Բաժիններ՝

«Զինվորները հրաշքով են փրկվել, և ասել՝ բալը թանկ է, չենք կարող, ուղղակի անբարոյականություն է». Անահիտ Բախշյան

Այս պահին Գերմանիայում բուժվող վիրավոր զինվոր Արման Լազգինյանի հայրը՝ Միքայել Լազգինյանը, և Անահիտ Բախշյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրին մանրամասներ Արմանի բուժման ընթացքի մասին:

«Ես այսօր եկել եմ՝ հայտարարելու, որ մեր պետությունը մեր զինվորների կողքին չէ: Գերմանիա մեկնած ոչ մի զինվորի պետական միջոցներից գումար չի տրամադրվել, տրամադրել են մարդիկ, որոնք թեև պաշտոնյաներ են, բայց մասնավոր են»,- նշեց Անահիտ Բախշյանը՝ հավելելով, որ ամեն օր տեսնում ենք ՊՆ-ի տարածած գովազդը, որով խնդրում են բանակի հարցերը չքննարկել, չհանրայնացնել, բայց ըստ նրա՝ այդ հարցերը չեն քննարկվի, եթե հանրությունը տեսնի, որ օրենքն աշխատում է. «Թող օրենքը գործեր, զինվորին տրվեր բուժման համար անհրաժեշտ օգնությունը, մենք էլ չխոսեինք, բայց քանի որ այս բոլորը չկա, ստիպված ենք հանրայնացնել մի երևույթ, որը պետությանը պատիվ չի բերում»:

Կոնկրետ Արմանի բուժման հետ կապված՝ Ա. Բախշյանը նշեց, որ նույնիսկ պետպատվերի գումարը չի փոխանցվել Էրեբունի հիվանդանոցին, ծախսերը հոգացել է հենց հիվանդանոցը: «Էրեբունի հիվանդանոցում պառկած է եղել 8 հոգի: Հիվանդանոցը տվել է փաստաթուղթ, որ պետպատվերի շրջանակում գումար չի ստացել: Հիվանդանոցն իր միջոցներով է հոգացել ծախսերը: Ես ենթադրում եմ, որ միայն Արմանի պարագայում չի այդպես, ու բոլորի ծախսերն է հիվանդանոցն իր վրա վերցրել: Պետությունն ասում է, թե Էրեբունի հիվանդանոցը հայտ չի ներկայացրել: Գուցե ի սկզբանե ասել են՝ հայտ չներկայացնեք: Ի՞նչ իմանամ: Հիվանդանոցում 50 օր պառկելուց հետո՝ Արմանը տեղափոխվել է Գերմանիա»:

Արմանի հայրը, անդրադառնալով որդու բուժման համար արդեն ծախսված գումարին ու անհրաժեշտ ծախսերին, նշեց, որ սկզբից իրենցից ուզել են 20 հազար եվրո, դրանից հետո դեսպանատան հետ խնդիրներ են եղել, ու ևս 39 հազար եվրո է պետք եկել. «Վիզա չէին տրամադրում, քանի որ հիմնավորում էին այսպես. «Գիտենք, որ ծախսը մեծ է լինելու, երաշխիք չկա, որ չեք մնա Գերմանիայի կառավարության ֆինանսավորման հույսին, մեզ գոնե պետք է 100 հազար եվրոյի երաշխիք: Դրանից հետո Աշոտ Սմբատյանը միջամտեց, այդ 39-ը դարձավ 19: 42 հազար եվրո հավաքվել էր ժողովրդի կողմից. տարբեր անհատներ, վարչապետը 20 հազար եվրո է տվել, պաշտպանության նախարարն է օգնել, առողջապահության նախարարը, փոխնախարարներ, ժողովուրդը, հարազատները:

Կարդացեք նաև

Առաջին փուլի համար նախատեսված էր Արմանի առողջական խնդիրները կարգի բերել (կերակրափող, շնչափող, թոքերը, ստամոքսը, աղիները, պառկելախոցը, որոնք բոլորը կարծես թե կարգավորվում են, բայց դեռ առկա է պառկելախոցի խնդիրը և շնչափողի): Առաջին փուլի ավարտից հետո դեռ 10 օր առաջ Արմանը պետք է տեղափոխվեր վերականգնողական կլինիկա, որտեղ պետք է զբաղվեին ողնաշարով և ողնուղեղով, կլինիկան էլ իր հերթին է իր գումարները պահանջում, որի մեջ ներառել է և՛ ողնաշարի վիրահատություն, որը չի լինելու, և՛ պառկելախոցի վիրահատություն, դա էլ չի լինելու, շնչափողը քանի դեռ վերջնական փակված չէ, դա էլ որպես վիրահատական գումար են հաշվում, ու մի ահռելի գումար է դարձել: Այսօր, եթե պետությունից վիրավորված եմ, զուտ դրա պատճառով է: Տեսեք, ես չեմ ուզում՝ պետությունն իր վրա վերցնի՝ իմ փոխարեն իմ տղայի հարցերը լուծել, կարող էր իր ֆինանսական, օրենսդրական, բարոյական աջակցությունը ցույց տալ, դիմել կլինիկային և ասել. «Գիտե՞ս ինչ կա, մի ամսվա համար ինչքա՞ն փող է պետք՝ 30-40 եվրո՞, հայրը հավաքել է, իմ միջոցներով փոխանցում ենք այդ գումարը, սկսեք ձեր գործը, սկսեք հետազոտությունը, եթե վերջնական կորոշեք՝ ողնաշարը պետք է վիրահատել, նորից կուզեք՝ կփոխանցենք»: Բայց այսօր, ես՝ որպես անհատ, դիմել եմ կլինիկային, կլինիկան էլ նայել է՝ ինչ հնարավոր ու անհնարին ծախսեր գոյություն ունեն՝ իր ապահովության համար այդ գումարն ինձնից ուզում է. մոտ 160 հազար եվրոյի մասին է խոսքը: Հիմա ստացվում է՝ ես պետք է ժողովրդին խնդրեմ այդ 160 հազարը հավաքել, բայց որից վիրահատության համար անհրաժեշտ 60 հազարը գուցե պետք չի գալու»:

Անահիտ Բախշյանն էլ ավելացրեց, որ, երբ կլինիկայի պահանջած գումարը չի ներկայացվում դեսպանատուն, դեսպանատանն ունենում են վիզայի խնդիր. «Իսկ այս պահին հրատապը 60 հազար եվրոն է, որ ընդունեն կլինիկա ու սկսեն վերականգնողական կուրսը»: Հոր խոսքով՝ վերականգնողական փուլն արդեն մոտ 10 օր դադարեցվել է. «Այնքան որ պառկած է Գերմանիայում»:

Ա. Բախշյանը նաև նկատեց, որ նման խնդիր միայն Արմանն ու Ռոբերտը չունեն, որոնք արդեն Գերմանիայում են, ըստ նրա՝ Մուրացանում պառկած ևս երկու զինծառայող ունեն արտասահմանում բուժվելու կարիք. «Մուրացանի հիվանդանոցում պառկած են Զարգարյան Ավետիսը և Սահակյան Ռոլանդը, որոնց մասով անձամբ հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանն ասել է՝ քննարկվում է նրանց արտասահման տեղափոխելու հարցը: Այսինքն՝ հոսպիտալի պետը փաստում է, որ Հայաստանում այս տղաների բուժումը նույնպես չեն կարողանալու անել: Հետևաբար, ըստ գործող օրենքի և կարգի՝ եթե Հայաստանում բուժումը հնարավոր չէ, ապա արտասահմանում բուժման ծախսերը պետք է հոգա պետությունը: Հարգելի պետություն և հարգելի կառավարություն, ընդունածդ օրենքը և կարգը հարգիր ու տղաների բուժումը պատշաճ կազմակերպիր արտասահմանում: Զինվորները հրաշքով են փրկվել, և ասել՝ բալը թանկ է, չենք կարող, ուղղակի անբարոյականություն է»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս