Ալկոհոլային խմիչք օգտագործող կանայք ամենախելացիներն են
Կանայք, ովքեր այցելել են համալսարան, ավելի շատ են օգտագործում ալկոհոլային խմիչքներ, քան կրթական ավելի ցածր մակարդակ ունեցող նրանց գործընկերները:
Բարձրագույն կրթություն ստացած կանայք օրվա մեջ գրեթե երկու անգամ ավելի շատ են ալկոհոլ օգտագործում: Կրթության մակարդակի և ալկոհոլի օգտագործման միջև նմանատիպ կապն առկա է նաև տղամարդկանց շրջանում, բայց հարաբերակցությունն ավելի թույլ է:
Այս ուսումնասիրությունները կատարվել են Լոնդոնի Տնտեսագիտության դպրոցի հետազոտողների կողմից: Նրանք հետևել են 39 տարեկան հազարավոր կանանց և տղամարդկանց, ովքեր բոլորը ծնվել են Մեծ Բրիտանիայում, 1970թ. նույն շաբաթվա ընթացքում:
Զեկույցում ասվում է.
«Որքան կրթված է կինը, այնքան մեծ է հավանականությունը, որ նա ավելի շատ կօգտագործի ալկոհոլային խմիչքներ»:
Զեկույցի հեղինակներ Ֆրանչեսկա Բորգոնովին և Մարիա Հուերտան առաջարկում են մի քանի հնարավոր բացատրություններ, թե ինչու են խելացի կանայք ավելի շատ օգտագործում ալկոհոլային ըմպելիքներ:
«Նրանք հակված են ավելի հասուն տարիքում երեխա ունենալ՝ ծնողական պարտականությունները հետաձգելու նպատակով: Խելացի կանայք ունեն ակտիվ սոցիալական կյանք և ավելի հաճախ են աշխատում այնպիսի վայրերում, որտեղ տղամարդիկ գերակշռում են:
Երկարաժամկետ ուսումնասիրությունների արդյունքում LSE-ի թիմը հետևել է Մեծ Բրիտանիայում 1970թ. նույն շաբաթվա ընթացքում ծնված բոլոր մարդկանց՝ հարց հղելով ամբողջ կյանքի ընթացքում նրանց կենսակերպի մասին:
Հաշվի առնելով յուրաքանչյուրի դպրոցական և ակադեմիական գիտելիքների մակարդակը, ինչպես նաև՝ նրանց պատասխանները պարբերաբար կազմակերպված հարցումներին, պարզ է դարձել, որ բարձրագույն կրթություն ստացած կանանց մոտ ալկոհոլային խմիչքներով տարվելու հավանականությունը 1.7 անգամ ավելի մեծ է, ի տարբերություն կրթության ավելի ցածր մակարդակ ունեցող նրանց գործընկերների:
«Եվ տղամարդիկ, և կանայք, ովքեր ունեն դպրոցական գիտելիքների ավելի բարձր մակարդակ, հակված են չարաշահել ալկոհոլային խմիչքների օգտագործումը, քան նրանք, ովքեր դպրոցական տարիներին աչքի չեն ընկել բարձր առաջադիմությամբ»,- ասվում է Social Science and Medicine ամսագրում հրապարակված զեկույցում:
«Կրթության և ալկոհոլային խմիչքների օգտագործման միջև կապի պատճառ կարող է հանդիսանալ կյանքի արական ոլորտներում ներգրավվածությունը և ինտենսիվ հասարակական կյանքը, որտեղ խրախուսվում է ալկոհոլի ընդունումը:
Սակայն հարկ է նշել, որ ալկոհոլային ըմպելիքներ չարաշահող մարդիկ հակված են բախվել առողջական խնդիրների հետ, մասնավորապես՝ քաղցկեղի, լյարդի ցիռոզի, թոքերի և սրտանոթային հիվանդությունների, հոգեկան և վարքային խնդիրների»,- ասվում է զեկույցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը