«80 տարեկան մարդն ի՞նչ գործ ունի Հայաստանի նման մարտահրավերներ ունեցող երկրի ԳԱԱ նախագահի պաշտոնում». Նիկոլ Փաշինյան
Այսօր ԱԺ նիստում 2015 թ. բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ բյուջեի կատարողականը նախորդ տարիների կատարողականի նման հուսահատ և տխուր փաստաթուղթ է, դրանում կան թվեր, տոկոսներ, աճեր, բայց չկա ամենակարևորը` ռազմավարություն, թե ինչպիսին ենք ուզում տեսնել մեր տնտեսությունը: Ըստ նրա` 2015թ.-ի Հայաստանի տնտեսության 3% աճի 70%-ն ապահովել է գյուղատնտեսությունը, որի աճն էլ, կառավարության խոստովանությամբ, մեծապես պայմանավորված է բնակլիմայական պայմաններով, այսինքն` եթե անցած տարի երկու հատ կարկուտ ավելի գար, երկու հատ էլ՝ անձրև, մեր տնտեսության աճը 50%-ով կկրճատվեր:
«Եվ ուրեմն գիտելիքահենք տնտեսություն ստեղծելու երկարամյա խոստումներից հետո ՀՀԿ-ն՝ Սերժ Սարգսյանի և Հովիկ Աբրահամյանի առաջնորդությամբ, Հայաստանում ստեղծել են պոմիդորահեն տնտեսություն»,- ասաց Ն.Փաշինյանը: Կարևորելով գյուղտնտեսությունն ու պարենային անվտանգությունը, նա նաև հարցադրում արեց, թե արդյոք մենք կարո՞ղ ենք ունենալ ագրարային տիպի երկիր, ու ինքն էլ պատասխանեց, որ քառօրյա պատերազմը տվեց այս հարցի պատասխանը, որ նման Հայաստանը շանս չունի գոյատևելու այս տարածաշրջանում, որովհետև արևելքում, արևմուտքում, հյուսիսում ու հարավում կան երկրներ, որոնք ատամները սրած սպասում են, թե երբ պետք է գա Հայաստանը «խժռելու պահը` որպես բանջարեղենամրգային դեսերտ»:
«Մենք պետք է ջարդենք մեր դեմ սրված այդ ատամները, և սա ոչ թե քմահաճույքի կամ լոպազության, այլ լինել-չլինելու հարց է: Հայաստանի դեմքն ու ողնաշարը պետք է լինեն ինդուստրիալ հիմքի վրա դրված բարձր տեխնոլոգիական ռազմաարդյունաբերական համալիրը, որովհետև պոմիդորով թշնամու ագրեսիայի առաջը չես առնի: Սա նշանակում է, որ ՀՀ իշխանության ղեկին պետք է լինեն մարդիկ, որոնց ուշքն ու միտքը ոչ թե՝ պոմիդորի միջազգային գներն են ու հոծ գիծ տրորողներին հանուն ընտանեկան բարեկեցության քերթելը, այլ նրանք, որոնք ՀՀ-ն տեսնում են բարձր ինդուստրիալ երկիր»,- ասաց Ն.Փաշինյանը:
Նա ողջունեց այն քաղաքացիներին, ովքեր բուռն հակազդեցութամբ արձագանքեցին Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի հարցազրույցին, որտեղ վերջինս Հայաստանն անվանել էր «քոսոտ» երկիր.
«Բայց ժողովո´ւրդ ջան, 80 տարեկան մարդն ի՞նչ գործ ունի Հայաստանի նման մարտահրավերներ ունեցող երկրի ԳԱԱ նախագահի պաշտոնում: Եթե նույնիսկ համարենք, որ Ռադիկ Մարտիրոսյանը մեծ գիտնական է, հանճարեղ կազմակերպիչ, անբասիր ղեկավար ու անառարկելի հեղինակություն, 80 տարեկան մարդուն ԳԱԱ նախագահ պահելը կնշանակի՝ ԳԱԱ-ն դատապարտել քոսոտ լինելու հեռանկարին»:
Ն.Փաշինյանի խոսքով` Հայաստանը պետք է դառնա սեփական սպառազինությունների թիվ մեկ մատակարարը, և դրանք պետք է լինեն գերժամանակակից: Նա հայտարարեց, որ Հայաստանը պետք է գոյություն ունենա հավիտյան, և հայ ժողովուրդը պետք է կարողանա պաշտպանել ինքն իրեն:
Այդ առումով, Փաշինյանի կարծիքով՝ տագնապալի է անցած տարի ծնունդների նվազումը և այն, որ, ինչպես նա նշեց, Ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված սպասվող բեյբի բումը չարդարացավ: Նա նշեց, որ իշխանությունները նպաստում են արտագաղթին, բայց պատերազմում զոհված տղաները դրա համար չեն իրենց կյանքը զոհաբերել: Փաշինյանի խոսքով` արտագաղթողները պետք է մտածեն, որ այս տղաների առաջ պարտք ունեն, և հայ ժողովուրդը պետք է դադարի հեռանալ հայրենիքից:
ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը համաձայնեց վերջին մտքի հետ ու նշեց, որ քննադատությունն անգամ հանուն հայրենիքի շենացման է: «Պետք է ոչ միայն ճառ ասենք, այլ նաև զանգ կախենք»,- ասաց Շարմազանովը` տարեց գործիչների հետ կապված՝ նշելով, որ Ֆրանսիան ուներ Շառլ դը Գոլ, Գերմանիան` Կոնրադ Ադենհաուեր, Իսրայելը` Շիմոն Պերես: Շարմազանովի կարծիքով` արդյունավետ կարելի է լինել և տարեց հասակում, իսկ թոշակառու` նաև երիտասարդ տարիքում: