Ի՞նչ են ծրագրում Ռուսաստանն ու Գերմանիան Ղարաբաղում

Ապրիլյան պատերազմից հետո ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում լուրջ շրջադարձեր տեղի ունեցան։ Փոխվեց և հակամարտության կողմերի տրամադրվածությունը բանակցային գործընթացի նկատմամբ, և արտաքին միջնորդների ներգրավվածության աստիճանը՝ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում ամերիկյան կողմն առաջատարի իր դիրքերը հետզհետե զիջեց Ռուսաստանին, որն էլ իր հերթին՝ փորձեց իր «պատասխանատվությունը» կիսել Գերմանիայի հետ, որն այս տարի նախագահում է ԵԱՀԿ-ում։

Ապրիլյան պատերազմից մի քանի օր անց Երևան ժամանած ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Գերմանիայից աջակցություն է ակնկալում սեղանին դրված ռուսական առաջարկները, այդ թվում՝ 1994-1995թթ. պայմանագրերի կատարումը վերահսկելու հարցում՝ այն դեպքում, երբ ավելի վաղ ամերիկյան միջնորդությունը շփման գծում միջադեպերի վերահսկողության մեխանիզմներ ներդնելու համար լուրջ ջանքեր էր գործադրել, իսկ ֆրանսիական կողմն առաջարկել էր տեղադրել այդ սարքերը։ Սակայն այս առաջարկները, ինչպես և ակնկալվում էր, քանի որ ռուսական կողմն ամեն կերպ խուսափում էր անդրադառնալ դրանց, ռուս-գերմանական համատեղ աշխատանքի հետևանքով մի կողմ դրվեցին, և սկսվեց նոր գործընթաց՝ Գերմանիայի շատ ավելի ակտիվ և ԱՄՆ-ի շատ ավելի պասիվ մասնակցությամբ։

Ավելին, այս համագործակցությունը երկկողմանի է, քանի որ գերմանական կողմը պաշտոնական հայտարարություններով ևս ճանաչել է Ռուսաստանի հատուկ դերակատարությունը ԼՂ հակամարտության գոտում՝ պնդելով, թե Ռուսաստանը կարող է աջակցել կարգավորման գործընթացին։

Այս օրերին իրեն ոչ հատուկ պասիվությամբ աչքի ընկնող ամերիկյան համանախագահ Ջեյմս Ուորլիքը, անդրադառնալով Գերմանիայի անելիքներին, պարզաբանել է. «Գերմանիան համանախագահների հետ համակարգված կերպով հղկում է այն առաջարկները, որոնք վերաբերում են շփման գծում ու հայ-ադրբեջանական սահմանին բռնությունների ռիսկի կրճատմանն ուղղված միջոցներին։ Մենք կաշխատենք կողմերի հետ՝ ներդնելու այդ միջոցները, ու հուսով ենք, որ համակողմանի կարգավորման շուրջ բանակցությունները կմեկնարկեն հնարավորինս շուտ։

Եթե ուզում ենք առաջընթաց ունենալ խաղաղության հարցում, անհրաժեշտ է, որ երկու ուղղությամբ էլ աշխատանքներն ընթանան առանց նախապայմանների»։

Ամերիկյան կողմն ամեն կերպ փորձում է վերահսկողության տակ պահել Ռուսաստանին՝ պահելով անընդհատ շփումները ռուսական, հայկական և ադրբեջանական կողմերի հետ։

Հիշեցնենք, որ մայիսի 10-ին վերջին շրջանում ամերիկյան կողմի նախաձեռնությամբ չորրորդ հեռախոսային զրույցը կայացավ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի միջև, որոնք, ի թիվս այլ հարցերի, քննարկել էին նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված վիճակը։ Սակայն գերմանական կողմը, ըստ մի շարք կարծիքների, վճռականորեն է տրամադրված, և ըստ էության այդ տրամադրվածությունը կզարգացվի այս օրերին, երբ Բեռլինում մեկնարկել է նորմանդյան քառյակի նախարարական բանակցությունները, որոնց մասնակցում են Ֆրանկ Վալտեր Շտայնմայերն ու Սերգեյ Լավրովը։

Ըստ մի շարք տեղեկությունների և փորձագետների, այդ թվում՝ գերմանացի վերլուծաբան, ռուսական «Վալդայ» ակումբի ներկայացուցիչ Ալեքսանդր Ռարի, Գերմանիան ցանկանում է օգտագործել ԵԱՀԿ-ում իր նախագահությունը Եվրոպայի հարևանությունն առավել անվտանգ դարձնելու նպատակով՝ ամրապնդելով ԵԱՀԿ գործիքները։ Ռարը խոսել էր նաև հակամարտության գոտիներում ԵԱՀԿ խաղաղապահ առաքելություններ տեղակայելու հնարավորության մասին։ Ըստ նրա՝ Գերմանիան այս պահին ԵԱՀԿ ամրապնդման և ԵԱՀԿ հնարավորությունները վերականգնելու ելքեր է փնտրում։

Manvel Sargsyan 2«168 Ժամի» հետ զրույցում Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանն ասաց, որ բուռն գործընթացներ են գնում հակամարտության կարգավորման հարցում։ Նա էական համարեց այն հանգամանքը, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մեխանիզմների ներդրման հարցը դրեց Գերմանիայի վրա։ «Եթե հիշում եք, Ադրբեջանը շատ բացասական վերաբերմունք ուներ՝ մեխանիզմների ներդրման գաղափարի հետ կապված, Ռուսաստանն էլ ամեն կերպ փորձում է Ադրբեջանի հետ հարաբերություններն ավելի ու ավելի լավացնել, պարզ տեսնում ենք, որ ՌԴ-ն ամեն կերպ խուսափում է ուղիղ պատասխանատվություն ստանձնել այս մեխանիզմների ներդրման համար։ Իհարկե, Ռուսաստանն ընդունել է այս առաջարկը ՄԽ համանախագահների հետ, սակայն այդ մեխանիզմների ներդրումը Ռուսաստանը չցանկացավ անել, այլ փոխանցեց Գերմանիային՝ չցանկանալով լարվածություն Ադրբեջանի հետ։

Առավել ևս, երբ Ռուսաստանի տեսանկյունից անլուծելի իրավիճակ է ստեղծվել ռուս-ադրբեջանական հարաբերություններում, քանի որ Ադրբեջանը Ռուսաստանին բողոքի նոտա էր հղել Հայաստանին տրամադրվելիք սպառազինության կապակցությամբ, մեծ ճնշման տակ է հայտնվել Ռուսաստանը, որի հետևանքով կանխել է զենքի վաճառքը Հայաստանին, երկրորդը՝ Գերմանիային է հանձնել այս նախաձեռնությունը, Գերմանիան էլ հանդես է գալիս ողջ ԵԱՀԿ-ի օգտին, չէ՞ որ Սերժ Սարգսյանը ևս դիմել էր Գերմանիային, բողոքել, որ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին, այսինքն՝ բոլոր կողմերից թելերը գնում են դեպի Գերմանիա, և պարզ է, որ տարբեր վարկածներ են քննարկվում»,- նման կարծիք հայտնեց Մանվել Սարգսյանը։

Վերջինիս համոզմամբ, ԵԱՀԿ խաղաղապահների մասին ևս խոսք չի կարող գնալ այս վիճակում, քանի որ պետք է վերջնական որոշում լինի հակամարտող կողմերի միջև։

«Ինչի՞ն գան հետևեն, եթե չկա որոշում, խաղաղապահներն այս պարագայում ոչինչ չեն կարող անել, և կողմերը ևս դրան դեմ կլինեն։ Ողջ աշխարհում խաղաղապահների գործունեության վերաբերյալ թերահավատություն կա, քանի որ մարդիկ արդեն գիտեն, որ խաղաղապահները ևս իրենց քաղաքականությունն են վարում հակամարտության գոտում, և իրականության մեջ այդ գաղափարը չի տեղավորվում, կա կռիվ, շփման գիծ, կա չփոփոխված դիրքորոշում, առանց համաձայնությունների՝ դիրքորոշում չի փոխվի»,- ասաց Սարգսյանը։

Նրա համոզմամբ՝ այս պահին Գերմանիան քննարկում է տարբեր հնարավորություններ։ «Իրենք էլ այս պահին հստակորեն չգիտեն՝ ինչ մեխանիզմների մասին կարող է խոսք գնալ, սրանք խոսակցություններ են՝ դեռ մշակման փուլում»,- ասաց վերլուծաբանը։ Վերջինիս համոզմամբ, նույնը վերաբերում է նաև վերահսկողական մեխանիզմների տեղակայման առաջարկին։ «Այդ հարցում ևս ամեն բան պարզ չէ, և դեռ պետք է վերջնական տեսքի բերվի»,- նկատեց նա։

Uve Halbax«168 Ժամի» հետ զրույցում գերամանացի վերլուծաբան Ուվե Հալբախը հաստատեց, որ Գերմանիան, լինելով ԵԱՀԿ նախագահող երկիր, ցանկանում է անել ավելին, քան իր նախորդները։ «Ուկրաինայից հետո հստակ պատկերացում կա, որ Եվրոպան շրջապատված է անկայունության օջախներով, դրանք կարող են պայթել ցանկացած պահի, այդ թվում՝ ղարաբաղյան հակամարտությունը, որն իր դեմքը ցույց տվեց ապրիլի սկզբին, հստակ պատկերացում կա, որ դրանք կարելի է վերահսկել՝ ամրապնդելով ԵԱՀԿ գործառույթները, որոնք էականորեն թուլացել են։ Այս ուղղությամբ, ինչպես ես վերջերս բազմիցս ասել եմ, էական աշխատանք է տանում Գերմանիան՝ իր բարձրաստիճան պաշտոնյաների՝ Շտայնմայերի և Մերկելի կողմից։ Գերմանիայի իշխանությունները ելքեր են փորձում գտնել և՛ ուկրաինական հակամարտության, և ՛ ղարաբաղյան հակամարտության շուրջ։ Շատ առաջարկներ կան սեղանին, բայց դրանք բոլորը քննարկման փուլում են։ Կարևոր է, որ այս հարցում միակամություն և անհանգստություն են ցուցաբերում ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, որոնք աջակցում են Գերմանիային այս հարցում»,- ասաց Հալբախը։

Նրա կանխատեսումներով՝ մինչև տարեվերջ մեզ համար տեսանելի կլինեն Գերմանիայի նախագահության աշխատանքի արդյունքները։ Նրա փոխանցմամբ, Գերմանիան, որը, ըստ էության, Ռուսաստանի և Արևմուտքի միջև կապող օղակ է, կարող է որոշակի դրական դերակատարություն ունենալ հակամարտությունների կարգավորման հարցում, քանի որ հեղինակություն ունի և՛ Ռուսաստանում, և՛ Արևմուտքում։ «Գերմանիայի քայլերը հակազդեցության չեն արժանանա ո՛չ Ռուսաստանից, ո՛չ Արևմուտքից, կարծում եմ՝ Գերմանիան կառուցողական կլինի, և կլինեն մեխանիզմների տեղակայման, նախագահական հանդիպումների հստակ առաջարկներ»,- ասաց նա։

Հարցին, թե Գերմանիան, որն ավելի լուրջ կապեր ունի թուրքալեզու երկրների հետ, հնարավո՞ր է՝ գնա հակահայկական գործարքների Ռուսաստանի և Ադրբեջանի հետ, Հալբախն արձագանքեց՝ ասելով, որ Գերմանիան գործելու է՝ որպես ԵԱՀԿ նախագահող երկիր։

Տեսանյութեր

Լրահոս