Իշխանությունը պատերազմ է հայտարարում
Երեկ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց տխրահռչակ Հարկային օրենսգիրքը: Դրա բոլոր բացասական հետևանքների, այդ օրենսգրքի միջոցով տնտեսությանը հասցվելիք վնասների մասին հնչել են տասնյակ գնահատականներ, հնչելու են նաև առաջիկայում: Բոլոր գնահատականների, այդ թվում` անգամ իշխանության բազմաթիվ ներկայացուցիչների կողմից տրվող գնահատականների հանրագումարը մեկն է` այս օրենսգիրքն ուղղված է Հայաստանի տնտեսության, տնտեսվարողների, բիզնեսի դեմ: Այսինքն` այն ուղղված է երկրի դեմ, քանի որ ցանկացած երկրի հիմքը զարգացող տնտեսությունն է, հատկապես՝ փոքր ու միջին բիզնեսը, որն այս նոր օրենսգրքով կարող է կանգնել բնաջնջման վտանգի առաջ:
Թե հատկապես օրենսգրքի որ դրույթներով, որ հարկատեսակի կամ դրույքաչափի փոփոխությամբ է դա իրականացվելու, ըստ էության, երկրորդական, ավելի շատ տեխնիկական խնդիր է: Շատ ավելի կարևոր ու վտանգավոր է այն ուղերձը, որն այս օրենսգրքով պետությունը, ավելի ճիշտ` պետության անունից հանդես եկող իշխանությունը, հղում է քաղաքացիներին, տնտեսվարողներին, բոլորին:
Այդ ուղերձի իմաստն այն է, որ պետությունը, լայն իմաստով, ոչ թե մարդուն, քաղաքացուն աջակցող, օգնող, ապավինող է` նրա կյանքի, կենսապայմանների զարգացման, առաջխաղացման համար, այլ՝ կեղեքող, այդ զարգացումն ամեն կերպ կանխարգելող: Ի դեպ, հարկային մեխանիզմն այդ հակամարդկային, պատժիչ համակարգի մի մասն է միայն: Հայաստանում ոչ թե Ոստիկանությունն է պաշտպանում մարդկանց, այլ քաղաքացիներն են փորձում պաշտպանվել Ոստիկանությունից, մարդիկ արդարությունը վերականգնում են ոչ թե՝ դատարաններով, այլ անում են հնարավորը` դատարաններից հեռու մնալու ու հանիրավի չդատվելու համար:
Հայաստանում մարդիկ ապրում են պետությունից ու նրա համակարգերից ունեցած ենթագիտակցական վախի պայմաններում: Եվ Հարկային նոր օրենսգրքով իշխանությունն ավելի առարկայորեն արձանագրում է, որ ոչ թե իր ղեկավարած պետությունն է ծառայելու մարդուն, քաղաքացուն, այլ հակառակը` քաղաքացին, բիզնեսը պետք է ծառայեն պետությանը: Այսինքն` ժողովրդավարական կեղծ հռչակագրերով ներկայացող իշխանությունն այսպիսով անում է կոնկրետ քայլ, որն իրականում բնորոշ է միայն տոտալիտար պետություններին, այն պետություններին, որտեղ մարդը ոչ թե՝ նպատակ է, այլ՝ միջոց:
Իշխանությունը պատերազմ է հայտարարում մարդուն, որը երկու տարբերակ ունի` կամ ընդունել այդ մարտահրավերը և պաշտպանվել (թե ինչ միջոցներով՝ այլ քննարկման նյութ է), կամ նահանջել` հեռանալով Հայաստանից: Ի դեպ, այս օրերին շատ է խոսվում (նաև իշխանության անուղղակի ուղղորդմամբ) այն մասին, թե նոր Հարկային օրենսգիրքը պարտադրվում է միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից: Իբրև թե մեր իշխանություններն այնքան լավն են, որ չեն ցանկանում ավելացնել հարկային բեռը, սակայն չեն կարողանում դիմադրել «արևմտյան իմպերիալիզմի դավադիր գործակալներին»:
Իրականում միջազգային ֆինանսական կազմակերպությունները, եթե անգամ պարտադրում են նման օրենսգրքի ընդունում, ապա դա անում են ոչ թե՝ Հայաստանի տնտեսությունը կազմաքանդելու դավադիր նպատակով, այլ՝ որովհետև տարիներ շարունակ Հայաստանի իշխանությունները սարսափելի մեծ ծավալի վարկեր են ներգրավել, ոչ թե ծախսել, այլ մսխել են այդ վարկերը և երկիրը կանգնեցրել են վճարունակության խնդրի առաջ:
Միջազգային կառույցները բարեգործական կազմակերպություններ չեն, և, բնականաբար, լուծում են իրենց ֆինանսական, ինչո՞ւ ոչ, նաև քաղաքական խնդիրները: Թող Հայաստանի իշխանությունները բարի լինեին տարիների ընթացքում ստացված վարկերն արդյունավետ օգագործել, դրանից ստանային ոչ միայն՝ քարոզչական, այլև՝ տնտեսական էֆեկտ, և այսօր չէր լինի այն խնդիրը, որը լուծելու համար ստիպված են տեռորի ենթարկել սեփական երկրի տնտեսությունը: Ինչ վերաբերում է իշխանության այն հայտարարություններին, թե Հարկային օրենսգիրքն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո՝ մինչև երկրորդ ընթերցում, փոփոխությունների կենթարկվի, կվերացվեն մտահոգիչ դրույթները, և այլն, ապա դրանք ընդամենը «շուստրիության» հերթական դրսևորումներ են:
Որովհետև առաջիկա կործանարար հետևանքներից խուսափելու համար պետք է փոփոխվի ոչ թե օրենսգրքի այս կամ այն հոդվածը, այլ իշխանության կոնցեպտուալ մոտեցումը՝ պետության ու քաղաքացիների հարաբերությունների առումով: Իսկ Հայաստանում ավելի շուտ իշխանությունը կփոխվի, քան իշխանությունը կընդունի, որ պետք է ծառայի քաղաքացիներին, ոչ թե վերջիններիս դիտարկի՝ միայն որպես հարստահարման աղբյուր: