Ադրբեջանին զենք վաճառելու հարցը բարձրացվում է Ռուսաստանի պատկան մարմինների առաջ. Շավարշ Քոչարյան

«Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշմանը, որն արտայահայտվում է այդ հարցում, մենք քաջ տեղյակ ենք: Կարող են լինել տարբեր շեղումներ, արտահայտություններ, ու մենք պարտավոր չենք ամեն ինչին պատասխանել»,- այս մասին այսօր կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով ՌԴ դեսպանատան աշխատակցի այն հայտարարությանը, թե քանի դեռ Հայաստանն Արցախը չի ճանաչել, ռուսական զենք Արցախ չի կարող գնալ: Անդրադառնալով Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինի հայտարարությանը, թե՝ ցույց տվեք փաստաթղթեր, որ Ռուսաստանը շարունակում է զենք վաճառել Ադրբեջանին, Շավարշ Քոչարյանն ասաց, որ դրան պատասխանող այլ ատյաններ կան, որոնց առջև այդ հարցերը բարձրացվում են:

Խոսելով հայտարարության մասին, որ բանակցություններն ընթանալու են տարածքների զիջում կարգավիճակի դիմաց, Շավարշ Քոչարյանն ասաց. «Եթե խոսքը գնում է Մադրիդյան սկզբունքների մասին, որոնք գաղտնազերծված են երեք համանախագահող երկրների հինգ հայտարարություններով, ապա ակնհայտ է, որ խոսքը գնում է և՛ տարածքների մասին, և՛ կարգավիճակի մասին: Շատ կարևոր է արձանագրել հետևյալը, որ Ադրբեջանը փորձում է այդ ամբողջ փաթեթից դուրս բերել… դա նաև երեկ Գերմանիայում գտնվելիս Մամեդյարովի հայտարարությունն էր. իր պատկերացմամբ՝ խնդիրը լուծվում է՝ տարածքներ վերադարձնելով, և այլն, և այլն: Այսինքն՝ շատ կարևոր է արձանագրել հետևյալը՝ մինչև տարածքային հարցեր առաջ քաշելն Ադրբեջանը պարտավոր է առնվազն, եթե այդքան կարևորում է այդ հարցը, վերադարձնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օկուպացված շրջանները և ճանաչել Լեռնային Ղարաբաղը: Ինչո՞ւ: Որովհետև ճանաչելով՝ նա կունենա այն սուբյեկտը, որն իրավազոր է քննարկել նմանատիպ հարցեր: Հայաստանի Հանրապետությունը չի կարող այդպիսի հարցեր լուծել՝ Ղարաբաղի փոխարեն: Սա է ամենակարճ ճանապարհը, որպեսզի Ադրբեջանը հասնի իր բաղձալի նպատակին»: Հարցին, թե ո՞ր տարածքների հանձնման մասին է խոսքը, Շավարշ Քոչարյանը պատասխանց. «Ես կխոսեմ այն տարածքների մասին, որն օկուպացրել է Ադրբեջանը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքների մասին. դա Մարտունու շրջանն է, դա Մարտակերտի շրջանի հատվածներն են, դա Շահումյանի շրջանն է, իսկ ինչ ենք մենք հանձնելու, թող մտահոգի ադրբեջանցիներին: Ինձ դա չի մտահոգում»:

Տեսանյութեր

Լրահոս