Բաժիններ՝

6 ուսանողի Չիվնինգ ծրագիրը հնարավորություն ընձեռեց սովորելու Միացյալ Թագավորության լավագույն բուհերում

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ Բրիտնիայի կառավարության Չիվնինգի կրթաթոշակների ծրագիրն իրականացվում է աշխարհի ավելի քան 100 երկրներում: Կրթաթոշակները տրամադրվում են առաջնորդության ունակություններ ունեցող լավագույն դիմորդներին և ամբողջությամբ ֆինանսավորում են Մեծ Բրիտանիայի ցանկացած բուհի մեկ տարվա մագիստրոսի ծրագիր:

Կրթաթոշակը հովանավորում է Բրիտանիայում 12 ամիս ուսանելու ծախսը, ներառյալ՝ ապրելու և միջազգային թռիչքի ծախսը: 2015-16 ուս. տարվա համար Հայաստանից ընտրվել են 6 երիտասարդներ, որոնք սովորելու են Միացյալ Թագավորության առաջատար բուհերում:

Ընտրված մասնակիցներն այսօր հանդիպեցին Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչին, որը նրանց շնորհավորեց Միացյալ Թագավորության լավագույն բուհերում սովորելու հնարավորություն ստանալու առիթով:

168.am-ը զրուցեց այս տարվա Չիվնինգի կրթաթոշակառուների հետ, որպեսզի պարզենք, թե ո՞ր համալսարաններում են սովորելու, ի՞նչ նպատակներ ունեն և ի՞նչ են գրել մոտիվացիոն նամակում, որն այս ծրագրի ամենակարևոր բաղադրիչներից մեկն է:

33-ամյա Ռուզաննա Գրիգորյանը ընդունվել է Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքագիտության համալսարանը և սովորելու է փիլիսոփայություն ու հանրային քաղաքականություն մագիստրոսական ծրագրում. «4-5 տարի է՝ ակտիվ հասարակական գործունեություն եմ ծավալում, գործնական դաշտում մեծ փորձ ունեմ կուտակված, որը բերել է ինչ-որ հարցերի, որոնց լուծման համար տեսական գիտելիքի կարիք եմ զգում:

Միայն կրթաթոշակի առկայության պարագայում կարող էի գնալ այլ երկրում սովորելու ու որոշեցի դիմել Չիվնինգ կրթաթոշակների ծրագրին: Մոտիվացիոն նամակում գրել էի, որ ունեմ նշածս փորձառությունը և հիմա եկել է պահը, որ նոր ձևով նայեմ այդ փորձին, ավելի կառուցողական գործունեություն ծավալեմ: Մոտիվացիոն նամակում պետք է շատ անկեղծ լինել, և եթե դու իրոք գիտես՝ ինչ ես ուզում ու հավատում ես քո ուզածին, դա ավելի համոզիչ է:

Սկզբում դիմում ես բուհեր, այնտեղ էլ ես ուղարկում մոտիվացիոն նամակ, դիմումի փաթեթ: Ես զուգահեռ դիմել էի նաև Չիվնինգին: Շատ վաղուց կարդալու և մտածելու ժամանակի կարիք էի զգում, որովհետև 8-10 ժամյա աշխատանքից հետո այդ հնարավորությունը համարյա չունես: Այն հնարավորությունը, որ տալիս է ուսանողական կյանքը, բացառիկ է: Ինձ համար սա հրաշալի հնարավորություն է, որ կա մի կրթաթոշակ, որը հոգում է քո բոլոր ծախսերը, ուղղակի մնում է կենտրոնանալ սովորելու վրա: Սա այն է, ինչ ես իսկապես ուզում էի»:

24-ամյա Աննա Նիկողոսյանը սովորել է Ֆրանսիական համալսարանի կառավարում բաժնում, այնուհետև՝ ԵՊՀ մարդու իրավունքներ և ժողովրդավարություն բաժնում, իսկ սեպտեմբերից սովորելու է Մանչեսթերի համալսարանում՝ գենդեր, սեռականություն և մշակույթ մագիստրոսական ծրագրում. «Մոտիվացիոն նամակում ավելի շատ փորձել եմ պատմել ինքս իմ և իմ նպատակների մասին, որոնք հետևյալներն են՝ մեր երկրում ունենալ կանանց և տղամարդկանց հավասար իրավունքներ, Հայաստանում տարածել ֆեմինիստական գաղափարախոսությունը: Այդ պատճառով որոշել եմ ավելի հարստացնել իմ գիտելիքները, որպեսզի կարողանամ ճիշտ կերպով մատուցել այդ գաղափարախոսությունը և

ճիշտ կերպով ապացուցել մարդկանց, թե ինչո՞ւ են հավասար հարաբերություններն ավելի լավ: 7 տարի աշխատել եմ կանանց իրավունքների ոլորտում, եղել եմ «Հասարակություն առանց բռնությունների» ՀԿ գործադիր տնօրենը և երբ վերադառնամ, բնականաբար, շարունակելու եմ իմ գործունեությունը կանանց իրավունքների ոլորտում, պատրաստվում եմ ավելի շատ կանանց և աղջիկների օգնել»:

Քեմբրիջի համալարան ընդունված 24-ամյա Մանե Ադամյանը, ով սովորելու է զարգացման ուսումնասիրություններ մագիստրոսական ծրագրում, ավարտել է Երևանի պետական համալսարանը, մասնագիտությամբ եվրոպագետ է: «Չիվնինգ ծրագրի համար կարևոր է լիդերության պոտենցիալ ունենալն ու քո երկիր վերադառնալուն պես ինչ-որ բան փոխելու նպատակները:

Մոտիվացիոն նամակում գրել եմ իմ անցած ճանապարհի, իմ ակտիվ գործունեության մասին, նշել եմ նաև աշխատանքային փորձիս մասին, որ դեռ ուսանողական տարիներին աշխատել եմ մի քանի հետազոտական նախագծերի վրա, իսկ ավարտելուն պես աշխատել տարբեր կառույցներում: Չիվնինգ ծրագրի համար կարևոր է, թե հետո Հայաստանի համար ինչքանո՞վ օգտակար կլինես:

Ես շատ հետաքրքրված եմ քաղաքական ինստիտուտների զարգացմամբ և հետագայում ուզում եմ կենտրոնանալ դրա վրա, նաև աղքատության դեմ պայքարի քաղաքականություն ուսումնասիրել՝ դրսում ի՞նչ կա և մեզ նման անցումային պետությունների համար ընդհանրապես ի՞նչ մոդելներ են աշխատում ու այդ ուղղությամբ փորձել ինչ-որ հատուկ բան մտածել, նաև հակակոռուպցիոն ծրագրերով եմ հետաքրքրվում»:

22-ամյա Վարդուհի Ավանեսյանը մի շատ կարևոր նպատակով է գնում սովորելու. «Ծնունդով Ղարաբաղից եմ ու շատ եմ ուզում ընդլայնել գիտելիքներս միջազգային իրավունքի ասպարեզում, որեսզի կարողանամ կոնֆլիկտի լուծման հարցում իմ ներդրումն ունենալ: Ցանկանում եմ ընդլայնել գիտելիքներս ոչ միայն միջազգային իրավունքի, այլ նաև միջազգային բիզնես իրավունքի բնագավառում, դրա համար ընտրեցի Բիրմինգհեմի համալսարանը և որոշեցի դիմել Չիվնինգ ծրագրին:

Բիրմինգհեմի համալսարանը մշակում է շատ հոյակապ ծրագիր, որը հնարավորություն է տալիս կոնֆլիկտաբանության ու միջազգային իրավունքի բնագավառում ձեռք բերել ոչ միայն տեսական, այլև գործնական գիտելիքներ: Բացի գիտելիքից՝ հնարավորություն է ստեղծվում ձեռք բերել ընկերներ, հաստատել կապեր տարբեր երկրների ուսանողների հետ, և ինչու չէ՝ նրանց ուշադրությունը ներգրավել Ղարաբաղի և Հայաստանի վրա»:

Ընտրված մասնակիցներից արական սեռի միակ ներկայացուցիչը Տիրայր Վարդազարյանն է, ով աշխատում է որպես փաստաբան, ընդգրկված է մի շարք կազմակերպություններում որպես իրավաբան, և դասավանդում է Երևանի պետական համալսարանում. «Ես հանդիսանում էի աղբյուր, որն ավելի շատ տալիս է, քան ստանում որևէ տեղից, և անհրաժեշտ էր համակարգված ձևով գիտելիքների ձեռքբերում: Այլ ծրագրերի էլ եմ մասնակցել, բայց որոշեցի դիմել նաև Չիվնինգին:

Մոտիվացիոն նամակ գրելու փորձ ունեի ու հստակ գիտեի, թե ինչ պետք է գրել: Նման նամակներ պատրաստելու ամենակարևոր հանգամանքն այն է, որ կարողանաս ճիշտ ներկայանալ ու նշել, թե ինչի համար ես գնում: Վերադառնալուց հետո պատրաստվում եմ կիսվել իմ փորձով, հանդես գալ ինչպես պետական մարմինների հետ համագործակցությամբ , այնպես էլ նրանց սխալները ցույց տալու տարբերակով: Չիվնինգ ծրագրով սովորում ես ոչ թե քեզ համար, այլ՝ քո երկրին

աջակցելու, դու պարզապես խողովակ ես, որի միջով դա պետք է անցնի ու գա Հայաստան, ինչը պարտավորեցնող է»:

Չիվնինգ կրթաթոշակային ծրագրին 2016-17թթ. ուս տարվա համար դիմել կարելի է մինչև ս.թ. նոյեմբերի 3-ը: Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս