«Ռուսաստանի կողմից պատշաճ գործընկերություն ակնկալելն ուղղակի միամտություն կլինի». Զարուհի Փոստանջյան

«Իսրայելի օրինակը մեզ համար ուսանելի է, բայց Իսրայելը 2000 թվականից է սկսել բարձր տեխնոլոգիաների ոլորտը կիրառել իր ռազմաարդյունաբերության մեջ, և այսօր, փաստորեն, նրա կողմից արտադրված զինատեսակներով կրակում են մեզ վրա, մինչդեռ մենք կարող էինք ինքներս ունենալ դրանց արտադրությունը: Այդ արտադրությամբ ոչ միայն կարող էինք մեզ պաշտպանել, այլ նաև՝ գումար վաստակել: Մենք ունենք այդ ներուժը, ունենք հնարավորություն, բայց դրանք պետք է համընկնեն մեր իշխանությունների ցանկության հետ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին հայտարարեց ԱԺ պատգամավոր, «Ժառանգության» անդամ Զարուհի Փոստանջյանը:

Անդրադառնալով Հայաստանի հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) ներկայացվող պայմանագրին՝ նա նշեց, որ ուսումնասիրելով ՌԴ-ի կողմից մեզ պարտադրված վերջին տարիների փաստաթղթերը, այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Ռուսաստանն անընդհատ ցանկանում է հայտարարել, որ ինքն այս տարածքում տեր ու տիրական է ու երբևիցե չի հեռանալու.

«Երբ Պուտինը եկավ Հայաստան, համաձայն միջազգային արարողակարգի՝ նա պետք է ժամաներ ՀՀ մայրաքաղաք Երևան, այնինչ նա իջավ Գյումրիի ռուսական ռազմաբազա և այնտեղից հայտարարեց, որ իրենք երբեք չեն հեռացել Կովկասից: Սա կարելի է դասել այդպիսի հայտարարությունների շարքին, որը սահմանափակում է մեր հնարավորությունները: Ցանկացած ռազմական իրավասություն մեկ այլ պետության տրամադրելն ուղղակի դավաճանություն է: Ես կարծում եմ, որ այս համաձայնագրով նման հնարավորություն է ընձեռվում ՌԴ-ին, և մենք մեր իրավունքները զիջում ենք: Սա ռազմավարական նշանակություն ունեցող գործառույթ է, և մենք դա չպետք է զիջենք մեկ այլ պետության»:

Նա հավելեց՝ մենք չպետք է թողնենք մեր պաշտպանությունն այլ պետության ցանկությունների տիրույթում. «ՌԴ-ի կողմից պատշաճ գործընկերություն ակնկալելն ուղղակի միամտություն կլինի»:

Կարդացեք նաև

Զ. Փոստանջյանը նաև համոզմունք հայտնեց, որ 200 մլն դոլար վարկի դիմաց մեզ չեն տրամադրվի նախատեսված սպառազինությունները.

«Ես միակն էի, որ դրան դեմ քվեարկեցի: Մենք պետք է հասկանանք, որ մեր շահերից է բխում ոչ թե՝ միակողմանի քաղաքականություն վարելը, ինչն անում ենք այսօր, այլ պետք է մեր սուվերենությունը չզիջենք: Այսօր շատ սխալ է, որ մեր սահմանին կանգնած են ռուսական զորքերը: Մենք ինքներս պետք է մեր ռազմավարական նշանակություն ունեցող գործընթացներն իրականացնենք: Դրա վառ ապացույցն է ապրիլյան պատերազմը, երբ մեր 20-ամյա զինվորներն իրենց կյանքերով փրկեցին իրավիճակը: Երբ մեր քաղաքացիները, առանց պաշտոնական մոբիլիզացիա հայտարարելու, գնացին առաջնագիծ»:

Զ. Փոստանջյանի խոսքով՝ ՀՀ իշխանություններն այդքան ինքնուրույնություն չունեին, որ կարողանային մեր շահը հետապնդել և ուշացնել ՀՕՊ համաձայնագրի վավերացումը.

«Ես կարծում եմ, որ ՌԴ-ն է ասել՝ շտապողականություն մի ցուցաբերեք այս հարցում: Եթե ՌԴ-ն ասեր՝ անմիջապես վավերացրեք, ապա առանց որևիցե կասկածի՝ իրենք կանեին դա: Այսինքն՝ ռուսական կողմից չկա պարտադրանք՝ անմիջապես վավերացնելու»:

Տեսանյութեր

Լրահոս