Աստղերի կողմից գովազդվող կերակուրը գրեթե միշտ վնասակար է առողջության համար. գիտնականներ

Ամերիկացի բժիշկները գովազդների ընդգրկուն ուսումնասիրություն են անցկացրել եւ պարզել, որ փաստորեն շոու բիզնեսի բոլոր աստղերը հեռուստատեսությամբ եւ գլոբալ ցանցում ներկայացվող իրենց գովազդներում քարոզում են առողջության համար վնասակար մթերքներ: Այս մասին ասված է Pediatrics հանդեսում հրապարակված հոդվածում:

«Մեր ուսումնասիությունը ցույց տվեց, որ էստրադայի 65 աստղերի կողմից գովազդվող սննդամթերքների ճնշող մեծամասնությունը վնասակար էր առողջության համար: Միայն մի աստղ է գովազդել առողջության համար օգտակար մթերքներ, եւ ընդամենը երեք այլ նշանավոր անձինք՝ սովորական կամ հանքային ջուր, իսկ մնացած բոլորը գովազդել են «աղբային» կերակուր եւ քաղցր ըմպելիքներ»,- հայտարարել է Լենգոնում (ԱՄՆ) Նյու Յորքի համալսարանի աշխատակցուհի Մերի Բրեգը:

Բրեգը եւ նրա գործընկերներն այս եզրակացության են եկել՝ ուսումնասիրելով այն գովազդը, որին այդ աստղերը մասնակցել են վերջին 14 տարվա ընթացքում: Աստղերի ընտրությունն իրականացվել է շատ պարզ եղանակով. գիտնականները բացել են Billboard հանդեսում հրապարակված երգերի թոփ-100-ի ամենամյա թողարկումը եւ ընտրել այն երգիչներին ու երգչուհիներին, որոնք միաժամանակ գտնվում էին այդ վարկանիշի վերին մասում եւ երիտասարդությանը դուր էին գալիս:

Դրանից հետո գիտնականները պարզել են, թե որ գովազդում են նկարահանվել կամ մասնակցել այդ աստղերը, եւ չափել նրանց կողմից առաջարկվող յուրաքանչյուր մթերքի կալորիականությունը եւ վերլուծել դրա սննդային որակները: Բացի այդ՝ Բրեգը եւ նրա գործընկերներն ուսումնասիրել են, թե որքանով է այդ գովազդը տարածված եղել YouTube-ում եւ մյուս տեսածառայություններում, եւ ի մի բերել ստացված տվյալները:

Ընդհանուր առմամբ, ինչպես պատմում է Բրեգը, աստղերի մասնակցությամբ գովազդը YouTube-ում դիտվել է ավելի քան 312 մլն անգամ:

Գիտնականների խոսքով, դա չափազանց վատ է, քանի որ «աստղային» մթերքներից ընդամենը մեկը՝ պիստակն է, որ թեկուզեւ փոքր չափով օգտակար է եղել առողջության համար: Մնացած բոլորը՝ գազավորված ըմպելիքը, չիփսերը եւ «աղբային կերակուրի» մյուս տեսակները, պարունակել են շաքար կամ պարզապես վնասակար են եղել առողջության համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս