Բաժիններ՝

«Չիվնինգ կրթաթոշակից օգտվողը պետք է անպայման վերադառնա իր երկիր, նպաստի իր երկրի զարգացմանը». Նաիրա Սուլթանյան

Բրիտնիայի կառավարության Չիվնինգի կրթաթոշակների ծրագիրն իրականացվում է աշխարհի ավելի քան 100 երկրներում: Կրթաթոշակները տրամադրվում են առաջնորդության ունակություններ ունեցող լավագույն դիմորդներին և ամբողջությամբ ֆինանսավորում են Մեծ Բրիտանիայի ցանկացած բուհի մեկ տարվա մագիստրոսի ծրագիր: Կրթաթոշակը հովանավորում է Բրիտանիայում 12 ամիս ուսանելու ծախսը, ներառյալ՝ ապրելու և միջազգային թռիչքի ծախսը:

Կրթաթոշակային ծրագրի մասին մանրամասն տեղեկություններ ստանալու համար զրուցեցինք Բրիտանական դեսպանատան քաղաքական գծով պատասխանատու, Չիվնինգ կրթաթոշակային ծրագրի հայաստանյան ղեկավար Նաիրա Սուլթանյանի հետ:

– Ի՞նչ նպատակով և ե՞րբ է ստեղծվել այս ծրագիրը, և, առհասարակ, ի՞նչ նպատակների է ծառայում Հայաստանում և տարածաշրջանում:

– Չիվնինգ անունը ծագում է Քենթում գտնվող Չիվնինգ Հաուսից, որտեղ ապրում են Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարն ու փոխվարչապետը: Հենց այստեղ է գաղափարն առաջացել, ուստի որոշել են ծրագիրն անվանել Չիվնինգ Սքոլորշիփ: Ծրագիրը գործում է 1983թ.-ից: Նպատակն է՝ աշխարհով մեկ ստեղծել Միացյալ Թագավորության ընկերների ցանց, այսինքն՝ մարդիկ, ովքեր փորձ ունեն այդ երկրում ապրելու, շատ ավելի լավ են հասկանում այդ երկիրը: Բայց նաև հստակ պահանջ կա՝ Չիվնինգ կրթաթոշակից օգտվողը պետք է անպայման վերադառնա իր երկիր, նպաստի իր երկրի զարգացմանը:

– Ովքե՞ր կարող են դիմել այս կրթաթոշակը ստանալու համար, և ի՞նչն եք կարևորում ընտրություն կատարելիս:

– Ինչպես և ենթադրվում է՝ ամեն ինչ առցանց է. օնլայն դիմում ես, հարցաթերթիկ լրացնում, հարցաթերթիկի կարևորագույն մասերից մեկը քո հիմնավորումն է՝ ինչո՞ւ ես ցանկանում այնտեղ սովորել: Այստեղ մի նրբություն կա, և շատ անգամ դիմորդները թերանում ու դրա վրա չեն կենտրոնանում. Չիվնինգ կրթաթոշակը չի փնտրում միայն ակադեմիական կրթություն ստանալ ցանկացող մարդկանց: Մենք փնտրում ենք մարդկանց, ովքեր ունեն առաջնորդ լինելու ցանկություն, պլաններ, բարեփոխումների օրակարգ: Երբեմն դիմորդներին թվում է, որ իրենց նախկին գերազանց կրթությունը կամ ինչ-որ պատվոգրեր և այլն, մեծ դեր են խաղում, բայց իրականում մեզ պետք են փոփոխությունների օրակարգ ունեցող մարդիկ:

Անգլերեն լեզվի իմացությունը պարտադիր է, մենք պահանջում ենք 6.5 IELTS, բայց դիմորդները պետք է ուշադիր լինեն, որովհետև, եթե այն համալսարանը, որտեղ իրենք ուզում են սովորել, պահանջում է ավելի բարձր նիշ, իրենք պարտավոր են ավելի բարձր ստանալ:

Օրինակ՝ ես ավարտում եմ ժուռնալիստիկայի ֆակուլտետի բակալավրը, կարո՞ղ եմ դիմել այս կրթաթոշակին, ասենք, Մարդու իրավունքներ բաժնի համար:

– Միանշանակ կարող եք, բայց մեզ դիմելուն զուգահեռ՝ պետք է դիմեք Միացյալ Թագավորության համալսարաններ, որտեղ ուզում եք սովորել: Գործընթացի վերջում՝ կրթաթոշակը հաստատելուց առաջ, մեզ պետք է ապացուցեք, որ համալսարանից ունեք ընդունելության առաջարկ: Այսինքն դիմորդն ուղիղ շփվում է բուհի հետ, որն ունի իր առանձին պահանջները: Բուհեր դիմելու պրոցեսը քննություն չի ենթադրում, լրացվում է հայտադիմում որտեղ դիմորդը նորից հիմնավորում է՝ ինչո՞ւ է ցանկանում այնտեղ սովորել, ի՞նչ է անելու հետագայում, և այլն: Եթե դուք լրագրող եք, բայց ուզում եք սովորել իրավագիտություն, ապա պետք է հիմնավորեք, թե ինչո՞ւ:

– Առաջարկվող մասնագիտությունների ցանկը (Իրավունք և իրավագիտություն, Հանրային կառավարում, Հանրային քաղաքականություն և կառավարում, Քաղաքագիտություն և հասարակագիտություն, Էկոնոմիկա, Ֆինանսներ, Բիզնես, Ինովացիա Միջազգային հարաբերություններ / կոնֆլիկտաբանություն) ի՞նչ սկզբունքով է որոշվել, և դրանք փոխելու նպատակներ չկա՞ն:

– Քանի որ պետական կրթաթոշակ է (այլ ոչ թե՝ բարեգործական հիմնադրամ, որտեղ դիմում են ուսանողները), այն պետական քաղաքականության շարունակությունն է և հենց սրանով էլ պայմանավորված է ոլորտների ընտրությունը: Նշված ոլորտները Միացյալ Թագավորության առաջնահերթություններն են և՛ Հայաստանում, և՛ տարածաշրջանում: Ամեն տարի վերանայում ենք ոլորտները, բայց կտրուկ փոփոխություններ սովորաբար չեն լինում:

Հիմնականում ո՞ր մասնագիտությունների համար են դիմում:

– Բոլոր ոլորտների համար էլ դիմողներ կան, ավելի քիչ են դիմում կոնֆլիկտաբանություն սովորելու համար, ինչը շատ զարմանալի է՝ հաշվի առնելով հայաստանյան hամատեքստը: Ավելի շատ դիմում են ուսանելու հանրային կառավարում, իրավագիտության, այսինքն՝ այն, ինչ այստեղ էլ մեծ պահանջարկ ունի: Նշեմ, որ մեր շրջանավարտներն աշխատում են և՛ պետական կառույցներում, և՛ բիզնես ոլորտում, և՛ հասարակական կազմակերպությունների լիդերներ են, և այլն:

Այս պահի դրությամբ՝ Հայաստանից մոտավորապես 110 շրջանավարտ ունենք:

Չիվնինգը ունի բազմաթիվ գործընկերներ: Այս տարի ունենք տեղական համագործակցություն «Լույս» հիմնադրամի հետ, որի համար շատ ուրախ ենք: Այն մեզ թույլ տվեց երկու Լույս-Չիվնինգ կրթաթոշակառու ունենալ հեղինակավոր Քեմբրիջ համալսարանում, որտեղ կրթությունն անհամեմատ թանկ է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս