«Ես մնացի հայաստանցի, որովհետև ուզում էի հայ մնալ». Նաիրա Սարգսյան

Մարսելաբնակ Նաիրա Սարգսյանի մուտքը Haute-couture անցել է երկար տարիների դժվարհաղթահարելի մի ուղով: Մասնագիտական կրթությունը Նաիրան ստացել է Ֆրանսիայում՝ ձեռք բերելով ոճաբան-մոդելավորողի պրոֆեսիոնալ հմտություններ: Թեև հիմա՝ երկար տարիներ անց, նրա անունը հայտնի է տեղի նորաձևության աշխարհի ներկայացուցիչներին ու բարձր նորաձևություն նախընտրող հաճախորդներին, այնուամենայնիվ, 168.am-ի հետ զրույցում Նաիրան պատմեց, որ ամեն ինչ սկսվել է երևանյան արվարձանային, ոչնչով աչքի չընկնող մի ատելիեից, որտեղ ինքը շարքային աշխատող էր՝ զարմանալիորեն մեծ թվով հաճախորդներ գրավելու չբացահայտված տաղանդով:

Իր համար առաջին զգեստը կարել է 13 տարեկանում, երբ նորաձևության աշխարհ մտնելու մասին չէր էլ մտածում: Ինչպես հետո, մեր զրույցի ընթացքում պարզվեց, Նաիրան պիտի դառնար դաշնակահարուհի, այդպիսին էին ցանկանում նրան տեսնել ծնողները, որին ինքը մեծ իմաստով դեմ չի էլ եղել: Պարզապես ճակատագիրը նրա համար բոլորովին այլ ուղի էր նախանշել.

– Մեր ընտանիքում միայն ես եմ զբաղվում այս գործով: Մասնագիտության ընտրությունը շատ անսպասելի եղավ: Թեև փոքրուց տիկնիկներիս համար կարում էի ու նաև նկարում էի, բայց իմ հիմնական ժամանակը նվիրել եմ դաշնամուրին: Ծնողներիս ցանկությունն էր, որ ես դառնայի երաժիշտ, ու դա կարծեմ շատ օրինաչափ ցանկություն էր, հատկապես՝ սովետական տարիների համար՝ դաշնամուր կամ ջութակ: Ես, իհարկե, երաժիշտ չդարձա, բայց այնպես ստացվեց, որ այստեղ՝ Մարսել տեղափոխվելուց հետո էլ՝ թե՛ իմ ստուդիայի, թե՛ տան համար դաշնամուր ձեռք բերեցի: Ամեն տեղ ես նվագում եմ՝ էլ ի՞նչ հայ, որ դաշնամուր չունենա (ժպտում է.- Ն.Մ.):

Naira Sargsyan (1) Naira Sargsyan (2) Naira Sargsyan (3) Naira Sargsyan (4) Naira Sargsyan (5) Naira Sargsyan (6)

Ստացվեց այնպես, որ մորս կորցրեցի այդ տարիներին, և հանգամանքների բերումով՝ մտերիմ ընկերուհուս հորաքրոջ խորհրդով մենք երկուսով գնացինք կար ու ձև սովորելու: Հենց առաջին տարին, պրակտիկա անցնելու համար ես ընդունվեցի երևանյան ատելիեներից մեկը, որտեղ, ի ուրախություն ինձ, միանգամից աշխատանքի ընդունեցին: Երևի բախտս բերեց: Ատելիեում այդ պահին կանացի մոդելավորող չունեին: Չանցած մեկ տարի, իմ հաճախորդների թիվն արդեն գերազանցում էր տեղում երկար տարիներ աշխատած դերձակների հաճախորդներինը:

– Ձեր հաջողությունը գաղտնիք ունե՞ր:

– Մեր աշխատողներից մեկն ինձ ասում էր՝ երբ դու քո այդ լայն ժպիտով դիմավորում ես հաճախորդներին, պարզ չէ՞, որ նրանք, բնականաբար, նորից քեզ մոտ են գալու: Բայց ես զարմանում էի՝ իսկ ինչպե՞ս կարելի է մարդուն տեսնել ու չժպտալ, երբ նրանք քեզ մոտ են գալիս:

– Դուք ֆատալի՞ստ եք:

– Հիմա արդեն գիտեմ, որ դու ինքդ ես ստեղծում քո ճակատագիրը: Հետաքրքիր է, որ ձգտումներդ իրականանում են, որովհետև դու ինքդ ուզում ես, որ դրանք իրականանան: Ես սպիրիտուալիստ եմ և արդեն շատ երկար տարիներ ուսումնասիրում եմ այդ ոլորտը: Եթե դու դրական էմոցիաների կրող ես, ապա դա նույնկերպ և անվերապահորեն վերադառնում է քեզ: Հիմա ես պատկերացնում եմ, թե որքա՜ն բան կարող էի փոխել իմ կյանքում, եթե ի սկզբանե հետևեի սպիրիտուալիզմի օրինաչափությանը:

Naira Sargsyan (7) Naira Sargsyan (8) Naira Sargsyan (9) Naira Sargsyan (11)

– Շատ փոխելու բան կա՞, երբ ետ եք նայում:

– Եթե հաշվելու լինենք, որ իմ անձնական՝ զուտ կանացի կյանքում ես մեծ, նույնիսկ անհաղթահարելի թվացող դժվարություններ եմ հաղթահարել, որոնց մասին, սակայն, չէի ցանկանա բարձրաձայն խոսել, ապա միանշանակ՝ այո՛, շատ բան այլ կերպ կլիներ: Բայցև նշեմ, որ իմ նեղ անձնական կյանքը, որքան էլ այն խորդուբորդ ճանապարհներով է անցել, անվերապահորեն հանգեցրել է իմ մասնագիտական աճին, որովհետև ես ինձ ամբողջությամբ և լիովին նվիրել եմ իմ աշխատանքին և, իհարկե, տղայիս, որ արդեն 16 տարեկան է ու, կարելի է ասել՝ իմ աջ ձեռքն է: Նա է հեղինակը իմ բոլոր գովազդային ազդագրերի: Բացի այդ, տղաս նաև իր ուժերն է փորձում փորձարարական կինոյի ոլորտում: Արդեն նկարահանած մեկ ֆիլմ ունի:

Naira Sargsyan (10) Naira Sargsyan (12) Naira Sargsyan6 Naira Sargsyan56 (1) Naira Sargsyan56 (2) Naira Sargsyan56 (3)

– Ի՞նչ ճանապարհ եք անցել՝ որպես ոճաբան-մոդելավորող:

– Օ՜, դա շատ բարդ ճանապարհ էր: Առաջին տունը, որ վարձեցի այստեղ, այնքան փոքր էր, որ ստիպված տան հատակին էի անում չափ ու ձևս: Մյուս կողմից՝ այնքան անձնական խնդիրներ ունեի, որ արդեն չէի կենտրոնանում տեխնիկական բնույթի խնդիրների վրա, ուղղակի շատ արագ գտնում էի աշխատելու ամենաարդյունավետ եղանակն ու մտածում էի միայն առաջ շարժվելու մասին: Ես երբեք չեմ մտածել, որ կարող եմ հետընթաց ապրել: Ո՛չ, որովհետև ես նպատակ ունեի՝ դառնալ բարձր նորաձևության հաջողակ մոդելավորող, և հիմա էլ այդ ճանապարհի վրա եմ դեռ: Երկրորդ տունս մի քիչ ավելի մեծ էր նախորդից, բայց այս անգամ ստիպված էի իմ աշխատանքով գրավել տղայիս ողջ սենյակը: Այնուամենայնիվ, պայմաններս չէին ներում ավելիին:

Զրույցի ընթացքում մեզ միացավ Նաիրա Սարգսյանի կնքամայրը՝ տիկին Ժոզետ Ջերհալյանը, ով ամուսնու՝ Օնիգ Ջերհալյանի հետ միասին հանդիսանում են JAF-ի (JAF-ը՝ (Jaunésse Arménien de Franc) Մարսելում գործող հայկական ամենահայտնի մշակութային կենտրոնի կամավորներ, ինչպես նաև Մարսելի գլխավոր հայկական՝ Սրբոց Թարգմանչաց եկեղեցու բարերարներ):

Naira Sargsyan56 (4) Naira Sargsyan56 (5) Naira Sargsyan56 (6) Naira Sargsyan111 (1) Naira Sargsyan111 (2) Naira Sargsyan111 (3) Naira Sargsyan111 (4)

Նաիրա Սարգսյան –  Տիկին Ժոզետը եկավ հենց այն պահին, երբ ես արդեն պետք է պատմեի իր մասին: Մենք շատ վաղուց ենք ճանաչում իրար: Մի անգամ այստեղ՝ Մարսելում, ցուցադրություն էր կազմակերպվել, որին մասնակցում էին հիմնական աշխատանք չունեցող, բայց ձեռքի շնորհքով օժտված մարդիկ: Ես, իհարկե այդ ժամանակ հիմնական աշխատանք չունեի, իսկ կարիքներ շատ ունեի: Պետությունից չնչին գումար էինք ստանում, որով հազիվ ծայրը ծայրին էի հասցնում, բայց մեծ եռանդով պատրաստվում էի այդ ցուցադրությանը: Մեկը եղավ, ինձ ասաց, որ կարող եմ գնալ մոտակա հայկական եկեղեցին և օգնություն ստանալ: Չնայած չէի ուզում և ամոթը խեղդում էր, բայց ի՞նչ արած, գնացի:

Ստացվեց այնպես, որ ես այնտեղ հանդիպեցի իմ դրկից հարևանին, ու չգիտեմ ինչի՝ մի այնպիսի հուզմունք պատեց ինձ, որ ուղղակի սկսեցի լաց լինել: Արդեն պատրատվում էի դուրս գալ, բայց աշխատողներից մեկն ինձ կանգնեցրեց, որովհետև զգաց, որ համարյա փախչում եմ այդտեղից:

Ասաց՝ կանգնեք, այդ ո՞ւր եք գնում, ինչո՞ւ եք գնում, ինչո՞ւ եք այսքան հուզված: Ինքն ուղղակի աշխատող չէր, այլ, ինչպես հետագայում կյանքը ցույց տվեց, իմ պահապան հրեշտակներից մեկը, որով ինձ ծանոթացրեց այս մարդկանց հետ, ովքեր այնքան պիտի փոխեին իմ կյանքն այս բարդ ճանապարհն անցնելու համար… Ես, իհարկե, դուրս չեկա, մնացի՝ շնորհիվ այդ կնոջ: Ինձ հարցրեցին՝ ի՞նչ ազգից ես, շատ հպարտ ասացի՝ հայ եմ, ոճաբան-մոդելավորող, նայեք, իմ հագի կոստյումը ես եմ կարել ու նաև հաճախորդներ ունեմ:

Ես ամեն կերպ ջանում էի լավ տպավորություն թողնել, որ հանկարծ չկարծեին, թե ինչ-որ մեկն եմ, որ ընդունակ չէ ոչնչի ու եկել է իր բաժին օգնությունը ստանալու և հեռանալու: Նաև ասացի, որ առաջիկա օրերին ցուցադրություն կլինի, որի ընթացքում կլինեն նաև իմ մոդելավորած հագուստները: Ասաց՝ ես քեզ կծանոթացեմ հայ ամուսինների հետ, նրանք քեզ կօգնեն, եթե կարիքը լինի, կհրավիրենք նրանց քո ցուցադրությանը: Եկավ ցուցադրության օրը, իրենք չկան… Բայց ես այնպես անհամբեր սպասում էի… Արդեն երեկոյան 22:00-ն անց էր, հանկարծ մի գեղեցիկ զույգ է մոտենում ինձ ու հարցնում ՝ ո՞վ է այստեղ մոդելավորող Նարիա Սարգսյանը: Ասում եմ՝ ես եմ, տիկինը պատասխանում է՝ ես Ժոզետն եմ…

Naira Sargsyan111 (8) Naira Sargsyan111 (9) Naira Sargsyan111 (10)

Ահա այսպես է սկսվել տիկին և պարոն Ջերհալյանների հետ մեր բարեկամությունը: Իմ հաջորդ ցուցադրությունը կազմակերպվեց հենց տիկին Ժոզետի անմիջական օգնությամբ և մասնակցությամբ:

Ժոզետ Ջերհալյան.– Այո, մենք շատ էինք ցանկանում օգնել Նաիրային, որովհետև միանգամից հասկացանք, որ ինքը շնորհալի և չափազանց նպատակասլաց կին է: JAF-ի հնարավորություններով մենք օգնեցինք կազմակերպել Նաիրայի հաջորդ ցուցադրությունը, որն անցավ հիանալի մթնոլորտում և մեծ հաջողություն բերեց իր հետագա մասնագիտական կյանքում:

Այդ ցուցադրությունը բացառապես համախմբված ջանքերի արդյունքում իրականացվեց: Մանեկենները JAF-ի հայ պարուհիներն էին, վարսահարդարումն ու դիմահարդարումը վստահեցինք մեր ընկերներին: Մի խոսքով, ամեն բան արվեց միացյալ ուժերով համատեղ: Դեֆիլեից հետո ճաշ մատուցեցինք: Ցուցադրությունից հետո կարծեմ Նաիրայի հաճախորդների թիվն աստիճանաբար ավելացավ: Նկատելի էր, որ հաջողությունը շատ հեռու չէր իրենից:

Նաիրա Սարգսյան.- Գիտե՞ք, իրենք ինձ դուրս հանեցին միայնությունից, ու դա շատ կարևոր խթան հանդիսացավ ինձ համար, որովհետև ես հասկացա, որ թիկունքս դատարկ չէ: Հենց դրանով է պայմանավորված նաև այն հանգամանքը, որ իրենք դարձան իմ կնքահայրն ու կնքամայրը: Բառերով անհնար է նկարագրել, թե ես որքան շնորհակալ եմ այս մարդկանց՝ իմ կյանքում իրենց ներկայության համար:

– Կպատմե՞ք «Naira Sargsyan» բրենդի և բուտիկի ստեղծման մասին:

– Ես այս թաղամասում եմ ապրում, ու երկար ժամանակ քաղաքային տրանսպորտի կանգառը, որով ես երթևեկում էի հենց այս բուտիկի հարևանությամբ էր: Գիտե՞ք, ճակատագիր հիշեցնող մի բան կար այս ամենում. ես միշտ զգացել եմ, որ այս տարածքն իմն է լինելու, և այդպես էլ ի վերջո եղավ: Սկզբում այստեղ գրախանութ էր, հետո այն փակվեց, ուրիշ մի բան դարձավ: Մի օր ինձ զանգում են ու ասում, որ՝ տարածքն ազատ է, կցանկանա՞ք այն զբաղեցնել: Ես էլ հենց դրան էի սպասում, ասում եմ՝ ուզում եմ, դա իմ երազանքն է: Եկանք-նայեցինք, սարսափելի վիճակում էր տարածքը՝ քանդված, անպետք մի բան էր հիշեցնում: Ես նույնիսկ լուսանկարել եմ, որպեսզի հետո համադրեմ իմ ստեղծած ներկայի հետ: Համատեղ ուժերով՝ ընկերներիս հետ միասին, մենք վերանորոգեցինք իմ բուտիկը, ու այն դարձավ «Naira Sargsyan» ապրանքանիշը ներկայացնող ընկերության այցեքարտը: Դա 2010 թիվն էր՝ արդեն ուղիղ 6 տարի…

– Կա՞ն կտորի կամ հումքի տեսակներ, որոնցով հատկապես նախընտրում եք աշխատել:

– Կան, ժանյակը, մետաքսը կաշին, մորթեղենը: Կտորեղենի կամ հումքի ընտրությունը կախված է նրանից, թե ի՞նչ զգեստի վրա եմ աշխատում այդ պահին:

– Ձեր ստեղծած հավաքածուներում կա՞ հատուկ մի զգեստ, որ շատ կարևոր է Ձեզ համար:

– Այո: Դա մի զգեստ է, որով ես ստեղծել եմ անմոռուկ ծաղիկը: Այս զգեստը Ցեղասպանության 100-ամյա տարելիցի խորհրդանիշն է, միաժամանակ նաև՝ հայկական վերածնունդը, որը նվիրել եմ Ցեղասպանության 100-ամյա տարելիցին:

– Ովքե՞ր են Ձեր հաճախորդները:

– Իմ հաճախորդները հիմնականում հրեաներ են, և դա պայմանավորված է երկու հանգամանքով. Նախ՝ որ իմ սրահը գտնվում է հրեական թաղամասում, և հետո՝ իրենք չափազանց հաճախ են երեկոյան զգեստներ պատվիրում. նրանց մոտ ուրախանալու առիթները՝ հարսանիքներ, հավաքույթներ, ճաշեր, շատ հաճախ են կազմակերպվում: Անշուշտ, կան նաև ֆրանսիացի և, իհարկե, հայ հաճախորդներ, որոնց պատվերով ես երեկոյան զգեստներ եմ պատրաստում: Նրանց հիմնական մասը Փարիզից են, Մարսելից, Լիոնից: Իմ հագուստները մի օրինակից են, դրանք չեն կրկնվում: Սրանով էլ ես տարբերվում եմ նորաձևության ֆիրմաներից, որովհետև ես անհատ ոճաբան-մոդելավորող եմ:

– Այս պահին ինչո՞վ եք զբաղվում:

– Այս պահին հիմնականում զբաղած եմ հարսանեկան հագուստների մոդելավորմամբ: Կան հատուկ նախատեսված հարսանեկան սրահներ, որտեղ կազմակերպվում են հարսանեկան զգեստների դեֆիլեները: Այստեղ ես միայնակ չեմ ներկայանում, այլ նորաձևության աշխարհի տարբեր ներկայացուցիչների հետ: Առաջիկայում՝ նոյեմբերի 11-12-ին, Մարսելում նախատեսվում է հարսանեկան զգեստների ցուցադրություն, որով և պայմանավորված է այս պահի իմ հիմնական զբաղվածությունը:

Naira Sargsyan111 (7)

– Երևանի հետ կապված աշխատանքային պլաններ չունե՞ք:

– Անպայման: Այդ միտքը մշտապես ինձ հետ է: Միգուցե այս պահին դեռ հարմար ժամանակը չէ, բայց ես սպասում եմ այն օրվան, երբ կդրվի երևանյան իմ համագործակցության սկիզբը:

– Տիկին Սարգսյան, հատկապես Ֆրանսիայում հաստատվելը Ձեզ համար հատուկ նպատա՞կ է եղել, թե՞ պարզապես այդպես ստացվեց:

– Զարմանալի կարող է թվալ, բայց ես փոքրուց գիտեի, որ պիտի ապրեմ նորաձևության հայրենիք համարվող այս երկրում: Հեռվից-հեռու ամեն բան մի քիչ այլ է թվում, մի քիչ հեքիաթային, կարելի է ասել, բայց պետք է ասեմ, որ իմ պատկերացումներն ու իրականությունն իրարից շատ հեռու չէին: Միակ բանը, որ ինձ շատ զարմացրեց, փողոցների անմաքուր վիճակն էր: Չէի սպասում, որ Ֆրանսիան կարող է կեղտոտ փողոցներով լինել: Մենք դեռ մեր Երևանի մաքրությունից ենք դժգոհում, բայց դուք էլ ահա այստեղ եք՝ մի՞թե համեմատելու եզրեր կան:

– Ո՛չ իհարկե, այդ առումով, անկասկած, համեմատելու եզրեր չկան:

– Բայց մնացած բոլոր առումներով ես սիրում եմ ծովափնյա այս քաղաքը, որտեղ ինքնամոռաց աշխատանքային ռեժիմն ու հանգիստը շատ սահուն կերպով համատեղվում են միմյանց հետ: Ապրելով այստեղ 1999 թվականից, այնուամենայնիվ, ես մնացի հայաստանցի, որովհետև ուզում էի հայ մնալ, նաև Հայաստանի քաղաքացի եմ, բայց ստեղծագործական կյանքս այստեղ շատ ներդաշնակ է:

Տեղեկացնենք, նաև, որ ոճաբան-մոդելավորող Նաիրա Սարգսյանը մասնագիտական գործունեությունից զատ՝ զբաղվում է նաև Մարսելի հայկական համայնքի խնդիրներով՝ ծավալելով հասարակական ակտիվ գործունեություն: Նաիրա Սարգսյանի, ինչպես նաև նրա հեղինակած հագուստների ցուցադրությունների մասին ամբողջական ինֆորմացիա ստանալու համար՝ այցելեք www.nairasargsyan.com:

https://www.youtube.com/watch?v=ZiWwTFKODE0

ՆՎԱՐԴ ՄԱՆՎԵԼՅԱՆ
Ֆրանսիա-Հայաստան

Տեսանյութեր

Լրահոս