Բաժիններ՝

«Մարտիրոսներ» օպերայի հաղթարշավը շարունակվում է

Դեռևս 2014թ. նոյեմբերին հայաստանյան մամուլը տեղեկացրել էր Լոնդոնի հեղինակավոր Royal Festivall Hall համերգասրահում «Օպերա Ռարան»-ի կողմից բեմադրված՝ Դոնիցետտիի «Մարտիրոսներ» օպերայի համերգային կատարման մասին, որն իրականություն էր դարձել լոնդոնաբնակ հայտնի հայ բարերարներ Արմեն Սարգսյանի, Վաչէ Մանուկյանի և Հայկ Դիդիզյանի շնորհիվ։ Ընթերցողներին հիշեցնենք, որ իտալացի մեծ կոմպոզիտոր Գաետանո Դոնիցետտիի «Մարտիրոսները» օպերայի գործողություններն ընթանում են պատմական Հայաստանում՝ վաղ քրիստոնեական շրջանում: Իտալական դասական օպերայի այս հիանալի նմուշի կրճատված տարբերակը՝ «Պողիկտոս» անվամբ, Օպերայի եւ բալետի ազգային թատրոնում բեմադրել էր Տիգրան Լևոնյանը, 2001-ին՝ Քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակման 1700-ամյակի տոնակատարությունների շրջանակում:

Լոնդոնյան տրիումֆից հետո «Օպերա Ռարան» իր «Մարտիրոսներով» շրջագայեց մի շարք հայտնի օպերային դահլիճներով, իսկ 2015-ին իրականացվեց նաև օպերայի ձայնագրությունը:

op

Եվ ահա հերթական հաճելի անակնկալը. մայիսի 15-ին Լոնդոնում կայացած Միջազգային օպերային մրցանակաբաշխությանը (International Opera Awards) «Մարտիրոսների» 3 լազերային սկավառակից կազմված ալբոմը շահեց տարվա լավագույն օպերայի ձայնագրությունը մրցանակը:

Կարդացեք նաև

Այս մեծ ու կարևոր աշխատանքը իրականություն դարձավ «Օպերա Ռարայի» գեղարվեստական ղեկավար, հայտնի դիրիժոր Սըր Մարկ Էլդերի ջանքերի շնորհիվ ու աշխարհի լավագույն նվագախմբերից մեկի՝ Orchestra of the Age of Enlightenment-ի, ամերիկացի տենոր Մայքլ Սփայերսը (Պողիկտոս), կանադացի սոպրանո Ջոյս Էլ-Խուրին (Պաուլինա) և այլ հայտնի երգիչների համագործակցությամբ:

Նշենք, ի դեպ, որ հեղինակավոր այս մրջանակաբաշխությանն էր, որ մեր հայտի տենոր Գեղամ Գրիգորյանի դուստր՝ Հասմիկ Գրիգորյանը ստացավ տարվա լավագույն երիտասարդ երգչուհի մրցանակը:

ՄԱՐԻՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս