատանքային փորձ ունեմ, ու երևի տեսել են, որ ի վիճակի եմ ոչ միայն իմ անհատական ձեռնարկության շրջանակներում օգուտ բերել, այլ նաև ավելի լայն շրջանակներում. ինձ օգնելով՝ միայն ինձ չեն օգնելու, այլ շատ մարդկանց»:
Սասեքսի համալսարանի Գենդեր և մեդիա բաժինն է ընդունվել Անի Ասատրյանը: Այստեղ Անին սովորել է ԵՊՀ մշակութաբանության բաժնում, Ժամանակակից արվեստի ինստիտուտում, աշխատել տարբեր մեդիա-հարթակներում: «Ինձ մոտ մի շրջան եկավ, երբ հասկացա՝ Հայաստանում կրթություն ստանալու հնարավորություններս որոշակիորեն սպառված եմ համարում և այլ տեսակի ինստիտուցիոնալ կրթության սուր կարիք եմ զգում: Ընկերներիցս մեկի՝ նախորդ տարվա կրթաթոշակառու Ռուզաննա Գրիգորյանի խորհրդով՝ որոշեցի դիմել Չիվնինգին»: Ընտրել է Գենդեր և մեդիա ոլորտը, որովհետև իրեն այս պահին հետաքրքրում է, թե ինչպես է մեդիան ստիպում պատկերի միջոցով ընկալել մեր սեփական մարմինները. «Մոտիվացիոն նամակում փորձել եմ ցույց տալ իմ անցած ճանապարհը՝ կապված հիմնականում կրթության հետ: Փորձել եմ ցույց տալ Հայաստանի կրթական ոլորտում եղած այն սուր բացը, որից առաջանում է դրսում ինստիտուցիոնալ կրթություն ստանալու կարիքը: Փորձել եմ ցույց տալ, թե ինչ միջոցներ եմ ձեռնարկել Հայաստանում այդ բացերը լրացնելու համար, որպեսզի պարզ լինի, որ որոշակիորեն սպառել եմ բոլոր հնարավորությունները, ու դրանից էլ առաջացել է դրսում կրթություն ստանալու կարիքը»:
ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետում սովորած Աստղիկ Գևորգյանն աշխատում է Կենտրոնական բանկում: Չիվնինգ ծրագրին դիմելու շարժառիթը նոր գիտելիքներ ստանալն ու միջազգային բիզնեսի ասպարեզում կայանալն է: Ընտրել է Սբ. Էնդրյուի համալսարանի Միջազգային բիզնես բաժինը. «Վերադառնալուց հետո կշարունակեմ աշխատել Կենտրոնական բանկում: Մոտիվացիոն նամակում էլ գրել եմ, որ զբաղվում եմ զարգացման ծրագրերով ու վերադառնալուց հետո էլ եմ դա շարունակելու»:
Այս տարի Չիվնինգի կրթաթոշակառուների մեջ արական սեռի երկու ներկայացուցիչ կա: Տղաներից մեկը՝ Տարոն Հարությունյանը, ընդունվել է Գլազգոյի համալսարանի Տնտեսական զարգացում բաժինը: Տարոնն ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանն ու Ամերիկյան համալսարանը, ու հիմա ցանկանում է խորացնել գիտելիքները տուրիզմի զարգացման բնագավառում. «Էքստրեմալ տուրիզմի զարգացման ուղղությամբ ծրագրեր ունեմ, որոնք վերադառնալուցս հետո փորձելու եմ իրականացնել»:
Տղաներից մյուսը՝ Միքայել Սամվելյանը, ընդունվել է Օքսֆորդի համալսարանի Համակարգչային գիտություն բաժինը: Միքայելը սովորել է ԵՊՀ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում, աշխատել է որպես ծրագրավորող. «Որոշեցի դիմել Օքսֆորդ, որպեսզի ստանամ կրթություն համակարգչային գիտությունների այն նեղ ոլորտում, որն այստեղ դեռ այդքան զարգացած չէ ու նպատակ կա հետագայում զարգացնելու»:
Չիվնինգ կրթաթոշակային ծրագրին 2017-18թթ. ուս. տարվա համար դիմել կարելի է մինչև ս.թ. նոյեմբերի 8-ը: Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ.: